Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ Credit Suisse-ի լավագույն երիտասարդ երաժիշտ

Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ Credit Suisse-ի լավագույն երիտասարդ երաժիշտ

PanARMENIAN.Net - Հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ստացել է Credit Suisse Young Artist Award-ի մրցանակը: Այս մասին Վիեննայում հայտարարել է Լյուցերնի փառատոնի գործադիր և գեղարվեստական ղեկավար Մայքլ Հեֆլիգերի գլծխավորած ժյուրին, այն բանից հետո, երբ Վիեննայի երաժշտական ընկերությունում հանդես են եկել բոլոր մասնակիցները, տեղեկացնում է Violin Channel-ը:

Երիտասարդ երաժիշտը 75 հազար շվեյցարական ֆրանկ կստանա (մոտ 82 000 դոլար), ինչն ոլորտում ամենաբարձր պարգևներից է։ Որպես հաղթող Խաչատրյանը նաև հնարավորություն ունի նվագել սեպտեմբերի 13-ին կայանալիք Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ խմբավար Գուստավո Դուդամելի գլխավորությամբ։

Credit Suisse Young Artist Award մրցանակաբաշխությունն անցնում է երկու տարին մեկ, այն միտված է ընդգծելու երիտասարդ մենակատար երաժիշտների նվաճումները։ Համատեղ մրցանակը շնորհում են Լյուցերնի փառատոնը, Վիեննայի ֆիլհարմոնիկը, Վիեննայում Gesellschaft der Musikfreunde ՀԿ-ն ու Հոբելյանական ֆոնդը։

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է Երևանում՝ երաժիշտ-դաշնակահարների ընտանիքում։ 1993-ին, երբ չնայած դեռ 8 տարեկան էր, բայց արդեն ջութակ էր նվագում, ընտանիքը գաղթել է Գերմանիա՝ մշտական բնակության։ Հետագայում ուսումը շարունակել է Վուրցբուրգում, 1996-ից սկսել աշակերտել Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում։

9 տարեկանում Խաչատրյանն առաջին անգամ որպես մենակատար նվագել է սիմֆոնիկ նվագախմբի հետ, այնուհետև նրանց հետ համերգներով շրջագայել աշխարհի մոտ 50 երկրով: Մասնակցել ու առաջին կամ երկրորդ մրցանակ է ստացել բազմաթիվ երաժշտական միջազգային մրցույթներում, այդ թվում` Կրեյսլերի, Շպորի, Սարասատեի ու Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթներում, նաև Ինդիանապոլիսի մրցույթում: Ի դեպ, Սիբելիուսի 8-րդ միջազգային փառատոնի պատմությունում նա ամենաերիտասարդ երաժիշտն էր, ով արժանացել է առաջին մրցանակի (այդ ժամանակ 15 տարեկան էր): 2005-ին նաև ստացել է Բելգիայի թագուհի Եղիսաբեթի անվան երաժշտական մրցույթի գրան-պրին` Թագուհու մրցանակը, և 4 տարով ստացել 1704 թ.-ի Ստրադիվարիուս ջութակը:

Երաժիշտը նվագել է այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են Բերլինի ֆիլհարմոնիկը, Ամստերդամի Թագավորական Կոնցերտգեբաուն, Ֆրանսիայի ազգայինը, Փարիզի, Լոնդոնի սիմֆոնիկն ու ֆիլարմոնիկը, NHK սիմֆոնիկը, Մյունհենի ֆիլհարմոնիկն ու Ցյուրիխի Mjand the Tonhalle-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---