Կալիֆորնիայի Ժողովը հաստատել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը

Կալիֆորնիայի Ժողովը հաստատել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Չնայած թուրքական լոբբիի կոշտ դիմադրությանը, Կալիֆորնիայի նահանգի Ժողովը միաձայն քվեարկել է AB 659 օրինագծի օգտին, որի հեղինակն է Ադրին Նազարյանը: Օրինագիծը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին բանավոր վկայությունների ուսումնասիրում նահանգի դպրոցներում: Օրինագիծն ուղղված է Ժողովի Սենատի քննարկմանը: «Օրինագծի միաձայն ընդունումը վկայում է, որ Կալիֆորնիայի պաշտոնյաները չեն ծախվում կամ չեն մերժում ճշմարտությունն ու իսկությունը»,-հայտարարել է Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի (ANCA –WR) գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը՝ նշելով, որ Ժողովի անդամներ Նազարյանն ու Աչաջյանը շատ կարևոր օրինագիծ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար:

«Օրինագծին կողմ է քվեարկել ճնշող մեծամասնությունը և ես անհամբեր սպասում եմ ANCA –WR հետ աշխատանքին, ստանալու համար նաև Սենատի մեր գործընկերների հավանությունը: Հայոց ցեղասպանության ականատեսների անձնական վկայություններն ուսուցիչներին հզոր լծակ կտան աշակերտների ուսուցման ու ներգրավման գործում: Դա կարևոր է, որպեսզի ցեղասպանությունները չկրկնվեն»,-ասել է Ադրին Նազարյանը: Օրինագծի համահեղինակներն են սենատորներ Մարկ Վիլանդը, Ժողովի անդամներ Կարո Աչաջյանը, Սթիվ Ֆոքսը, Մայք Գատտոն, Սքոթ Վիլկը ու Շերիլ Բրաունը:

Մինչ այդ օրինագիծը միաձայն ընդունվել էր Կրթության ու հատկացումների պետական վեհաժողովում: «Կալիֆորնիայի ուսանողների համար շատ կարևոր է ուսումնասիրել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունները պատմության դասերին: Ես հպարտ եմ, որ սատարեցի AB 659 օրինագծին, որը հորդորում է դպրոցներին ուսումնական ծրագրերում ներառել նաև Հայոց ցեղասպանության թեման»,-հայտարարել է կրթության կոմիտեի նախագահ Ջոան Բյուքենենը:

Երբ օրինագիծն ընդունվի Սենատի կողմից ու ստանա Կալիֆորնիայի նահանգի նահանգապետի հավանությունը, այն կներառվի Կալիֆորնիայի պետական դպրոցներում ծրագրում:

Genocide Education Project ( GenEd ) ոչ առևտրային կազմակերպությունն, որը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում, որն օգնում է միջնակարգ դպրոցների ուսուցիչներին Հայոց ցեղասպանության դասավանդման հարցում, ողջունել է օրինագծի ընդունումը:

Կալիֆորնիայի նահանգի Վեհաժողովի կրթության հարցերի հանձնախումբը միաձայն հաստատել է Վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանի ներկայացրած AB-659 բանաձևը: Ներկայացված բանաձևը, մասնավորապես, նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին նյութերի ներառում նահանգի ուսումնական ծրագրերի մեջ, Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Կամբոջայի, Դարֆուրի ու Ռուանդայի ցեղասպանությունների մասին բանավոր վկայությունների օգտագործման ընդլայնում:

Բանաձևն ուղղված է քննարկման նահանգի Վեհաժողովի Հատկացումների կոմիտե: Կալիֆորնիայի նահանգի Սենատն ընդունել է թիվ 234 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին, որով նախատեսվում է Հայոց ցեղասպանության փաստն ընդգրկել նահանգի կրթական հաստատությունների պատմության ուսումնական ծրագրերում: Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Մայք Գատտոն 2014 թ. հունվարի 7-ին ներկայացրեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը: Ինչպես հայտնում է Վեհաժողովի պաշտոնական կայքը, AJR 32 բանաձևը հիշեցնում է մարդու ինքնորոշման ու ժողովրդավարական զարգացման իրավունքների մասին: Ըստ Գատտոյի, Կալիֆորնիայի ժողովուրդը և հայ համայնքը միասնական են ԼՂՀ անկախությանը սատարելու հարցում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---