Իրանը կարող է ավելացնել գազի մատակարարումն ու իր միջոցներով կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու իր հատվածը

Իրանը կարող է ավելացնել գազի մատակարարումն ու իր միջոցներով կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու իր հատվածը

PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին Երևանում կայացած մամլո ասուլիսում հասկացրել է, որ իր երկիրը կարող է ավելացնել Հայաստան առաքվող գազի ծավալները, եթե ՀՀ իշխանությունները նման ցանկություն հայտնեն: Այժմ Հայաստանը գազ է ստանում Իրանից՝ փոխարենն այդ երկրին տրամադրելով Երևանի ՋԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիան: Իրանից եկող գազը շուկա դուրս չի գալիս լայն սպառման համար:

«Իրանը կարող է ապահովել գազի առաքման ծավալները Հայաստանի համար, դա պետք է պայմանավորված լինի երկու երկրների միջև համաձայնությամբ, դրա համար հարկավոր է, որ ստեղծվեն ենթակառուցվածքներ: Դա կախված է Հայաստանի իշխանություններից»,-ասել է դեսպանը:

Կես տարի առաջ Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, պատասխանելով այն դիտողությանը, թե ինչու Հայաստանը ռուսական գազը չի փոխարինում իրանականով, ասել էր, որ Իրանի գազն ավելի թանկ արժեք ունի: Այս կապակցությամբ Իրանի դեսպանն ասաց, որ Իրանի գազն արտահանվում է միջազգային գներով՝ չնշելով, թե որն է այդ գինը:

Դեսպան Ռեիսին նաև հայտարարեց, որ մտահոգված չէ այն հանգամանքով, որ Հայաստանը Ռուսաստանին է փոխանցում «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը:

Ըստ դեսպանի, նրանք ողջունում են Իրանի երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների ընդլայնումը, և մտահոգված չեն Հայաստանի գործողություններով, որը Ռուսաստանին է փոխանցել իր ողջ էներգետիկ հատվածը:

«Իրանը պատրաստ է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ էներգետիկ ոլորտում: Դա չի հակասում Հայաստան-Ռուսաստան համագործակցությանը: Մենք մտահոգված չենք դրանով, մենք էլեկտրաէներգիայի կարիք չունենք, մենք արտահանող ենք այդ ոլորտում, միևնույն ժամանակ Հայաստանի էներգետիկ ոլորտի փոխանցումը Ռուսաստանին ոչ մի կերպ չի անդրադառնա Հայաստանի հետ մեր հարաբերությունների վրա»,-ասել է դեսպանը:

Նա նաև անդրադարձել է Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի աշխատանքներին, նշելով, որ դրանք կվերսկսվեն ֆինանսաբանկային հարցերը լուծելուց անմիջապես հետո, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը, դեսպանն Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ժամկետների մասին հարցին պատասխանել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը Հայաստանի իշխանություններին հայտնել է, որ պատրաստ է կառուցել Ջուլֆա-Մեղրի սահմանային կետի իրենց հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը ֆինանսական միջոցներ կհայթայթի իր մասի համար:

«Եթե կգտնվեն ներդրողներ և հնարավոր լինի կառուցել երկաթգիծը Հայաստանի տարածքում, որն էլ այնուհետև կմիանա Վրաստանին ու Ռուսաստանին, մենք պատրաստ ենք մեր պետական բյուջեի միջոցներով այդ հատվածը կառուցել: Մենք պատրաստ ենք աջակցել նաև մեր փորձի փոխանակմամբ, քանի որ Իրանն ունի ինժեներատեխնիկական լայն հնարավորություններ և մեծ փորձ երկաթգծերի կառուցման ոլորտում», - ասել է դեսպանը:

Դեսպանի խոսքերով` Իրանի միջուկային ծրագրերի շուրջ համաձայնության ձեռքբերումը և կայունության հաստատումը կայունության կբերի նաև ողջ Մերձավոր Արևելքին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---