Պատգամավոր. Դավութօղլուի Երևան այցը նախապատրաստված շոու էր

Պատգամավոր. Դավութօղլուի Երևան այցը նախապատրաստված շոու էր

PanARMENIAN.Net - Դավութօղլուի այցն Երևան լավ նախապատրաստված շոու էր, հայտարարել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա, թուրք նախարարը ցանկանում էր ցույց տալ, որ երկու ազգերի վերաբերմունքի մեջ հավասարություն կա: «Եթե Թուրքիան իսկապեսցանկանում է դառնալ քաղաքակիրթ երկիր, պետք է ճշմարտությանը նայի առանց կեղծ և շեղող ակնոցների»,- ասել է նա:

Իր հերթին ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանն այն համոզմանն է, որ Դավութօղլուի այցը հայաստանյան այսօրվա քաղաքական դաշտը շոշափելու «ինդիկատոր» էր:

«Թուրքիան լուրջ խնդիր ունի. մի կողմից ցանկանում է ցույց տալ, թե դեմոկրատ պետություն է և զրո խնդիր ունի հարևանների հետ, սակայն չկա մի հարևան, որի հետ Թուրքիան խնդիր չունենա»,- ասել է Ախոյանը:

Ախոյանը հայտարարել է նաև, որ եթե թուրքերը ցանկանում են սրբագրել իրենց պատմությունը, ապա պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը. «Միջազգային իրավունքի սահմաններում պետք է դատական գործընթաց սկսել՝ արխիվներում պահած փաստաթղթերը փռելով սեղաններին»,- պատգամավորի խոսքերն է մեջբերում Aysor.am-ը:

«Հայերի բռնագաղթը 1915 թվականին անմարդկային քայլ էր և Թուրքիան երբեք չի սատարել այդ քաղաքականությանը»,-Երևանում թուրք լրագրողներին է հայտարարել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Թուրք նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների հավաքական գիտակցությունը կարող է հիմնվել «ուղղակի հիշողության» վրա: «Ասելով «ուղղակի հիշողություն», ես նկատի ունեմ, որ մենք պետք է ուսումնասիրենք փաստերը և կհասկանանք, որ հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի ընդհանուր բան չունեն գերմանա-հրեական հարաբերությունների հետ: Երբ դուք կգիտակցեք դա, կհասկանաք, որ բռնագաղթը, ես վստահ եմ, բացարձակապես սխալ ու անմարդկային քայլ էր»,-ասել է Դավութօղլուն թուրք լրագրողներին, գրում է The Hürriyet Daily News-ը:

«Սակայն, երբ դուք գրում եք այդ բռնագաղթի պատմության մասին, պետք է նկատի ունենաք, որ թուրքական կողմի հավաքական գիտակցության մեջ արմատացել է այն ընկալումը, որ հայերը դավաճանել են իրենց ազգին և արժանի էին բռնագաղթի: Պատմական փաստերի ցանկացած սխալ ընկալում ինչպես հայկական, այնպես էլ թուրքական կողմից, պետք է ոչնչացվի: Մենք, ի տարբերություն հայերի, կարողացանք դա անել 2005 թվականին»,-ասել է թուրք նախարարը՝ հավելելով. «Մեր գլխավոր նպատակն է ոչ միայն բացել հայ-թուրքական սահմանը, այլ ձևավորել այն հիմքը, որ ճանապարհ կհարթի համապարփակ խաղաղության համար: Այն հիմնված է երեք սյուների վրա: Առաջրնը՝ հարաբերություններն են Թուրքիայի ու Հայաստանի միջև: Երկրորդը՝ հայ-ադրբեջանական ու վրաց-աբխազական հարաբերություններն են: Եվ երրորդը՝ հարաբերություններն անմիջապես թուրքերի ու հայերի միջև: Եթե սյուներից մեկը վնասված է, դա բերում է ողբերգության: Ենթադրենք, մենք բացեցինք սահմանը Հայաստանի հետ: Բայց եթե նորից պատերազմ սկսվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, մենք ստիպված կլինենք կրկին այն փակել: Բարդագույն բան կլինի ստատուս քվոյի այսբերգը հալեցնելը: Դուք կարող եք նույնիսկ պատերազմ հրահրել՝ փորձելով այն հալեցնել»,-հայտարարել է Դավութօղլուն:

Ըստ նրա, թուրքական կողմը բանակցել է հայկական սփյուռքի հետ, սակայն առանց հրապարակելու այդ փաստը: «Նախկինում հայկական Սփյուռքի հետ բանակցություններն ընկալվում էին որպես սպառնալիք կամ հետախուզության գործողություններ: Դիվանագետները մտածում էին, թե ինչ են անելու, եթե այդ բանակցությունները ձայնագրվել են: Սակայն այժմ դա դարձել է նրանց պարտականությունը: Արտերկիր իմ այցերի ժամանակ ես հանդիպում եմ հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Մենք չենք անում դա ցուցադրաբար, քանի որ ծայրահեղականորեն տրամադրված հայերը կարող են խնդիրներ առաջացնել: Մենք հասկանում ենք, որ առանց կապեր հաստատելու Սփյուռքի հետ, որը ճնշում է գործադրում Հայաստանի հանդեպ, հարցը դուրս չի գա փակուղուց»,-հայտարարել է Դավութօղլուն:

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը՝ Ահմեդ Դավութօղլուն նշեց. «Մենք շատ գոհ ենք Նալբանդյանի հետ հանդիպումից: Այն անկեղծ էր: Հանդիպման հիմնական նպատակն էր երկխոսության մթնոլորտի ձևավորումը ամուր հիմքի վրա»:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նաև հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանին պահանջներ չի ներկայացրել Ադրբեջանին երկու շրջան հետ տալու վերաբերյալ։ «Վերոնշյալ հարցի հետ կապված բոլոր լուրերը լրագրողների ձեռքի գործն են։ Ամբողջ այդ տեղեկությունը հիմնված է այդ ուղղությամբ նախկին պլանների վրա»,- նշել է Դավութօղլուն։ Նա նաև ասել է, որ նման տեղեկությունները հաճախակի սպեկուլյատիվ բնույթի են։

Թուրքիայի ԱԳ նախարարն Երևան էր այցելե ՍԾՏՀ նիստին մասնակցելու նպատակով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---