Քաբուլի կենտրոնում 13 օտարերկրացիներ են սպանվել և 8 աֆղաններ

Քաբուլի կենտրոնում 13 օտարերկրացիներ են սպանվել և 8 աֆղաններ

PanARMENIAN.Net - Վերջին տվյալներով Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյունի ու կրակոցների հետևանքով 21 մարդ է զոհվել: Մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարքը «Լիբանանյան խորտկարան» ռեստորանի մուտքի մոտ, որտեղ հաճախ են լինում օտարերկրացիներ ու կառավարության պաշտոնյաներ:

Դրանից հետո ռեստորան են ներխուժել երկու գրոհայիններ ու անկանոն կրակ են բացել: Զոհվել է 13 օտարերկրացի՝ Կանադայի, Ռուսաստանի, Բրիտանիայի ու Լիբանանի քաղաքացիներ, ինչպես նաև 8 աֆղաններ, այդ թվում ռեստորանի սեփականատեր Քամալ Համադին:

Սպանվածների թվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Վաբել Աբդալլահը և ՄԱԿ առաքելության աշխատակիցներ: Պատասխանատվությունը բռնարարքի համար ստանձնել են թալիբները:

Ռեստորանը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, գտնվում է Բելգիայի դեսպանատան դիմացի մայթում: Այդ նույն շրջանում են գտնվում նաև Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի, Բրիտանիայի դեսպանատները, ինչպես նաև մի քանի կառավարական հաստատություն: Կրակողները սպանվել են հարձակման վայր եկած ազգային անվտանգության աշխատակիցների կողմից:

«Թալիբան» շարժման հայտարարության մեջ ասվում է, որ այդ ռեստորանն ընտրվել էր որպես հարձակման թիրախ, քանի որ այնտեղ հաճախ են լինում օտարերկրացիներ: Շաբաթվա սկզբում թալիբների ներկայացուցիչներից մեկը հայտարարեց ВВС-ին, որ վստահ է հաղթանակում, երբ Աֆղանստանից դուրս բերվեն կոալիցիոն ուժերը, ինչը նախատեսվում է ավարտին հասցնել տարեվերջին:

Թալիբանը 1994 թ. Աֆղանստանի պուշտունների շրջանում առաջացած իսլամիստական շարժում է, կառավարել է Աֆղանստանում 1996-2001 թթ.: Դիվանագիտորեն ճանաչված է երեք պետությունների կողմից՝ ԱՄԷ, Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի: ՄԱԿ ԱԽ-ն «Թալիբանը» դասում է ահաբեկչական կազմակերպությունների շարքին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---