22 տարի առաջ ԼՂՀ անկախության մասին հանրաքվեն էր

22 տարի առաջ ԼՂՀ անկախության մասին հանրաքվեն էր

PanARMENIAN.Net - 1991-ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունումպետական անկախության մասին հանրաքվեն էր: ԼՂՀ-ում էր անկախ դիտորդների խումբը, որը հետևում էր հանրաքվեի ընթացքին:

Դիտորդներն աշխատում էին Ստեփանակերտում, Ասկերանի, Հադրութի, Մարդակերտի, Մարտունու ու Շահումյանի շրջաններում: Նրանք այցելեցին մոտ 30 ընտրատեղամաս, ներկա գտնվեցին ձայների հաշվարկին: Անկախ դիտորդները արձանագրեցին.

Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը և արդյունքների ամփոփում իրականացվել են «ԼՂՀ հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգին» համապատասխան: ԼՂՀ տարածքում կազմվել է 81 ընտրատարածք: Դրանց ցուցակն և տարածքային ընտրական հանձնաժողովների հասցեները հրապարակվել են «Խորհրդային Ղարաբաղ» թերթում: Ընտրողների ցուցակներում ընդգրկված էին ձայնի իրավունք ունեցող 132.328 մարդ:

Հանրաքվեի հարցն էր. «Համաձա՞յն եք արդյոք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ով ինքնուրույն կորոշի գործակցության ձևերն այլ պետությունների և միությունների հետ»:

Երեք` հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով քվեաթերթիկներին նշված էին «այո» կամ «ոչ» բառերը: Նշված լեզուներից մեկով գրված քվեաթերթիկը (ըստ ընտրողի ցանկության) տրվել էր անձնագրի ներկայացմամբ և ստորագրությամբ:

Դիտորդների կողմից քվեարկության արարողակարգի, քվեաթերթիկների տրման, ձևակերպման, ձայների հաշվառման խախտումներ չէին հայտնաբերվել: Դիտորդները անհրաժեշտ էին համարել նշել, որ հանրաքվեն անցկացվել է ԼՂՀ դեմ զինված ագրեսիայի պայմաններում, ինչն արտահայտվում է Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի անդադար հրետակոծություններով, տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառյալ հրթիռներն ու հրետանին: Քվեարկության օրը հրետակոծումներից զոհվել էր 10, վիրավորվել` 11 հայ: Ստեփանակերտի կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերում էր նկուղներում, փակ էին մսուր-մանկապարտեզները, դպրոցները:

Հանրաքվեին մասնակցել էր 108.736 մարդ, ինչը գրանցված ընտրողների թվի 82,2 տոկոսն էր: Քվեարկությանը չմասնակցածող գերակշիռ մեծամասնությունն ադրբեջանական բնակավայրերի բնակիչներ էին: Մասնակիցների ճնշող մեծամասնությունը` 99,89%-ը, կողմ էր արտահայտվել ԼՂՀ անկախությանը: Հանրաքվեին դրված հարցին դեմ էր արտահայտվել 24 ընտրող, անվավեր ճանաչվել 95 քվեաթերթիկ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման ժամանակավոր կանոնակարգի» համաձայն, հանրաքվեի առաջադրած որոշումը կհամարվեր ընդունված, եթե քվեարկությանը մասնակցեր ցուցակներում նշված անձանց կեսից ավելին, հանրաքվեի արդյունքներով որոշմանը հավանություն էր տվել քվեարկության մասնակիցների առնվազն 2/3-ը: Ելնելով քվեարկության արդյունքներից և նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և միջազգային ակտերի դրույթները, անկախ դիտորդները հայտարարեցին. ԼՂՀ բնակչությունը ձայների ճնշող մեծամասնությամբ արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օգտին:

Անկախ դիտորդներն աշխատել էին ԱՄՆ, Բուլղարիայի և Ռուսաստանի հեռուստատեսությունների, Ֆրանս-պրես, Կոտիդիեն դե Պարի (Ֆրանսիա), Մեծ Բրիտանիայի ֆոտոգործակալության, Իսպանիայի տեղեկատվական գործակալության, «Մեգապոլիս էքսպրեսի», «Իզվեստիայի», «Մոսկովսկիե նովոստիի», «Լիտերատուրնայա գազետայի», «Ստոլիցայի», «Պանորամայի», «Ռադիո Ռոսիայի», «Էխո Մոսկվիի» լրագրողների ներկայությամբ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---