ԵԱՀԿ ԱԳՆԽ Կիևում. Մոսկվան ու Վաշինգտոնը ղարաբաղյան կարգավորման մասին

ԵԱՀԿ ԱԳՆԽ Կիևում. Մոսկվան ու Վաշինգտոնը ղարաբաղյան կարգավորման մասին

PanARMENIAN.Net - Հակամարտության կանխարգելման ու ճգնաժամային կառավարման հիմնարար սկզբունքների մշակումը հնարավոր ներդրում կլիներ այդ ուղղությամբ ձեռնարկվող ջանքերում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում: «ԵԱՀԿ տարածքում քիչ չեն տարածաշրջանային խնդիրները,-նշել է ռուս նախարարը:-Ամենակարծրացածները Հյուսիսային Իռլանդիայինն ու Կիպրոսինն են, որոնք արդեն տասնամյակներ են ձգվում: Լարված է մնում իրավիճակը Կոսովոյում, ինչը հաստատեցին տեղական մարմինների վերջին ընտրությունները»: «Մենք հավանություն ենք տալիս մերձդնեստրյան կարգավորման շուրջ բանակցություններին 5+2 ձևաչափով»,-հիշեցրել է Լավրովը: «ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ հետ, մենք շարունակում են աջակցել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը ղարաբաղյան հակամարտության հարցում»,-ասել է նա:

«Կարևոր կայունացնող քայլ են մնում Ժնևի բանավեճերն Անդրկովկասում կայունության ու անվտանգության շուրջ»,-ասել է նա: Լավրովը ուշադրություն է հրավիրել 2009թ. ռուսական նախաձեռնության վրա ԵԱՀԿ հետ հակամարտության կանխարգելման ու ճգնաժամային կառավարման հիմնարար սկզբունքներ մշակելու մասին: «Դա կարևոր ավանդ կլիներ այդ ուղղությամբ: Մեր փաստաթուղթը մնում է բանակցությունների սեղանին»,-գրել է նախարարը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը մեկնաբանել է նաև ԵԱՀԿ ջանքերն, ուղղված Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպմանը: ԵԱՀԿ ԱԳՆԽ-ում իր ելույթի ժամանակ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է սատարեն վերսկսված երկխոսությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:

Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ նախագահների երկխոսությունը հույս է ներշնչում, որ կայուն խաղաղություն կհաստատվի:

Նա գտնում է, որ «այդ հակամարտության մեջ ներքաշված երկրների բնակիչները չափազանց երկար են սպասում խաղաղության ու կայունության վերականգնմանը տարածաշրջանում», հայտնում է Aze.az-ը:

Դեկտեմբերի 4-ին Կիևում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն արտգործնախարարներին են միացել առանձնազրույցից հետո, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման համատեքստում համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ:

Նախարարներն և համանախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: Համանախագահները հայտնել են այդ նպատակով առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը։

ԱԳ նախարարները՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի կարևորությունը, շնորհակալություն են հայտնել նրանց խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի համար:

Ավելի ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, թե նախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են արդեն ձեռք բերվածի հիման վրա շարունակել համատեղ աշխատանքը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և խաղաղ կարգավորմանը:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, վերջերս, բարձր մակարդակով երկխոսության վերսկսումն և հույս հայտնել, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ կարգավորմանը: Նրանք կոչ են արել կողմերին դիտարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել 2014 թվականի սկզբին` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունները նախապատրաստելու համար:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը, առանձնազրույցը: Ավելի ուշ նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հաջորդ քայլ համանախագահները կազմակերպում են նախարարների աշխատանքային հանդիպումներ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում` դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել մինչև տարեվերջ:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---