ՔԱԳՎ-ն հավանություն է տվել «Զվարթնոցի» հին շենքի քանդման «մաստեր պլանին»

ՔԱԳՎ-ն հավանություն է տվել «Զվարթնոցի» հին շենքի քանդման «մաստեր պլանին»

PanARMENIAN.Net - Քաղավիացիայի գլխավոր վարչությունն իր վերջին նիստի ընթացքում դրական եզրակացություն է տվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորափոխադրող համալիրի շենքի հետ կապված կոնցեսիոների ներկայացրած «մաստեր պլանին», որտեղ ներառված է նաև կառույցը քանդելու հարցը:

Այս եզրակացությունն արդեն ուղարկվել է ՀՀ կառավարություն: Այսօր Հանրային խորհրդի Մշակույթի, Քաղաքաշինության և ճարտարապետության, Օդային տրանպորտի քաղաքականության, Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովները համատեղ նիստ էին հրավիրել` ևս մեկ անգամ քննարկելու այս եզրակացությունը:

ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը զարմանք հայտնեց տեղի ունեցածի առնչությամբ` ասելով, որ ամիսներ շարունակ ընթացող բազմաթիվ քննարկումներից որևէ մեկի ժամանակ առաջարկ չի եղել քննարկել «մաստեր պլան», կամ ընդառաջ գնալ կոնցեսիոների առաջարկին:

«Ստացվում է, որ գնելու պահից էին որոշել, որ շենքը պիտի քանդվի և հիմա պարզապես հայտնեցին այդ մասին»,-եզրափակեց նա, հայտնում է aysor.am-ը:

Նոյեմբերի 11-ին Հանրային խորհուրդը (ՀԽ) քննարկման էր դրել «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքի հետագա ճակատագրի հարցը: Հին շենքը քանդելուն դեմ քվեարկեց խորհրդի 20 անդամ, 2-ը քանդելուն կողմ է եղել,PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ՀԽ մամուլի քարտուղար Անի Գասպարյանը:

Առաջարկվում էր դիմել շահագործողին` խնդրելով հաշվարկներով ներկայացնել հետագա գործողությունների ծրագիրը, ուսումնասիրել հին մասնաշենքի շահագործման հնարավորությունը, ինչպես նաև քննարկել շենքը մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Հանրային խորհուրդը, հաշվի առնելով հանձնաժողովնրում տեղի ունեցած քննարկումներն ու հանրայի կարծիքը, դեմ էր արտահայտվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու առաջարկին:

Քննարկմանը օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հայտարարել էր, որ ընկերության պատճառաբանությունը, թե շենքը վթարային է, իրականությանը չի համապատասխանում: Ճարտարապետի համար անհասկանալի պատճառներով շենքը ժամանակին հուշարձանների ցանկից հանվել է։ Նրա խոսքով, շենքը վարձակալության ստացած «Կորպորացիոն Ամերիկան» խախտել է պայմանագիրը, որը կնքվել էր 2001-ին, ուստի դրա իրական սեփականատերը՝ ՀՀ կառավարությունը, պետք է կազմակերպության ձեռքից վերցնի այն և տա այնպիսի ընկերության, որն ընդունակ է շահագործելու՝ պահպանելով այն:

Ըստ նրա, գոյություն ունեցող շենքը կարելի է օգտագորել որպես օդանավակայան, որը կսպասարկի «ներքին ռեգիոնալ ռեյսերը նաև Ղարաբաղ»:

Շահագործողը հանդես էր եկել հայտարարությամբ, թե հին համալիրի պահպանումն որպես խնդիր իրենց առջև դրված չի եղել և այժմ, երբ առաջացել է օդանավակայանի ընդլայնման հարցը, կոնցեսիոները նպատակահարմար է գտնում ընդլայնել այն հին մասնաշենքի հաշվին: Շահագործողը որպես հիմնավորում նշել էր նաև այն, որ հին համալիրը հնարավոր չէ օգտագործել ներկայիս ավիացիոն պահանջների համար: Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Սեպտեմբերի 26-ի քննարկմանը մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի անդամ, ՀԽ Մշակութային ենթահանձնաժողովի անդամ Վլադիմիր Պողոսյանը հայտարարել էր, որ շենքը պահպանելու լավագույն տարբերակն այն պետությանը հանձնելն է: Նա էլ առաջարկեց դիմել նախարարություն՝ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում շենքն ընդգրկելու համար։ Նա նաև նշել էր, որ միայն որպես երկաթբետոն ամենահամեստ գնահատմամբ այն 100 մլն դոլար արժե:

Քննարկմանը ներկա ճարտարապետները արտահայտվել էին օդանավակայանի հին մասնաշենքի քանդման դեմ:

Հոկտեմբերի 3-ին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը ներկայումս «շատ վտանգավոր կառույց է» ու իրենք այսուհետ էլ ռեսուրսներ չեն տրամադրի հնացած շինության պահպանման վրա, ինչպես նաև պատասխանատվություն չի կրի որևէ վթարի դեպքում:

Սեպտեմբերի 26-ին կայացած քննարկմանը Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչը Հանրային խորհրդին խոստացել էր, որ հաշվի կառնեն խորհրդի կարծիքը:

2013 թ. ապրիլի 29-ին ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մտավախություն էր հայտնել, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը, որի կառավարմանն է հանձնված օդանավակայանը, կարող է «ավելորդ» համարել հին շենքն ու քանդել այն: Ըստ նրա, ժամանակին շենքն արժանացել է համամիութենական մրցանակի և պատմամշակութային հուշարձան է: «Պետք է հարգել շենքի հեղինակներին ու ճարտարապետներին: Անհրաժեշտ է աչքի լույսի պես պահել հուշարձան հանդիսացող շենքերը: Քանդելով դեռ ոչ ոք քաղաք չի կառուցել»,- ասել էր ճարտարապետը:

2011 թվականին բացվեց օդանավակայանի նոր տերմինալը, որը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: 1961 թվականին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980 թվականին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը:

Սեպտեմբերի 26-ին ՀԽ-ում «Զվարթնոց»-ի հին շենքը քանդելու առաջարկին նվիրված քննարկմանը Քաղավիացիայի ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը ներկայացրել էր «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բիզնես-պլանը: Դրանում ներառված գալիք տարի նախատեսված աշխատանքների թվում կա օդանավակայանի հին շենքը քանդելու մասին դրույթը: Ըստ ՔԱԳՎ ներկայացուցչի, շենքը գտնվում է «անմխիթար վիճակում» և նրա ամրացման համար կպահանջվի 10-12 մլն դոլար: Բանն այն է նաև, որ կառավարիչը մտադիր է ընդլայնել օդանավակայանը դեպի աջ, սակայն հին շենքը խանգարում է դրան:

Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդն ավելի վաղ մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի հայտը՝ «հին շենքը քանդելու թույլտվություն» ստանալու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---