Հայ փորձագետը Դավութօղլուի այցը Երևան շոու է համարում

Հայ փորձագետը Դավութօղլուի այցը Երևան շոու է համարում

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարի այցը Երևան շոու է: Ըստ թուրքագետ Արտակ Շաքարյանի՝այս քայլով Թուրքիան ցանկանում է աշխարհին ցույց տալ իր «հանդուրժողականությունը»: Ինչպես նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը, աշխարհում կքննարկվի, որ Դավութօղլուն ընդունել է հրավերն ու այցելել Հայաստան, և բնավ կարևոր չէ, թե ինչ հանդիպումներ կլինեն Երևանում:

«Եթե նույնիսկ որևէ հանդիպում չլինի, ապա Դավութօղլուն կհայտարարի, որ եղել է գաղտնի հանդիպում»,- նշել է Արտակ Շաքարյանն ու առաջարկել Դավութօղլու-Նալբանդյան հանդիպումը հեռարձակել ուղիղ եթերով՝ չարաշահումների տեղիք չտալու համար, գրում է Aysor.am-ը:

Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կայցելի Երևան` Սևծովյան տնտեսական գործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստին մասնակցելու նպատակով:

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը անուղղակի կերպով հաստատել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հրավիրված են Երևան նիստին մասնակցելու համար: Ըստ նրա, հրավեր է ուղարկվել ՍԾՏՀ անդամ բոլոր երկրների ԱԳ նախարարներին:

Ավելի վաղ թուրքական «Սաբահը»՝ հայտնելով Երևանի հետ հարաբերություններ հաստատելու Անկարայի որոշ «սենսացիոն» ծրագրերի մասին, գրել էր, որ «Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերը որոշ կրեատիվ մտքերի ու գաղափարների մասին, որոնք Թուրքիան կցանկանար իրագործել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, նոր իմաստ են ստանում»: «Դավութօղլուի ԱՄՆ այցի ավարտին, ինչպես նաև Պուտինի ու Օբամայի հետ Էրդողանի քննարկումներից հետո, պաշտոնական Անկարան պատրաստել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզը»:

Թերթը գրում էր, որ պաշտոնական Երևանն արդեն բառացի խոստացել է Ադրբեջանին հանձնել երկու ազատագրված շրջան, սակայն Անկարան պահանջել է Երևանից պաշտոնապես հայտարարել այդ մասին: «Եթե Հայաստանի ղեկավարությունը նման հայտարարություն հնչեցնի, Ա.Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կայցելի Երևան՝ ՍԾՏՀ միջոցառմանը»,- գրում է թերթը: Բայց սա դեռ բավական չէ: Պարզվում է, «եթե հայկական զորքերն առաջին փուլում ազատեն ԼՂՀ մերձակա 7 շրջաններից 2-ը, փոխարենը կկարգավորվեն Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»: Թուրքական պարբերականը չի նշում, թե ինչ նկատի ունի «կարգավորում» ասելով:

Ավելի վաղ Today’s Zaman-ը, դիվանագիտական աղբյուրներին հղումով հայտնել էր, որ Թուրքիան դիմել է աջակցության համար Շվեյցարիային, որը, ըստ Անկարայի, պետք է օգնի հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրանով իսկ ճանապարհ հարթելով Անկարայի ու Երևանի հարաբերությունների վերականգնման համար: Շվեյցարիա այցելության ժամանակ հոկտեմբերի կեսին Դավութօղլուն տեղի պաշտոնյաներին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները:

Թուրք նախարարը հասկացրել էր, որ Երևանը «պետք է սկզբից ազատի գրավյալ տարածքները», այսինքն իրականում մեր ազատագրված տարածքները: Ըստ Դավութօղլուի, եթե Շվեյցարիային հաջողվի համոզել Երևանին տարածքները փոխանցել Ադրբեջանին, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը: Ըստ պարբերականի, շվեյցարացի պաշտոնյաները դրական են արձագանքել Դավութօղլուի առաջարկին: Ըստ աղբյուրների թուրքական ԱԳՆ-ում, Թուրքիան մասնավորապես, մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ մինչև 2015 թվականը, այսինքն մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Թերթը մեջբերում է նաև ոմն «բարձրաստիճան թուրք պաշտոնյայի» մեկնաբանությունը, ըստ որի «Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հարևան շրջանների պատճառով»: Ըստ աղբյուրի, Ադրբեջանը հայտարարել է, թե չի առարկի Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացման դեմ, եթե Երևանն «ազատի» 7 մերձակա շրջաններից առնվազն 5-ը: «Երևանը նույնպես հայտարարել է, թե պատրաստ է հեռանալ հինգ շրջաններից»,-ամփոփում է թերթը:

Ի պատասխան այս ամենի Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր. «Շինծու աղբյուրների հիմար տեղեկությունները մեկնաբանությունների կարիք չունեն»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---