Ինչպես «Արարատ 73»-ը Հայաստան-Բուլղարիա խաղը նայեց հեռուստացույցով

Ինչպես «Արարատ 73»-ը Հայաստան-Բուլղարիա խաղը նայեց հեռուստացույցով

PanARMENIAN.Net - Չնայած Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այս անգամ էլ չկարողացավ հաղթահարել թիմային արգելքն ու հայտնվել Բրազիլիայում՝ Իտալիայի դեմ խաղում իրենց իսկ դաշտում ոչ-ոքի խաղաց, չեխերին հաղթեց՝ իրենց, բուլղարներին՝ մեր դաշտում, իսկ այն, ինչ արեց դանիացիների հետ ու էլի իրենց դաշտում, անգամ «հաղթել» բառը չի նկարագրում: Ազգն ու ակտիվ երկրպագուների բանակն այդպես էլ չներեցին Մալթային մերոնց պարտությունը, բայց շատ հպարտացանք, երբ խաղերի ավարտին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում հայտնվեցինք ռեկորդային՝ 38-րդ տեղում:

Բայց այս տարի ֆուտբոլասերները հպարտ լինելու մեկ այլ առիթ էլ ունեին, որը կապված չէր ոչ Բրազիլիայի, ոչ Եվրո-2016-ի, ոչ էլ Բորուսիայի հետ: Դա «Արարատ-73»-ի լեգենդար հաղթանակի 40-ամյակն էր, որին դեռ տարեսկզբից մեդիաներն անդրադառնում էին, իսկ մարդիկ էլ ավելի շատ հիշում այդ հոբելյանի մասին: Տպավորություն էր, որ այս ամենը գնալու-գնալու է, ու մի օր հավաքվելու ենք, օրինակ, Հրազդան մարզադաշտում, որտեղ լեգենդար «Արարատի» բոլոր խաղացողները դաշտ են դուրս գալու, ողջունելու հավատարիմ երկրպագուներին, ու, ենթադրենք, սիմվոլիկ 40 րոպե ֆուտբոլ խաղալու:

Դեռ սեպտեմբերի վերջին Ֆուտբոլի ֆեդերացիա դիմաց աֆիշ տեսա, որտեղ մեծատառերով գրված էր «Արարատ-73. Մեծարում»: Միանգամից զանգահարեցի՝ ճշտելու որտեղ ու ինչ է լինելու: Պարզվեց՝ ռեստորաններից մեկում նախագահն է ընդունելու, մրցանակներ է տալու, ուտել-խմելու, ուրախանալու են: Բայց այդ ամենը մեդիաների համար փակ է լինելու: Ու զարմացած «բա ուրիշ միջոցառում չի՞ լինելու»-իս սառը պատասխանեցին՝ «ինչի հերիք չի՞»…

Մեծարման երեկոն եղավ, մրցանակները հանձնվեցին, անցավ, հաջորդ օրը Հայաստան-Բուլղարիա խաղն էր: Նայում էի նախորդ օրվա լուսանկարներն ու հանկարծ տեսա, որ Իշտոյանն ու Բոնդարենկոն էլ են եկել ԱՄՆ-ից: Հասկանալով, որ հաջորդ անգամ Աստված գիտի՝ երբ նորից կգան, փորձեցինք գտնել, որ հարցազրույց անենք ու նկարենք: Ի զարմանս ինձ ոչ միայն գտանք, այլև համաձայնվեցին, չնայած երեկոյան հանդիպումն էր, կեսգիշերին էլ Իշտոյանն արդեն պիտի մեկներ Ամերիկա: Հանդիպեցինք, զրուցեցինք, նկարեցինք… Ու արդեն հրաժեշտի ժամանակ, երբ ասացի «լավ, երկար չզբաղեցնենք, երևի պիտի գնաք խաղին», Իշտոյանը հանկարծ կիսատխուր-կիսաջղայն ձայնով պատասխանեց «տո չէ, հա, չենք էլ գնա: Գիտե՞ս ինչ տոմսեր են տվել՝ վառոտների հետևը»… Զարմացա՝ «ոնց, նախագահի լոժայում չե՞ք նստելու»: Ինքն էլ մի քիչ զարմացավ, մի քիչ էլ բորբոքվեց. «չէ. դա մեզ պետք չի, կարող էինք չնայել էլ, բայց վա՞տ կլիներ, որ այնպես կազմակերպեին, որ խաղից առաջ, օրինակ, մեր թիմով դուրս գայինք, երկրպագուները ողջունեին, մենք էլ մի երկու բան ասեինք, տղաներին դուխ տայինք… Լավ, է… Հեսա, հյուրանոցում մի հեռուստացույց կգտնենք, կնայենք»:

Ու իրոք. ուզեին էլ ավելի լավ չէին համընկնի լեգենդների հոբելյանն ու Հայաստան-Բուլղարիա հանդիպման օրերը: Ի՞նչ վատ կլիներ, որ խաղից առաջ մարզադաշտում սովորականից մի քիչ ավելի բարձր հայտարարվեր «մինչ խաղը սկսելը մարզադաշտ ենք ուզում հրավիրել նրանց, ովքեր 40 տարի առաջ հայկական ֆուտբոլը մի քիչ ավելի լավը դարձրին: Դիմավորեք՝ «Ա-րա-րաաաատ73»: Ու թվարկեին բոլոր ներկաների անունները՝ Արկադի Անդրեասյան, Նորիկ Մեսրոպյան, Լևոն Իշտոյան, Սերգեյ Բոնդարենկո… Իրենք էլ հերթով դուրս գային, երկրպագուները կոկորդները ճղեին, թիմով կանգնեին, ողջունեին բոլորին, հետո մի երկու բան պատմեին իրենց կյանքից, մեր հավաքականին ոգևորեին ու գնային ինչ-որ պատվավոր տեղ նստեին, ոչ թե դարպասի հետևում…խաղավարտին էլ հավաքականն իր հաղթանակը նվիրեր «Արարատ»-ին: Դժվա՞ր էր նման բան կազմակերպել, թե անպայման Արմենչիկը խաղից առաջ պիտի երգեր, այդ ամենն էլ Շարմը կազմակերպեր ու տասնյակ-հարյուրավոր միլիոններ ծախսվեին, որ մի բան տեղի ունենար: Այս ամենի համար ծախս էլ պետք չէր: Կմտնեին, կհուզվեին, հիշողությունների արկղն էլ էլ ավելի ծանր կլիներ: Դրա փոխարեն սուս ու փուս ռեստորանում մեդալավորեցին, գնաց:

Կադրը փոխվում է՝ Իշտոյանը, Բոնդարենկոն ու մյուսները հյուրանոցում նստած հեռուստացույցի առջև, այն էլ՝ Երևանում, նայում են Հայաստան-Բուլղարիա հանդիպումը… Բայց այս ամենը հեչ՝ Նունեն ո՞նց ա, Նունեն:

Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---