Փաստաբան. Մինչև ՍԴ որոշումը կարելի է կենսաթոշակային ֆոնդ ու կառավարիչ չընտրել, վճարումներ չկատարել

Փաստաբան. Մինչև ՍԴ որոշումը կարելի է կենսաթոշակային ֆոնդ ու կառավարիչ չընտրել, վճարումներ չկատարել

PanARMENIAN.Net - Իրավական տեսանկյունից սահամանդրական դատարանի անցած շաբաթվա որոշումը հնարավորություն է տալիս կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասնակիցներին չընտրել կառավարիչ և ֆոնդ ու չփոխանցել գումարներ այդ ֆոնդին, քանի դեռ ՍԴ-ն վերջնական որոշում չի կայացրել:

Հունվարի 24-ին ՍԴ-ն բավարարել էր Ազգային ժողովի ոչ կոալիցիոն խմբակցությունների 36 պատգամավորի` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների սահմանադրականությանը համապատասխանելու հայցն ու կասեցրել օրենքի 76-րդ հոդվածն (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար)ու 86-րդ հոդվածի 3-րդ կետը (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն)մինչև գործի դատաքանությունն ավարտը, ինչը և թույլ է տալիս կենսաթոշակային նոր համակարգին դեմ անձանց սպասել վերջնական որոշման:

«Օրենքի վատթարացման դիտանկյունից նայելով` պետք է ասել, որ այն հետադարձ ուժ չպետք է ունենա»,- PanARMENIAN.Net ին ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը: «Այսինքն` այդ հոդվածները գործողության մեջ են դրվելու սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումից հետո, հետևաբար դրան նախորդող ժամանակաշրջանների համար գումար չի կարող գանձվել, քանի որ դա վատթարացնելու է այն մասնակիցների իրավական-սոցիալական վիճակը, որոնց վրա տարածվում է օրենքը»:

ՍԴ-ն պետք է քննի, որքանով են օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածները համապատասխանում Հայաստանի սահմանադրականությանը մարտի 28-ին, իսկ մինչ այդ, ըստ փաստաբանի, կարող են լինել պետական համակարգում մարդիկ, ովքեր կարող են գնալ և սկսել հունվարից վճարել, քանի որ օրենքը չի կաշկանդում մասնակիցներին:

«ՍԴ որոշումը չի կասեցրել օրենքի փիլիսոփայությունը, ընդամենը ասել է, եթե չվճարես, չես պատժվի, և եթե կառավարիչ ու ֆոնդ չընտրես, քեզ չենք կարող պատասխանատվության ենթարկել: Բայց կա այդ մտավախությունը, որ պետական հիմարկները, վարչական ճնշման ներքո և ֆոնդեր, և կառավարիչներ ընտրեն և սկսեն ամսական պարտավորություններով վճարումներ կատարելը»,- նշեց Նորիկյանը:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունվարի 29-ին չցանկացավ մեկնաբանել ՍԴ որոշումը` պարզաբանելով, որ ինքը իրավաբանական բավարար գիտելիքներ չունի դրա համար, սակայն նշեց, որ իրենք որպես գործատու իրենց աշխատողների կենսաթոշակային վճարումները կատարելու են և հիմա էլ կատարում են:

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկը տրվել էր 2010-ի հուլիսին, 2011-ից կուտակային համակարգով կենսաթոշակ կարող էին կուտակել կամավորության սկզբունքով: Ըստ օրենքի տրամաբանության` կուտակային բաղադրիչն ապագա թոշակառուին կթույլատրի ինքնուրույն ձևավորել իր կենսաթոշակի զգալի մասը: 2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնված այն մարդկանց, ովքեր աշխատում են և գրանցված են աշխատավայրում:

Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները պետք է վճարումներ կատարեն իրենց չհարկված աշխատավարձի 5 տոկոսի չափով, ևս 5 տոկոս այդ աշխատողների անհատական հաշվին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի համար պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի, իսկ որպեսզի ամեն ամիս իր աշխատավարձի 10 տոկոսի չափով գումար կուտակվի, մնացած մասը, արդեն 5 տոկոսից ավելի գումար, աշխատողը պետք է վճարի իր աշխատավարձից: Այսպիսով, եթե աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ, ապա անհատն ամեն ամիս իր անձնական կուտակային հաշվեհամարին պետք է փոխանցի 5000 դրամ, նույնքան կփոխանցի պետությունը: Եթե ստանում եք 500 հազարից ավելի աշխատավարձ, օրինակ, 700 հազար, պետությունը կավելացնի միայն 25 հազար դրամ, իսկ քաղաքացին կփոխանցի 45 հազարը:

Պարտադիր բաղադրիչի ներդրման ժամկետին հասնելուն զուգահեռ 2013-ի երկրորդ կեսին հետզհետե ուժգնացավ հասարակության մի մասի բողոքը, համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ կոալիցիոն 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները` փաստարկելով, որ փոփոխությունը լուրջ է, իսկ «համակարգը` թերի»: Սակայն 2013-ի դեկտեմբերի 4-ին խորհրդարանը դեմ էր քվեարկել պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը: Քաղաքացիներն այդ ընթացքում մի շարք բողոքի ակցիաներ անցկացրին, որոնց ընթացքում նամակ հանձնեցին Մարդու իրավունքների պաշտպանին, կառավարությանը:

Նույն օրը, երբ Սահմանադրական դատարանը որոշեց կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածները՝ նախագահ Սերժ Սարգսյանը «պատմական էր» անվանել կենսաթոշակային նոր համակարգը.

«Եթե մենք այսօր լծվել ենք այս աշխատանքին ու խորապես համոզված ենք, որ այս բարեփոխումը ճիշտ է, և սա այն ծրագրերից մեկն է, որ միտված է մեր երկրի ապագային, ապա, նորից եմ կրկնում, պետք է համբերատար, առանց զլանալու բացատրել բոլորին»:

«Մենք պատասխանատու ենք բոլորի համար: Պատասխանատու ենք նաև այն մարդկանց համար, ովքեր այսօր կամ չեն հասկացել այդ բարեփոխման տրամաբանությունը, կամ էլ ընդհանուր դժգոհության ֆոնին ուղղակի չեն ընդունում, չեն ընկալում նաև այս բարեփոխումը: Սակայն, միևնույն է այս մարդիկ էլ են օգտվելու այդ բարեփոխման արդյունքներից»,- հավելել էր նախագահը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---