The New York Times. Իրական իշխանությունը Վրաստանում կլինի հաջորդ վարչապետի ձեռքում, ոչ թե նախագահի

The New York Times. Իրական իշխանությունը Վրաստանում կլինի հաջորդ վարչապետի ձեռքում, ոչ թե նախագահի

PanARMENIAN.Net - Ըստ սահմանադրական ուղղումների, այսուհետ Վրաստանի քաղաքական իշխանության մեջ ավելի մեծ լիազորություններ կունենա ոչ թե նախագահը, այլ վարչապետը, պարզաբանում է The New York Times-ը: Սակայն ով կզբաղեցնի այդ պաշտոնը, դեռ պարզ չէ, քանի որ գործող վարչապետ Իվանիշվիլին մտադիր է առաջիկայում հրաժարական տալ ու փոխանցել լիազորություններն իր հետնորդին, նշում է լրագրող Դևիդ Մ. Հերշենհորնը:

Ըստ էքզիթ-փոլերի տվյալների, նախագահական ընտրություններում, հավանաբար, հաղթել է Գեորգի Մարգվելաշվիլին: «Անձամբ Իվանիշվիլիի ընտրած թեկնածուն նախկին փոխվարչապետն ու կրթության նախարարն է»,-այդպես է բնութագրում նրան թերթը:

Ո՞ւմ կառաջադրի Իվանիշվիլին իր հետնորդի դերում: Դա ավելի կարևոր հարց է, քան նախագահական ընտրությունների արդյունքները, գրում է թերթը: Խորհրդարանի կողմից ընտրվող վարչապետը կունենա լիարժեք գործադիր իշխանություն ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում: «Վրաստանի նախագահը մնում է պետության նախագահ և ԶՈւ հրամանատար, սակայն չի կարող օրինագիծ առաջարկել կամ պետբյուջեի նախագիծ»,-ասվում է հոդվածում:

Անդրադառնալով քաղաքական ուժերի դասավորությանը Վրաստանում՝ հեղինակը նշում է. նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին արտերկրում շատ են գովաբանել որպես ժողովրդավարության ջատագով: «Սակայն իր սեփական երկրում նրա հեղինակությունը գնալով թուլանում էր: Նրան մեղադրում էին ուժային կառույցների կողմից մարդու իրավունքների խախտման մեջ մի պետությունում, որը Վաշինգտոնը ներկայացնում է որպես ժողովրդավարության հենասյուն հետխորհրդային տարածքում»,-ասվում է հոդվծաում:

Սահակաշվիլին վերջին տարին անցկացրեց որպես ընդդիմադիր: «Եվ այնուամենայնիվ ընտրությունների արդյունքները ճանաչելու և երկու նախագահական ժամկետով սահմանափակվելու սահմանադրական պահանջը պահպանելու պատրաստակամությունը ապահովեցին խաղաղ ու ժողովրդավարական իշխանափոխություն, ինչը հազվադեպ երևույթ է հետխորհրդային տարածքում»,-գրում է Հերշենհորնը:

Վրաց ընտրողներից շատերը նշել են, որ քվեարկել են Մարգվելաշվիլիի օգտին, որը, հավանաբար, բարի մտադրություններ ունի, իսկ անհատականությունն այնքան վառ արտահայտված չէ, ինչպես Սահակաշվիլիի ու Իվանիշվիլիի դեպքում: «Նա նորմալ մարդ է»,-ասել է 75-ամյա թոշակառու վարորդը: Ուսուցչուհի Նանա Գամսելիձեն գովել է Մարգվելաշվիլիին կրթության նախարարությունում աշխատելու համար և ասել է, որ «նա երբեք չի մասնակցել քաղաքական խաղերին»:

80-ամյա թոշակառու երկրաբան Մերաբ Կոյվան, որ քվեարկել է Սահակաշվիլիի կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեի օգտին, գտնում է, որ Սահակաշվիլիի ավանդը Վրաստանի վերականգնումն է քաղաքական ու տնտեսական քաոսից հետո:

Իսկ ո՞վ կդառնա Իվանիշվիլիի հետնորդը: «Խոսակցություններում ամենից հաճախ հիշատակվում են Դավիթ Սերգեենկոյի (աշխատանքի, առողջապահության ու սոցիալական հարցերի նախարար) և Իրակլի Ղարիբաշվիլիի (ներքին գործերի նախարար) անունները,-գրում է թերթը՝ անվանելով Ղարիբաշվիլիին «Իվանիշվիլիի մերձակա դաշնակիցներից մեկը», հայտնում է Inopressa.ru-ն:

Ըստ Վրաստանի ԿԸՀ նախնական տվյալների, նախագահական ընտրություններում Գեորգի Մարգվելաշվիլիի օգտին քվեարկել է ընտրողների 61,9 տոկոսը, Դավիթ Բաքրաձեի օգտին՝ 21,8 տոկոսը, Նինո Բուրջանաձեի օգտին՝ 10,2 տոկոսը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---