Զոհրաբյանն ԵԽԽՎ-ում կոչ է արել Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկել (թարմացված)

Զոհրաբյանն ԵԽԽՎ-ում կոչ է արել Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկել (թարմացված)

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը ԵԽԽՎ լիագումար նիստում նախօրեին` հունվարի 28-ին, բարձրացել է հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հիմք ընդունելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական կոմիտեի առաջարկը` քրեականացնել ռասիստական ոգով ելույթները, գրում է Panorama.am-ը:

Նաիրա Զոհրաբյանը ելույթում հնչեցրել է պահանջի հիմնավորումները. «Ահազանգն իրապես պահանջում է հրատապ և կոնկրետ հակաքայլերի ձեռնարկում, այլապես հեռու չէ այն օրը, երբ ունենալու ենք Եվրոպա, որտեղ անհանդուրժողականությունը, ռասիզմը, այլատյացությունը դիտվելու են որպես կենսակերպ: Այո, տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպական մի շարք խորհրդարաններում, ուր ծայրահեղական կուսակցությունները կարողանում են հանրության աջակցությամբ մտնել խորհրդարան: Եվ Հունաստանի հայտնի նեոանացիստական կուսակցությունը, ցավոք, այլևս եզակի դեպք չէ: Համաձայն եմ, որ ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարում մեծ անելիք ունեն առաջին հերթին քաղաքական գործիչներն ու մեր Վեհաժողովը: Ավելին, Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցներ հստակ հանձնարարում են ազգային խորհրդարաններում բացառել ռասիզմ ու անհանդուրժողականություն տարածող ելույթները: Բայց արդպե՞ս է արդյոք իրականում:

Երկու տարի առաջ, Եվրանեսթ խորհրդարանական Վեհաժղովի կազմում, Բաքվում մասնակցում էի մեր կառույցի հերթական նիստին: Եվ, հարգելի գործընկերներ, Ադրբեջանի նախագահը, իր խորհրդարանի մեջ, Եվրանեսթի ամբողջ պատվիրակության, այդ թվում` հայկական և Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների ներկայությամբ, ռասիզմի և անհանդուրժողականության մի կատարյալ շեդևր ելույթ ունեցավ:

Նա մեզ` Արդբեջանի խորհրդարանում նստած հայ պատգամավորներիս և ամբողջ հայ ժողովրդին անվանեց ֆաշիստներ, պղծողներ` հայ ժողովրդին մեղադրելով ստահոդ և անտրամաբանական բոլոր մեղքերի մեջ: Եվ ի՞նչ եղավ: Որևէ մեկը, բացի հայկական պատվիրակության անդամներից, բացատրե՞ց Ալիևին, որ ԵԽ անդամ երկրի նախագահին վայլել չէ միջնադարյան ինկվիզիցիայի ոգով ելույթ ունենալը: Իհարկե` ոչ:

Այստեղ նշվեց, որ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական կոմիտեն առաջարկում է քրեականացնել ռասիստական ոգով ելույթները: Այո, կարող եմ համաձայնել այդ առաջարկին, և հիմա առաջարկում եմ քրեական պատասխանատվության կանչել Ադրբեջանի նախագահին, որի յուրաքանչյուր ելույթ, ուր կա հայի և Հայաստանի անուն` ռասիզմի, անհանդուրժողականության, հայատյացության բացառիկ դրսևորում է: Եվ, ի վերջո, ինչի՞ ծնունդ էր մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ում իր երկրում համարում են ազգի հերոս: Նա ծնունդ է հակահայ այն խայտառակ մթնոլորտի, որը տիրում է Ադրբեջանում, երբ երեխաներին մանուկ հասակից սովորեցնում են, որ հայն իր թշնամին է:

Երբ ընտրեցինք Մարդու իրավունքների նոր հանձնակատար, վերջինիս ադրբեջանական դասագրքերից հատվածներ ուղարկեցի, ուր քարոզվում է բացահայտ հակահայկականություն և ուր հայը ներկայացված է որպես ջարդարար ու մարդասպան: Առ այս պահը որևէ պատասխան չեմ ստացել մարդու իրավունքների էմիսարից: Մարդը, ում ընտրել ենք նման պատասխանատու պաշտոնում, հարկ չի համարում զբաղվել իր անմիջական պարտականությունններով, կամ, երևի թե, վախենում է զայրացնել ադրբեջանցի իր գործընկերներին»,- հայտարարել է իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը:

2012-ի ապրիլի 3-ին Բաքվում կայացած «Եվրանեսթի» ԽՎ ընդլայնված նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայերին «ֆաշիստներ» էր անվանել: Այդ հայտարարությունը վրդովեցրել էր հայկական պատվիրակությանը, որն այն անվանել էր ոչ կոռեկտ ու դիվանագիտական նորմերից դուրս: Իրենք դժգոհությունը հայտնել էին նաև մյուս պատվիրակությունները::

Մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ Ադրբեջանի հայտարարությունները վարկաբեկում են ՄԱԿ ԱԽ: «Եվրոպայի խորհուրդն արդեն ընդունել է փաստաթուղթ, որտեղ մասնավորապես Ադրբեջանը հիշատակվում է որպես մի երկիր, որն իրեն թույլ է տալիս խայտառակ հայտարարություններ անել»,- ասել էր Նալբանդյանը: Նման կարգախոսներ հնչեցնող երկիրը լարվածություն է ստեղծում տարածաշրջանում: Մի երկիր, որը սպառազինություն է կուտակում իրավիճակը տարածաշրջանում ապակայունացնելու համար, որը մի ողջ ժողովրդի թշնամի է անվանում, այդ երկիրը վարկաբեկում է ՄԱԿ ԱԽ-ն իր ներկայությամբ այդ կազմակերպությունում, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Բաքվում կայացած Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովում, նշել էր, որ Ալիևի խոսքն Եվրանեսթում սառը ցնցուղ էին եվրախորհրդարանականների համար:

Հովհաննիսյանը նշել էր, որ եվրոպացի և նույնիսկ ադրբեջանցի խորհրդարանականներից շատերը, որոնց անունները նա հասկանալի պատճառներով չի նշում, մոտեցել էին հայկական պատվիրակությանը անհամաձայնություն հայտնելու համար Ալիևի հետ և աջակցության խոսքեր ասելու համար: Վահան Հովհաննիսյանը նաև նշել էր, որ մինչև այդ ելույթը, Ալիևի նստավայրում ընդունելության ժամանակ, որտեղ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ չկային, նա նույնիսկ չէր հիշել ղարաբաղյան խնդրի մասին:

Արդեն այսօր՝ հունվարի 29-ին, վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի ելույթից հետո, երբ եվրոպացի խորհրդարանականները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել,Նաիրա Զոհրաբյանը նրան հիշեցրել է ԵԽ բանաձևերից մեկը, որը կոչ է անում չճանաչված երկրների, որոնցից է նաև Լեռնային Ղարաբաղը, հասարակությունների հետ իրականացնել վստահության ամրապնդման և շփումների ստեղծման ծրագիր, այնուհետև հետաքրքրվել. «Ինչո՞ւ մինչև հիմա Եվրոպական միությունը ոչինչ չի արել այդ ուղղությամբ»:

Ի պատասխան Շուլցն ասել է, որ հանպատրաստից չի կարող պատասխանել այդ հարցին ու հավելել. «Կարծում եմ, որ այդ հարցերը պետք է լուծվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Թույլ տվեք ինձ կոնկրետ չպատասխանել Ձեր հարցին, քանի որ անգիր չեմ հիշում ԵԽ բոլոր բանաձևերը: Ամեն օր տարբեր բանաձևեր ենք ընդունում: Կուսումնասիրեմ Ձեր հարցն և ավելի ուշ կտամ սպառիչ պատասխաններ»,- ասել է Մարտին Շուլցը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---