Գիշերը սահմանում լարված էր. հակառակորդն ինտենսիվ կրակել է (թարմացված)

Գիշերը սահմանում լարված էր. հակառակորդն ինտենսիվ կրակել է (թարմացված)

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ի՝ լույս 21-ի գիշերն էլ հայ-ադրբեջանական սահմանին լարված էր, հակառակորդն ինտենսիվ կրակել է: Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմը տուժածներ չունի` հավելելով, ոչ այս գիշեր կրակոցներն ավելի հաճախակի էին:

ԼՀՂ ՊԲ մամուլի ծառայության տեղեկացմամբ հունվարի լույս 21-ի գիշերը շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինուժը մոտ 240 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ մանր և խոշոր տրամաչափի տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների վրա արձակելով ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու ուղղությամբ և մարտագծի ամբողջ երկայնքով շարունակել մարտական հերթապահությունը:

Ինչպես այսօր՝ հունվարի 21-ին, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոց այցելության ընթացքում պատմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հունվարի լույս 20-ի գիշերն ադրբեջանցիների մոտ 30 հոգուց կազմված դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցնող հայկական ստորաբաժանումը բաղկացած էր 9 հոգուց:

«Արդյո՞ք սա հերոսություն չէ»,- հավելել է նախարարը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր անհանգստությունն էր հայտնել շփման գծում միջադեպերի վերաբերյալ: «Շփման գծում բռնությունն ու լարվածությունը խաթարում են բանակցային գործընթացը: Ափսոսում եմ այսօրվա մահվան համար»,- twitter-ի իր էջում գրել էր համանախագահը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել: ԼՂՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները՝ հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ կազմակերպված պաշտպանության էին անցել՝ հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ ու հետ շպրտել իր ելման դիրքեր: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 10-ին ևս ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը` կրակելով հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ էր բացվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր ու Այգեպար գյուղերի ուղղությամբ:

Երեկոյան կրակահերթն ինտենսիվ էր, տարբեր տեսակի զինատեսակներ էին օգտագործվել, ընդհուպ մինչև մեծ տրամաչափի «ԴՇԿ» գնդացիրներ: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հաջողվել էր լռեցնել հակառակորդին, հայկական կողմից կորուստներ ու վիրավորներ չկային: Հունվարի 9-ին կենտրոնական հավաքակայան այցին լրագրողների հետ զրույցում ՊՆ Սեյրան Օհանյանն անդրադարձել էր ադրբեջանցիների կողմից հրադադարի պարբերաբար խախտմանը. «Վերջին երկու ամիսներին գրեթե բացառեցինք մեր կողմից ցանկացած պատասխան, որպեսզի հակառակորդին էլ հանդարտության կոչ անենք, բայց փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում նրանք ավելի են լկտիանում, իսկ լկտիներին պետք է պատժել»,- նշել էր նախարարը:

Դեկտեմբերի 14-ի ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայ զինծառայող էր զոհվել, ինչից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, թե ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ ու խիստ: Ադրբեջանական կողմի գործողությունները «հերթական անգամ ցույց են տալիս, որ, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակվում է հրադադարի պահպանման անտեսման ադրբեջանցիների մշտական մոտեցումը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---