Ռուսաստանի հետ գազային համաձայնագրի վերաբերյալ ԱԺ-ում անցկացվել է բաց քվեարկություն

Ռուսաստանի հետ գազային համաձայնագրի վերաբերյալ ԱԺ-ում անցկացվել է բաց քվեարկություն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին արտահերթ նիստում Ազգային ժողովը հավանություն է տվել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համաձայնագրին, ինչպես նաև գազի գնագոյացման հարցերն ու ռուսական կողմին «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսի փոխանցման մասին պայմանագրին։

Քվեարկության ընթացքում «ՀԱԿ», «Ժառանգություն», ՀՅԴ ընդդիմադիր խմբակցությունների, ինչպես նաև ԲՀԿ խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը։ Արդյունքում, նիստին ներկա գտնվող 120 պատգամավորներից դահլիճում մնաց միայն 77 պատգամավոր, նրանք բոլորը կողմ քվեարկեցին գազի վերաբերյալ համաձայնագրերի ընդունմանը։

Ընդդիմությանը ինչ–որ կերպ հաջողվել էր վերցնել իշխող ՀՀԿ–ի պատգամավորների քվեաթերթիկները, և այդ պատճառով անցկացվեց բաց քվեարկություն, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ավելին, խորհրդարանի աշխատանքը դադարեցվեց, երբ քվեարկության ընթացքում ԱԺ դահլիճ մտան փաստաթղթի վավերացման դեմ անցկացվող բողոքի ակցիայի երեք մասնակիցներ, ովքեր պաստառները ձեռքներին կանգնեցին խորհրդարանական ամբիոնի առջև։ Քվեարկությունից առաջ «ՀԱԿ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խնդրեց 20 րոպե ընդմիջում հայտարարել։ Ընդմիջումից հետո բողոքի ակցիայի մասնակիցներն այլևս դահլիճում չէին։

Միջադեպ տեղի ունեցավ նաև խորհրդարանի մամլուլի կենտրոնում: Երբ սկսվեց քվեարկությունը, մի քանի լրագրողներ, ովքեր գտնվում էին մամուլի համար հատուկ կառուցված ապակեպատ օթյակում, աղմուկ բարձրացրին, սկսեցին ձեռքով հարվածել ապակուն։ Խոսնակը հանձնարարեց ԱԺ անվտանգության ծառայության ներկայացուցիչներին քննել միջադեպը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2–ին Երևանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցից հետո։ Համաձայնագրին համապատասխան` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը:

Ըստ պայմանագրի` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Գազպրոմ» ԲԲԸ–ին է փոխանցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի սովորական անվական բաժնետոմսերի փաթեթը, որը կազմում է 20,0007 տոկոս։ Այս ամենի արդյունքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժինը կավելանա` 80 տոկոսից դառնալով 100 տոկոս։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելու որոշումը ընդունվել է կուտակված պարտքերի փոխանակմամբ։

Համաձայնագրի նախագծի համաձայն, ՌԴ–ն երաշխավորում է Հայաստանին «Գազպրոմ» ԲԲԸ–ի կողմից բնական գազի մատակարարումներ ապահովել` հանրապետության ներքին կարիքների ամբողջական բավարարման համար անհրաժեշտ ծավալներով` հայկական տնտեսվարող սուբյեկտների կողմից մատակարարվող բնական գազի ամբողջական և ժամանակին վճարման պայմանի դեպքում` հաշվի առնելով դեպի Հայաստան բնական գազի տարանցիկ հնարավորությունները, ներառյալ` գազի տեղափոխման տեխնիկական վիճակը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---