ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կողմերին կոչ է արել կենտրոնանալ խաղաղ կարգավորման վրա

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կողմերին կոչ է արել կենտրոնանալ խաղաղ կարգավորման վրա

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ափսոսում է հայ-ադրբեջանական սահմանին մարդկային կորուստների կապակցությամբ: Twitter-ի իր էջում ամերիկացի դիվանագետը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է կենտրոնանան խաղաղ լուծման որոնումների վրա: «Լարվածությունը ոչ մեկի շահերից չի բխում»,- գրել է Ուորլիքը:

Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքներ են հրահրում հայ-ադրբեջանական սահմանին ու ԼՂՀ հետ շփման գծում:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն հայ-ադրբեջանական սահմանին ևս լարված էր: Ինտենսիվ էր եղել կրակը նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել էր Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել էին Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել էին։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հունվարի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհասցե հայտարարությունները խրախուսում են Բաքվին: Նա նշել էր, որ միջնորդ երկրները թաքնվում են կեղծ չեզոքության հետևում, որը բխում է իրենց ներկայացրած երկրների շահերից:

Միջնորդների չեզոք դիրքորոշման ևս մեկ գործոն է, ըստ Մանոյանի, հանգամանքը, որ նրանք երբեք բավարար չափով իրազեկված չեն լինում, իսկ հաճախ նաև լուրջ չեն վերաբերվում ադրբեջանական կողմի գործողություններին ու սպառնալիքներին:

Խոսելով այն մասին, թե ինչ պետք է ձեռնարկի հայկական կողմը՝ Մանոյանը նշել էր, որ Երևանը պետք է ավելի ակտիվ արձագանքի ոչ միայն հրադադարի խախտումների կամ դիվերսիաների դեպքում, այլև Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որքան էլ որ դրանք ահեթեթ լինեն:

Բացի այդ, ըստ Մանոյանի, հայկական կողմը չպետք է հույսը դնի միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գնացող գործընթացի վրա, այլ զուգահեռ պետք է ակտիվորեն աշխատի Արցախի անկախության միջազգային ճանաչման վրա: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումից հետո անհրաժեշտություն առաջացավ փոխելու երկրի արտաքին քաղաքականությունը, նշել էր նա:

Հունվարի 24-ին Փարիզում հանդիպել էին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախ առանձնազրույց էին ունեցել ԵԱՀԿ ՄԽ համախագահների հետ, ապա բանակցությունները շարունակել ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։

Հիմնվելով 2013-ի նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, որոնց շարունակությունը դեկտեմբերի 5-ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպումն էր` քննարկվել էին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ:

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել էր Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացմանն ու հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին, Արդբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատամամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարություններին, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին:

Հայաստնի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել էր, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարներն և ակնհայտ արհամարանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին` ձեռնպահ մնալու հայտարարությւններից և գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել իրավիճակի էսկալացիայի:

Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել էր համանախագահների` հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ:

Հանդիպման ավարտին համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ նախարարների հետ քննարկել են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն վերաբերող հարցեր՝ հիմք ընդունելով տարեվերջին նախ՝ երկու երկրների նախագահների, այնուհետև ԱԳ նախարարների հանդիպումները:

«Նախարարները հաստատել են հիմնահարցի խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:

Դեսպան Կասպրշիկը ներկայացրել է շփման գծում իրավիճակի վերջին զարգացումները: Համանախագահները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում շարունակվող բռնությունների կապակցությամբ ու նշել, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցություններն ու նվազեցնում խաղաղության հեռանկարները: Համանախագահները կողմերին կոչ են արել լիովին և անվերապահորեն հարգել հրադադարի համաձայնագիրը»,- ասվում է հայտարարությունում:

Փարիզում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը հայտարարել էր, թե իբր «Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների առանցքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն էր»:

Մեկնաբանելով Աբդուլաևի հայտարարությունը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը կայացած բանակցությունների բովանդակությանը չի համապատասխանում:

«Տպավորություն է, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ է առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն:Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը ևս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճը»,- նշել էր Բալայանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---