Նախարար. Գյուղոլորտի համար 2013-ը բավականին արգասաբեր էր

Նախարար. Գյուղոլորտի համար 2013-ը բավականին արգասաբեր էր

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը ամփոփել է գյուղատնտեսական տարին ու ներկայացրել ոլորտում արձանագրված տվյալները: Նա նշել է, որ 2013-ին գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերի և վարվող պետական քաղաքականության արդյունքում ոլորտում էական դրական տեղաշարժեր են եղել:

Վերջին տարիներին գյուղատնտեսական հատվածի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է մոտ 24 տոկոս, մասնավորապես, 2012-ի ավարտին այն կազմել է 21 տոկոս, 2011-ի՝ 20,2, իսկ 2010-ի՝ 17 տոկոս: Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 857.4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6,1 %-ով:

Անասնապահությունում 2013-ին դրական տեղաշարժեր են եղել, մասնավորապես՝ դեկտեմբերի ցուցանիշները կարող են նկատելի ազդեցություն թողնել ոլորտի տարեկան ամփոփ արդյունքների վրա: Խոշոր եղջերավորների գլխաքանակն աճել է 10 հազարով՝ կազմելով 671 հազար գլուխ անասուն:

Հիմնական ձեռքբերումներից է 2013-ին սերմնաբուծության և սերմապահովության ուղղությամբ իրականացված պետական ծրագրերի արդյունքում հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալների աննախադեպ ավելացումը: Ընդ որում, հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը մոտ 20 %-ով, այդ թվում ցորենինը` ավելի քան 26 %-ով: 2013-ին հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալները կազմել են 544,2 հազար տոննա՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 88,1 հազար տոննայով:

Նախարար Կարապետյանը նշել է, որ 2011-2013-ին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացել են մոտ 35.0 հազար հա-ով, այդ թվում միայն 2013-ին` 14.0 հազարով: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակն այս տարի կազմել է 71 %, 2010-ի 63,2 %-ի դիմաց: Ըստ նախարարի, գալիք 2014-ին այս հարցը կլինի ուշադրության կենտրոնում, ինչը կնպաստի բերքատվության աճին:

Կարտոֆիլի բերքը կազմել է 659,6 հազար տոննա 2012-ի 647 հազար տոննայի դիմաց, մրգերի բերքը՝ 336,8 հազար տոննա նախորդ տարվա 331,7 հազար տոննայի դիմաց, իսկ պտուղբանջարեղենինը՝ 865 հազար տոննա նախորդ՝ 849 հազար տոննայի դիմաց:

Նախարարը նշել է նաև, որ աշխատանքների արդյունավետության ապահովման համար 2014-ին նախատեսվում է ավելացնել տրակտորային շարժակազմը, հիմնականում տեխնիկան ներկրելով Բելառուսից: Սերգո Կարապետյանը հավելել է, որ 2012-2013-ին Հայաստան արդեն ներկրվել է 367 միավոր տրակտոր ու պահեստամասեր, գրում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---