ԱՄՆ ֆիննախարար. Միացյալ Նահանգներին տեխնիկական դեֆոլտ է սպառնում

ԱՄՆ ֆիննախարար. Միացյալ Նահանգներին տեխնիկական դեֆոլտ է սպառնում

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները փետրվարի վերջում կարող են սպառել միջազգային ֆինանսական պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ռեսուրսները: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսին է զգուշացրել ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն: Մեկ ամիս առաջ նա արդեն հիշեցրել էր, որ երկիրը կարող է հայտնվել տեխնիկական դեֆոլտի վիճակում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ անցյալ տարվա հոկտեմբերին հանրապետականների ու դեմոկրատների միջև ձեռք բերված փոխզիջումային պայմանավորվածության, ԱՄՆ կառավարությունը կարող է փոխառություններ կատարել մինչև փետրվարի 7-ը: Դրանից հետո ևս 2-3 շաբաթ ֆինանսների նախարարությունը կկարողանա մարել իր պարտքերն աննախադեպ միջոցների գնալով՝ դադարեցնելով փոխանցումներն որոշ սոցիալական ու կենսաթոշակային ֆոնդերին:

Սակայն, «մենք իրադարձությունների զարգացման խելամիտ սցենար չենք տեսնում, որի դեպքում աննախադեպ միջոցները կարողանան երկար ժամանակ կիրառվել»,-ասել է Լյուն: Նա հայտարարել է, որ «հորդորում է Կոնգրեսին քայլեր ձեռնարկել, ապահովելու համար պետպարտքի վերին շեմի բարձրացումը՝ ապահովելով էկոնոմիկայի ու ֆինանսական շուկաների կայունությունը»: Բարաք Օբամայի վարչակազմն ակնկալում է Սենատից և Ներկայացուցիչների պալատից, որ համապատասխան օրինագիծը հավանություն կստանա:

2013 թ. հոկտեմբերին, երբ որոշվեց շարունակել փոխառությունները, ԱՄՆ պետպարտքը հասավ վերին շեմին՝ 16,7 տրլն դոլար:

Չորս ամիս առաջ, երբ Միացյալ Նահանգները հայտնվեցին դեֆոլտի սպառնալիքի առջև, Սպիտակ տունը հավաստիացրեց, որ կառավարությունը չի խախտի ֆինանսական պարտավորությունները, այդ թվում նաև օտարերկրյա վարկատուների առջև: Սակայն անկախ փորձագետները զգուշացնում էին, որ եթե խնդիրը չկարգավորվի, ֆինանսական շուկաներում կարող է խուճապ առաջանալ, որն անկանխատեսելի հետևանքներ կունենա ոչ միայն ԱՄՆ, այլ նաև այլ երկրների էկոնոմիկայի վրա: Ինչպես նշել է ԱՄՀ կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը, ԱՄՆ պետական գանձապետական պարտավորություններն այնքան լայնորեն են ներկայացված ֆինանսական հատվածում, որ նրանց կայունությունից էր կախված իրավիճակը գլոբալ տնտեսության մեջ:

Վերջին 17 տարում ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության առաջին մասնակի կասեցման պատճառ եղավ բյուջետային ֆինանսավորման դադարեցումը 2013 թ. հոկտեմբերի 1-ին, երբ սկսվում է ֆինանսական տարին: Բյուջեի մասին վեճերը Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի միջև փակուղի մտան հիմնականում երկրում նոր բուժհամակարգի ներդրման հարցի շուրջ: Պետծառայությունների Shutdown-ը սկսվեց հոկտեմբերի 1-ին:

Մոտ 3,4 մլն պետծառայողներից ճգնաժամի պատճառով հարկադիր արձակուրդում էր մոտ 800 հազարը: Պետհաստատությունների վնասն, ըստ նախնական տվյալների կազմել է 24 մլրդ դոլար:

2013 թ. դեկտեմբերի 11-ին հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնեցրին դաշնային բյուջեի նախագիծը երկու տարի ժամկետով: 2013 թ. հոկտեմբերի 17-ին ընդունված օրինագիծը նախատեսում էր պետհաստատությունների ֆինանսավորման վերականգնում մինչև 2014 թվականի հունվարի 15-ը և փոխառությունների լիմիտի ընդլայնում միչև փետրվարի 7-ը:

Տեխնիկական դեֆոլտն առաջանում է փոխառողի կամքին հակառակ վճարման հնարավորությունների բացակայության պայմաններում: Պատմության մեջ կորպորատիվ դեֆոլտները բավականին հաճախ են եղել, և բազմաթիվ կառավարություններ ու համաշխարհային բիզնեսի հայտնի անուններ ժամանակին եղել են տեխնիկական դեֆոլտի վիճակում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---