Ինչպե՞ս են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արձագանքել հայ զինվորի սպանությանը

Ինչպե՞ս են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արձագանքել հայ զինվորի սպանությանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Բաքու այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորն (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այսօր Երևանում են: Նրանք հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Հայաստանի ղեկավարին համանախագահները ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների արդյունքները, ինչպես նաև քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում նախագահական և նախարարական մակարդակներով հետագա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցեր, տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Բաքու այցի ընթացքում համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Բաքվում հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Վիենայում նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ու Կիևում դեկտեմբերի 4-ին երկու արտգործնախարարների բանակցությունների համատեքստում շարունակվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ քննարկումը:

Հայաստանի արտգործնախարարը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Տավուշի սահմանային գոտում ադրբեջանական կողմից արձակած կրակի հետևանքով դեկտեմբերի 14-ին հայ զինծառայողի մահվան վրա: Նախարարն ընդգծել է, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ, այլև քաղաքացիաներ, գնդակոծվում են քաղաքացիական օբյեկտներ, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Զինծառայողի մահվան վերաբերյալ համանախագահների արձագանքի մասին հաղորդագրությունում ոչ մի խոսք չկար: Բայց դժվար թե արժե սպասել, որ այս անգամ համանախագահները կդավաճանեն լռություն պահպանելու իրենց սկզբունքին, ինչը յուղ է լցնում ադրբեջանական ագրեսիայի կրակին, ու տարբերվելու համար գոնե խոսքերով կդատապարտեն Բաքվին հայ զինվորին սպանելու համար:

Հանդիպմանն անդրադարձել են նաև հաջորդ տարեսկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությանը:

Դեկտեմբերի 14-ին Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում ադրբեջանական կողմի գնդակոծության արդյունքում զոհվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Պողոսյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նոյեմբերի 5-ից այս կողմ հայկական կողմը ոչ մի կրակոց չի արձակել:

Ըստ ՊՆ հաղորդագրության, այս միջադեպը «հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես` Համանախագահների Բաքվում գտնվելու ժամանակ:

Այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ»,- ասված էր նախարարության հայտարարությունում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---