ԿԽՄԿ-ն Բաքվում փորձում է հանդիպել 77-ամյա հայ ծերունուն, որին ազերիները վախից դիվերսանտի տեղ են դրել

ԿԽՄԿ-ն Բաքվում փորձում է հանդիպել 77-ամյա հայ ծերունուն, որին ազերիները վախից դիվերսանտի տեղ են դրել

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները բանակցում են Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ԿԽՄԿ աշխատակիցներին թույլ տան այցելել ադրբեջանցիների կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանին: Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին, բանակցությունները սկսվել են, բայց արդյունքներ դեռ չկան: Ըստ նրա, «նպատակն է ամեն ինչ անել հնարավորինս արագ, բայց ինչ-որ ժամկետներ նշելը դեռ վաղ է»:

Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը»: Ինչպես հայտնել էր ադրբեջանական Day.az-ը, «ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է»: «Հայկական հետախուզական դիվերսիոն խումբը երեքշաբթի 15:00-ի սահմանում փորձել է անցնել շփման գիծը Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում: Առաջնագծում տեղակայված զորամասերի զգոնության շնորհիվ փորձը կասեցվել է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել է: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել է ադրբեջանական կայքը:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիան», Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունն Ադրբեջանում «հայ դիվերսանտի» գերեվարման մասին: ՊՆ-ում հայտնել են, որ այդ հատվածում տեղակայված զորամասերում ոչ մի բացակա զինվոր չկա:

Մինչդեռ, ինչպես գրում է Panorama.am-ը, Ադրբեջանի տարածքում հայտնվածը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է: Այդ մասին ասել է գյուղապետը: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանն իր հերթին նշել է, որ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Տիգրանի Խոջոյանը, 1937 թ. ծնված, որին վերջին անգամ տեսել են հունվարի 28-ին 14:00-15:00-ն ընկած հատվածում, համագյուղացիներից մեկի քառասունքի ժամանակ, այժմ որոնման մեջ է:

Ըստ Մալխասյանի, ծերունին միայնակ էր ապրում, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր:

Ըստ ոստիկանների, հովիվներից մեկը նկատել է Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել է, թե գնում է մորի հավաքելու: Եղանակը մառախլապատ էր, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են, վիճակը կայուն է:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ի ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---