Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կայացավ. Համանախագահները փետրվարին կայցելեն տարածաշրջան (թարմացված)

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կայացավ. Համանախագահները փետրվարին կայցելեն տարածաշրջան (թարմացված)

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Փարիզում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախ առանձնազրույց են ունեցել ԵԱՀԿ ՄԽ համախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։

Հիմնվելով 2013-ի նոյեմբերի 19–ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, որոնց շարունակությունը դեկտեմբերի 5–ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպումն էր` քննարկվել են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Վիեննայում նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը սկսվել է առանձնազրույցով, ապա նրանց էին միացել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները:Հանդիպումից հետո համանախագահները հանդիպման արդյունքներով հաղորդագրություն էին տարածել, որտեղ ասվում էր, թե առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները համաձայնել էին թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանն և հանձնարարել երկրների արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել էին կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

Դրանից հետո դեկտեմբերի 4-ին Կիևում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Վերջինններս արտգործնախարարներին էին միացել առանձնազրույցից հետո: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման համատեքստում համանախագահները շարունակել էին նախարարների հետ քննարկումները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ:

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացմանն ու հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին, Արդբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատամամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարություններին, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին: Հայաստնի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարներն և ակնհայտ արհամարանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին` ձեռնպահ մնալու հայտարարությւններից և գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել իրավիճակի էսկալացիայի:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել է համանախագահների` հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ:

Հանդիպման ավարտին համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ նախարարների հետ քննարկել են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն վերաբերող հարցեր՝ հիմք ընդունելով տարեվերջին նախ՝ երկու երկրների նախագահների, այնուհետև ԱԳ նախարարների հանդիպումները:

«Նախարարները հաստատել են հիմնահարցի խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:

Դեսպան Կասպրշիկը ներկայացրել է շփման գծում իրավիճակի վերջին զարգացումները: Համանախագահները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում շարունակվող բռնությունների կապակցությամբ ու նշել, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցություններն ու նվազեցնում խաղաղության հեռանկարները: Համանախագահները կողմերին կոչ են արել լիովին և անվերապահորեն հարգել հրադադարի համաձայնագիրը»,- ասվում է հայտարարությունում:

Ավելի ուշ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է. «Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը հասնելու համար կողմերին ավելի մեծ քաղաքականկամք է անհրաժեշտ: Ստատուս-քվոն պիտի անընդունելի լինի»:

Փարիզում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը հայտարարել էր, թե իբր «Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների առանցքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն էր»:

Մեկնաբանելով Աբդուլաևի հայտարարությունը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը կայացած բանակցությունների բովանդակությանը չի համապատասխանում:

«Տպավորություն է, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ է առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն:Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը ևս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճը»,- նշել է Բալայանը:

Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ու արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որ որոշակի փուլում Արցախը պետք է վերադառնա ղարաբաղյան գործընթաց: Նա ընդգծել էր, որ իրենց այցելությունները Լեռնային Ղարաբաղ, հանդիպումները Բակո Սահակյանի հետ նշանակում են Ղարաբաղի ընդգրկումն ընթացող քննարկումներում՝ այն էական հարցերի վերաբերյալ, որոնք շոշափվում են կողմերի միջև հանդիպմանը:

Երեկ՝ հունվարի 24-ին, Հայաստանի սոցապ նախարարություն այցելությանը՝ պատասխանելով գերատեսչությունների աշխատակիցների հարցերին, նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր վերջին օրերին հակառակորդի կողմից հրադադարի խախտումներին: Նա նշել էր, որ չի կարող բացառել, որ ռազմական գործողություններ չեն լինի, «որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ նախագահն ու պաշտպանության նախարարը երևի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել:

«Բայց դեռևս տեսանելի ապագայում չեմ տեսնում ռազմական գործողությունների սկսում, սակայն եթե մեզ պարտադրեն, ստիպված ենք լինելու կռվել»,- նշել էր նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ աշխատանքներ են տարվում, երկրի ղեկավարն ասել էր, որ դրանց արդյունքն է, որ թվով 3-4 անգամ ավելի Բաքվից ժամանած հատուկ նշանակության ջոկատի մարտիկները չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրը կատարել և ձախողվում են՝ կրելով ավելի շատ կորուստներ, քան դիրք պահող մեր զինվորները: «Ուզում եմ ասել, որ մեր բանակի մարտական պատրաստվածությունը բավականաչափ բարձր մակարդակի է: Երկրորդ՝ մեր դիրքերի կահավորվածությունը համապատասխանում է այսօրվա իրավիճակին: Եթե հիշում եք, երկու տարի առաջ դիվերսիոն գործողության այսպիսի փորձը հաջողություն ունեցավ: Պատահական չէ, որ հիմա ձախողվեց: Այսինքն, դրանից հետո միջոցներ ենք կիրառել՝ մենք մեր հերթին, ավագ հրամանատարներն իրենց հերթին, կրտսեր հրամանատարներն իրենց, բայց որ շատ կարևոր է՝ նաև մեր շարքային զինվորներն իրենց հերթին»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել էր նաև, որ համալրվում են զինանոցները, ռազմական պահեստները, սպառազինությունը, զինամթերքը, տեխնիկան: Զանգվածային կիրառման զինատեսակների հետ զուգահեռ ձեռք են բերվում նաև ժամանակակից և հատուկ դեպքերում կիրառվող զինատեսակներ:

«Հավատացնում եմ՝ մեր բանակը զենք-զինամթերքի շատ մեծ պակաս չունի: Ասում եմ՝ շատ մեծ պակաս չունի, որովհետև աշխարհում քիչ կան բանակներ, որոնց ղեկավարությունն ամբողջովին բավարարված է եղած զենք-զինամթերքով»,- նշել է նախագահը՝ եզրափակելով, որ մենք պատերազմ չենք ուզում, «բայց եթե պարտադրեն, այլ ճանապարհ չունենք: Մյուս կողմից՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծենք»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Խորհրդաժողովի ժամանակ կքննարկվի Թուրքիայի միակ փակ սահմանը, որն այդ կարգավիճակում է դեռևս 1993-ից
Ըստ նրա, Թուրքիան երբեք Ադրբեջանի շահերին վնասող քայլեր չի ձեռնարկի
Գլխավոր քարտուղարը կոչ է արել հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը