ԵԱՀԿ ՄԽ. Որոշակի փուլում Արցախը պետք է վերադառնա ղարաբաղյան գործընթաց

ԵԱՀԿ ՄԽ. Որոշակի փուլում Արցախը պետք է վերադառնա ղարաբաղյան գործընթաց

PanARMENIAN.Net - Որոշակի փուլում Արցախը պետք է վերադառնա ղարաբաղյան գործընթաց, Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ու արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Նա ընդգծել է, որ իրենց այցելությունները Լեռնային Ղարաբաղ, հանդիպումները Բակո Սահակյանի հետ նշանակում են Ղարաբաղի ընդգրկումն ընթացող քննարկումներում՝ այն էական հարցերի վերաբերյալ, որոնք շոշափվում են կողմերի միջև հանդիպմանը:

«Որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա այդ գործընթաց, որովհետև, վերջիվերջո, որոշվում է այն մարդկանց ճակատագիրը, ովքեր այստեղ ապրում են: Ենթադրում ենք, որ հիմնարար սկզբունքների վրա աշխատանքների ավարտից հետո, երբ հասկանալի կլինի, թե ինչպես առաջ շարժվել, հնարավոր կլինի քննարկել բանակցություններին վերադառնալու հարցը», - պատասխանելով բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության վերաբերյալ հարցին նշել է ռուսաստանցի համանախագահը, գրում է «Ազատություն ռադիոկայանը»:

Պոպովն անդրադարձել է նաև շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին ու հրադադարը պահպանելու ապարդյուն կոչերին՝ նշելով, թե այդ հարցը նույնպես քննարկում են, բայց, նրա խոսքով, ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչպես կուզեին: «Շարունակում են մարդիկ զոհվել: Չնայած զոհերը բավականին քչացել են, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր զոհ մեծ կորուստ ու ցավ է», - ընդգծել է նա:

Ինչպես տեղեկացրել է Պոպովը, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, նախատեսում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունում շարունակել շփման գծում տիրող իրավիճակի մասին քննարկումներն ու քայլերը, որոնք կարող են կայունացնել այն:

Ադրբեջան այցելությանն ամերիկացի համանախագահի արած հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր ներգրավմանը, Ջեյմս Ուորլիքն ասել էր, թե վերջինիս դերակատարության հարցն իր իրավասության շրջանակում չէ, բայց դրա հետ մեկտեղ նա չի բացառում, որ ինչ-որ մի պահի Թուրքիան կարող է որոշակի դերակատարություն ստանձնել, ամերիկացի դիվանագետը մեկնաբանել է. «Չեմ կարող Թուրքիայի անունից խոսել, պարզապես հույս ունեմ, որ եթե այդ երկիրը ցանկանա ինչ-որ դերակատարություն ունենալ, ապա այն պետք է լինի դրական բոլորի համար՝ տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման նպատակով»:

Հիշեցմանը, թե Թուրքիան մինչև հիմա էլ հստակ մեկի կողմնակիցն է, ուստի ի՞նչ փոփոխություններ են ակնկալում պաշտոնական Անկարայից, Ուորլիքը հավաստիացրել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները խմբի շրջանակում անելու են ամենը, որպեսզի կարգավորումը լինի համապարփակ և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվի: Ամերիկացի համանախագահն ընդգծել է նաև, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ հայ-թուրքական հարաբերություններն որևէ կապ չունեն»:

Դեկտեմբերի 17-ին Բակո Սահակյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների խաղաղ կարգավորումն ու ուժային տարբերակների բացառումը: Նախագահ Սահակյանը գործընթացի առանցքային նախապայմաններից է համարել պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնումն ու Ադրբեջանի կողմից ագրեսիվ ու ապակառուցողական քաղաքականության դադարեցումը: Դեկտեմբերի 15-ին Բաքու այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն Երևանում էին: Նրանք հանդիպել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Հայաստանի արտգործնախարարը համանախագահների ուշադրությունն էր հրավիրել Տավուշի սահմանային գոտում ադրբեջանական կողմից արձակած կրակի հետևանքով դեկտեմբերի 14-ին հայ զինծառայողի մահվան վրա: Նախարարն ընդգծել էր, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ, այլև քաղաքացիաներ, գնդակոծվում են քաղաքացիական օբյեկտներ։

Դեկտեմբերի 14-ին Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում ադրբեջանական կողմի գնդակոծության արդյունքում զոհվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Պողոսյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նոյեմբերի 5-ից այս կողմ հայկական կողմը ոչ մի կրակոց չի արձակել:

Ըստ հաղորդագրության, «այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---