2 նոյեմբերի 2013 - 16:02 AMT
Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ. 2014 թ. լույս կտեսնի հայկական ոսկերչության «մոռացված» նմուշների կատալոգը

Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան (Armenian Jewellers Foundation – AJF) Սանկտ Պետերբուրգի Ռուսական ազգագրական թանգարանի հետ համատեղ 2014 թվականին լույս կընծայի 20-րդ դարասկզբի հայ ոսկերիչների աշխատանքների կատալոգը: Ինչպես PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեց AJF հիմնադրամի ղեկավար, Կանադայի ոսկերիչների ասոցիացիայի նախագահ, NISHI PEARLS ընկերության հիմնադիր և տնօրեն Պիեռ Աքելյանը, կատալոգը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Թանգարանում պահվող և մինչ օրս հանրության համար անհայտ մնացող զարդերի պատմությունը սերտորեն կապված է հայ ժողովրդի բռնագաղթի հետ Օսմանյան կայսրության տարիներին: Թանգարանի ներկայացուցիչը, որը ռուսաստանաբնակ հրեա էր, 1916 թ., երբ ցեղասպանությունը դեռ շարունակվում էր, եղել է Արևմտյան Հայաստանի շրջաններում՝ Վանում, Վասպուրականում, որտեղ ռուսական զորքեր էին տեղակայված, և մեծ քանակությամբ հայերին պատկանող ոսկերչական իրեր ու զարդեր է ձեռք բերել:

Զարդերը բերվել են թանգարան, իսկ 1917 թ. հեղափոխությունից հետո հայտնվել են Ռուսական ազգագրական թանգարանի նկուղներում ու մոռացություն են մատնվել: Նախորդ տարի Հայաստանի կառավարությունը տեղեկություն ստանալով այդ արժեքների մասին, անհապաղ կապվեց Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի հետ: «Մենք անմիջապես արձագանքեցինք և կապվեցինք թանգարանի հետ, առավել ևո, որ տեղեկությունը հայտնի էր դարձել նաև թուրքական կողմին, որը մտադիր էր յուրացնել այդ հարստությունները»,-ասել է Պիեռ Աքելյանը՝ նշելով, որ զարդերի հայկական ծագումն ու պատկանելությունը կասկած չի հարուցում, քանի որ բոլոր գործերի վրա կան հայերեն տառերով գրություններ:

Թանգարանի տրամադրության տակ են մի քանի հարյուրի հասնող նմուշներ, պատրաստված ոսկուց ու արծաթից: Դրանց թվում կան զարդեր, հագուստի պարագաներ, օրինակ քամարներ, ինչպես նաև ծիսական իրեր: Կատալոգում ներկայացվելու համար կընտրվեն լավագույն նմուշները: Նախատեսվում է, որ կատալոգի տպաքանակը կհասնի 5000: «Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները, ներկայացնելու համար աշխարհին հայ ոսկերիչների գործերը»,-ասել է նա:

AJF-ն նաև պատմական փաստեր է հավաքում հայ ոսկերիչների մասին, որոնք դարեր շարունակ զարդեր են պատրաստել տարբեր դարաշրջաններում տարբեր երկրների տիրակալների ու ղեկավարների համար: Ոսկերչության ասպարեզում մեր ունեցած հարուստ պատմական ժառանգությունը հարկավոր է ամփոփել:

Հոկտեմբերի 28-30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Yerevan Show-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը, որի կազմակերպիչներից է նաև AJF-ն:

«Yerevan Show-2013»–ին մասնակցել են 125 ընկերություններ 23 երկրներից` Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից, ԱՄԷ–ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Թաիլանդից, Հոնկոնգից, Արգենտինայից, Չինաստանից, Հորդանանից, Իսրայելից, Հունաստանից և այլն:

«Yerevan Show-2013»–ին մասնակցել են համաշխարհային ոսկերչական ոլորտի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Համաշխարհային ոսկերչական համադաշնության (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին, Malca-Amit Global Limited աշխարհահռչակ ընկերության ղեկավար Նայջել Պաքսմանը և ուրիշներ։

Հայ ոսկերիչների ասոցիացիան (AJA) հիմնադրվել է 1997թ.–ին` ողջ աշխարհից հայ ոսկերիչների հավաքից հետո։ AJA–ն Հայաստանի զարգացման և միջազգային առևտրային ասոցիացիաներից մեկն է։ AJA–ի նպատակն է համախմբել հայ ոսկերիչներին, որպեսզի զարգացնի երկրի ոսկերչական արդյունաբերությունը։ Ասոցիացիան տարածաշրջանային ներկայացուցիչներ ունի ԱՄՆ–ի արևմտյան և արևելյան ափերին, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հայաստանում։

Photo: www.jewellerybusiness.com