Եգիպտոսում սպանվել է «Մահմեդական եղբայրների» 4 կողմնակից

Եգիպտոսում սպանվել է «Մահմեդական եղբայրների» 4 կողմնակից

PanARMENIAN.Net - Առնվազն չորս մարդ է զոհվել հունվարի լույս 18-ի գիշերը Եգիպտոսում ոստիկանության բանակի և նոր սահմանադրության հակառակորդների միջև բախումնեի հետևանքով:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, մեկ մարդ սպանվել է պարանոցին ստացած կրակոցից Էլ Ֆայումում, որը Կահիրեից 60 կմ հեռավորության վրա է: Եվս երեք մարդ սպանվել է Կահիրեում: Երկուսի մահվան պատճառ են եղել հրազենային վերքերը: Երրորդի մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն:

Բոլոր սպանվածները «Մահմեդական եղբայրների» կողմնակիցներ են, որոնք դեմ էին հանրաքվեի անցկացմանն ու նոր սահմանադրությանը: Հիշեցնենք, որ «Մահմեդական եղբայրները» փորձեցին հանրաքվեի բոյկոտ կազմակերպել, սակայն դա նրանց չհաջողվեց: Ըստ նախնական տվյալների, եգիպտացիների 95 տոկոսը կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը: Հանրաքվեի երկու օրերին բախումներում շուրջ 20 մարդ է մահացել: Քվեարկության վերջնական արդյունքները կհայտարարվեն այսօր՝ հունվարի 18-ին: «Մահմեդական եղբայրները» հորդորել են անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները: Նրանց ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են, որ 95 տոկոսն «անիրական» թիվ է, հաշվի առնելով, որ բնակչության մի մասը հրաժարվել է քվեարկել:

Վերջին շրջանում եգիպտական իշխանությունները խստացրեցին գործողությունները «Մահմեդական եղբայրների» դեմ: Անցած շաբաթ իշխանությունների հաջողության նշաններից մեկը այն եղավ, որ շարժման կողմնակիցները դուրս մղվեցին Եգիպտոսի երկու առաջատար արհմիություններից՝ բժիշկների ու ճարտարագետների: Սահմանադրության նոր խմբագրության վերաբերյալ հանրաքվեն Եգիպտոսում հավաքել է ձայների 95 տոկոսը: Ընդամենը մեկ տարի է անցել նախորդ սահմանդրության ընդունումից՝ այն ժամանակ «կողմ» քվեարկեց մասնակիցների 64 տոկոսը: Ճիշտ է մասնակցությունը կազմեց 33 տոկոս, իսկ հանրաքվեն ուղեկցվեվ ոչ խաղաղ ցույցերով: Դա երկար չտևեց: Հուլիսի 3-ին բանակը պաշտոնանկ արեց ու ձերբակալեց նախագահ Մուրսիին: Սահմանադրության գործողությունը կասեցվեց, կառավարման լծակներն երկրում հայտնվեցին զինվորականների ձեռքում, որոնք կրկին արտակարգ դրություն հայտարարեցին: Նոր սահմանադրությունը հանրաքվեի է դրվել ՊՆ ղեկավար, գեներալ Աբդուլ Ֆաթահ Աս Սիսիի նախաձեռնությամբ, որն ապրիլին կմասնակցի նախագահի ընտրություններին:

Ըստ եգիպտացիների առաջարկած սահմանադրության, ՊՆ ղեկավարը կհաստատվի պաշտոնում միայն ԶՈւ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, իսկ նախագահը կընտրվի երկու ժամկետից աչ ավելի:

Սահմանադրությունը ենթադրում է նաև, որ ռազմական տրիբունալները կարող են դատել քաղաքացիական անձանց, եթե վերջիններս հարձակվեն զինծառայողի կամ բանակի օբյեկտների վրա:

Նոր սահմանադրությունը, ինչպես և նախկինները, ամրագրում է իսլամը որպես պետական կրոն, շարիաթը որպես իրավունքի սկզբունք և արաբերենը որպես պաշտոնական լեզու: Սահմանադրությունը երաշխավորում է նաև դավանանքի ազատություն: «Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---