Ալբանիան հրաժարվում է ընդունել Սիրիայի քիմզենքը

Ալբանիան հրաժարվում է ընդունել Սիրիայի քիմզենքը

PanARMENIAN.Net - Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ իր երկիրը չի ընդունի Սիրիայի քիմիական զենքն իր տարածքում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ալբանիան չի կարող մասնակցել այդ գործողությանը»,-ասել է Ռաման իր հեռուստաուղերձում:

Նոյեմբերի սկզբին ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց, որ Դամասկոսի կուտակած արսենալները կարող են ոչնչացվել Ալբանիայում: Ալբանիայի ընդդիմադիր ժողովրդավարական կուսակցությունը հարցում է ուղարել երկրի խորհրդարանին սիրիական քիմզենքի ոչնչացման վերաբերյալ Ալբանիայի տարածքում: Բացի այդ, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:

Ավելի ուշ Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհուրդը հաստատել է սիրիական քիմարսենալների ոչնչացման ծրագիրը, որի համաձայն բոլոր նյութերը քիմիական զենքի պատրաստման համար, իզոպրոպանից բացի, կտարհանվեն Սիրիայից մինչև 2014 թվականի փետրվարի 5-ը, իսկ առավել վտանգավորները՝ մինչև տարեվերջ, ասվում է ՔԶԱԿ հայտարարության մեջ:

«Ծրագրով նախատեսվում է դուրս բերել Սիրիայից ամբողջ հայտարարագրված զենքն, իզոպրոպանոլի բացառությամբ, ոչ ուշ, քան 2014 թվականի փետրվարի 5-ին, առավել վտանգավոր քիմիական նյութերը դուրս կբերվեն 2013 թվականի դեկտեմբերի 31-ին»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ: ՔԶԱԿ-ը հստակեցնում է, որ Սիրիայում ոչնչացվել է չլիցքավորված զինամթերքի շուրջ 60 տոկոսը: Ամբողջ չլիցքավորված զինամթերքը պետք է ոչնչացվի ոչ ուշ, քան 2014 թվականի 31-ին:

Քիմիական արսենալների հետ կապված օբյեկտները հետևողականորեն ոչնչացվում են 2013 թ. մարտի 15-ից մինչև 2014 մարտի 15-ը: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ քիմիական զենքը ոչնչացվելու է Սիրիայի սահմաններից դուրս:

ՔԶԱԿ- հաղորդագրության մեջ չի նշվում այն երկիրը, որի տարածքում ոչնչացվելու է զենքը: Նշվում է, որ կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն կներկայացնի քիմիական արսենալների հատուկ ծրագիր, սակայն ժամկետը չի հստակեցվել:

Նորվեգական ԱԳՆ ղեկավար Բորգե Բրենդեն հայտարարել է, որ Նորվեգիան իր նավերը կգործուղի Սիրիա, օգնելու համար դուրս բերել այդ երկրի ոչնչացման համար նախատեսված քիմիական զենքը:.

Դամասկոսը 1,3 հազար տոննա քիմիական զենք ու բաղադրիչներ է հայտարարագրել, ինչպես նաև 1,2 հազար չլիցքավորված զինամթերք: Բացի այդ, Սիրիան տեղեկություն է տրամադրել 41 շինությունների մասին, որոնք գտնվում են 23 օբյեկտներում և կարող են օգտագործվել քիմիական զենքի պատրաստման համար: Նոյեմբերի սկզբին ՔԶԱԿ-ը հայտարարեց գործողության առաջին փուլի ավարտի մասին:

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---