ՄՄ անդամներն որոշել են միասնական տրանսպորտային քաղաքականություն մշակել

ՄՄ անդամներն որոշել են միասնական տրանսպորտային քաղաքականություն մշակել

PanARMENIAN.Net - Մաքսային միության անդամները՝ Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը ձևավորում են միասնական տրանսպորտային քաղաքականություն, գրում է Kazakhstan Today-ը: Նախօրեին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի գծով կոլեգիայի անդամ Դանիալ Ահմետովի նախագահությամբ ՄՄ ու ՄՏՏ անդամ պետությունների տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունն էր, տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մամուլի ծառայությունը:

Քննարկման հիմնական հարց է դարձել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի «Տրանսպորտ» բաժինը, առաջին հերթին այն ուղղություններով, որտեղ չի ձևավորվել կողմերի ընդհանուր դիրքորոշումը:

«Այդպես, մեզ դեռ չի հաջողվել համաձայնեցնել կողմերի դիրքորոշումները միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատականացման ուղղությունների ու ժամկետների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ մերձեցումը կողմերի համար այդ զգայուն հարցի շուրջ արդեն սկսվել է և վստահ եմ, որ առաջիկայում կգանք տրանսպորտի հետագա զարգացման ընդհանուր ընկալմանը»,- ասել է Դանիալ Ահմետովը:

Կատարելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշումն այն սահմանափակումների փուլային վերացման ժամկետների համաձայնեցման մասին, որոնք ազդում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի վրա, խորհրդակցության մասնակիցները քննարկել են տրանսպորտի ոլորտում խոչընդոտների վերացման միջոցառումների ծրագիրը: Նախարարները կարևորել են դրա կատարման մշտադիտարկման անհրաժեշտությունը:

Օրակարգի ևս մեկ հարց էր Միասնական եվրասիական երկնքի ձևավորման ճանապարհային քարտեզի նախագիծը: Խորհրդակցության մասնակիցները համակարծիք էին, որ հիմնական մոտեցումների մանրամասնման, մեխանիզմների մշակման ու ձևավորման փուլերի համար անհրաժեշտ է լուրջ գիտական հետազոտություն: Արդյունքները Ճանապարհային քարտեզի հետ միասին թույլ կտան մշակել որակյալ ծրագրային փաստաթուղթ:

Դանիալ Ահմետովը մանրամասնել է, թե միասնական տրանսպորտային քաղաքականությունը ներառելու է տրանսպորտային ծառայությունների շուկան, տրանսպորտի բոլոր տեսակների միասնական քաղաքականությունը, միջազգային լոգիստիկ կենտրոնների ստեղծումը: Նախատեսվում է նաև ստեղծել միասնական տրանսպորտային քաղաքականության ընդհանուր գիտական ու կադրային ուղեցույց:

Միասնական տրանսպորտային քաղաքականության մասին փաստաթղթի ընդունումը ՄՄ շրջանակում ակնկալվում է մոտ ապագայում, ասել է Ահմետովը:

Նախարարը նշել է, որ խորհրդակցությանը Բելառուսի, ՌԴ և Ղազախստանի տրանսպորտների նախարարներից բացի մասնակցել են նաև Ղրղզստանի և Հայաստանի տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարները: Ըստ նրա, դա թույլ կտա ՄՄ-ին անդամակցելու մտադրություն ունեցող պետություններին արդեն այժմ մասնակցել տարաբեր հարցերի լուծմանը, այդ թվում նաև տրանսպորտի ոլորտում:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Նոյեմբերի 6-ին Երևանում ստորագրվեց «Հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության միջև գործակցության խորացման մասին» հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:. Դեկտեմբերի 24-ին նախատեսվում է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին «ճանապարհային քարտեզի» ընդունումը:

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---