15  Զվարթնոց. Հին համալիրը

«Զվարթնոցի» հին շենքի ճակատագիրը դեռ չի որոշվել. Քանդելու հարցը կրկին կքննարկվի

«Զվարթնոցի» հին շենքի ճակատագիրը դեռ չի որոշվել. Քանդելու հարցը կրկին կքննարկվի

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները` «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, կրկին կուսումնասիրի օդանավակայանի հին մասնաշենքի վերաբերյալ հնարավոր լուծումներն ու արդյունքների մասին տեղյակ կպահի Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությանը: Այս մասին հունվարի 23-ի՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղած պաշտոնական գրությունում տեղեկացրել է վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Վերջինս հիշեցրել է, որ Կառավարության դեկտեմբերի 26-ի նիստին առաջարկ էր եղել դիմել կոնցեսիոներին՝ ևս մեկ անգամ օդանավակայանի հին մասնաշենքի քանդման վերաբերյալ հարցը քննարկելու նպատակով, տեղեկացնում են ՀԽ մամուլի ծառայությունից:

Ըստ հաղորդագրության, խորհուրդը ուշադրությամբ հետևելու և իր հերթին քննարկելու է կոնցեսիոների կողմից առաջարկվող հնարավոր լուծումները՝ շենքի վերաբերյալ ՀԽ դիրքորոշման համատեքստում:

Իմիջիայլոց, ընդամենը մի քանի օր առաջ՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը Մովսեսյանն ասել էր, որ Կառավարությունը հավանություն տվել է «Զվարթնոցի» քանդման համար: Երկու օր անց՝ հունվարի 23-ին Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մամուլի ասուլիսում ասել էր, որ շենքի քանդման վերաբերյալ Կառավարության որոշում չկա, առաջարկվել է քննարկել հարցն ու դիտարկել ռեսուրսները, իսկ քննարկումները դեռ ընթացքի մեջ են:

«Մեր կողմից էլ առաջարկ է եղել, որ մրցույթ հայտարարվի, թե ինչպես կարելի է շահագործել օդանավակայանի շենքը»,- նշել էր Մինասյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է գտնել օդանավակայանը պահպանելու ճիշտ տարբերակ: «Եթե մոտենանք միայն սկզբունքով, որ պահպանման համար մեծ խնդիրներ կան ու` քանդել շենքը... անթույլատրելի է: Նման տարրական թվաբանությունով երբեք չի կարելի առաջնորդվել, արժեքավոր կառույցի մասին ենք խոսում»,- նշել էր նա, գրում է Panorama.am-ը:

Իսկ անդրադառնալով ՔԱԳՎ պետի վերոնշյալ հայտարարությանը, Մինասյանը նշել էր, թե «հնարավոր է՝ նա նման ցանկություն ունենա, բայց դա իրենից չի կախված» ու կարող է լինել միայն կառավարության որոշմամբ: Մինասյանի խոսքով, քննարկվում էր, որ քանդեն շենքն ու այնտեղ ճարտարապետական նմուշների մանրակերտներ դրվեն: Ճարտարապետը նկատել է, որ նման նախագիծ առհասարակ չկա և ընդամենն առաջարկ է: «Ստացվում է՝ մեր քաղաքի տարածքում եղած այգիները բզկտում ենք, հետո այգի ունենալու համար քանդում օդանավակայանի շենքը, որ այնտեղ այգի ունենանք: Տրամաբանությունից դուրս է: Բացի այս, նման նախագիծը բավականին թանկ և արդեն կայացած պետությունների համար է»,- ասել է նա:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 26-ի նիստում առաջարկել էր այգի ստեղծել և այնտեղ տեղակայել ճարտարապետական հուշարձանները՝ այդպիսով լուծելով մշակութային պահպանման խնդիրներ:Իր հերթին, այգին կդառնա ժամանցի վայր, որտեղ կլինի նաև հին շենքի մակետը:

Նոյեմբերի 11-ին Հանրային խորհուրդը (ՀԽ) քննարկման էր դրել «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքի հետագա ճակատագրի հարցը: Հին շենքը քանդելուն դեմ էր քվեարկել խորհրդի 20 անդամ, 2-ը՝ կողմ:

Առաջարկվում էր դիմել շահագործողին` խնդրելով հաշվարկներով ներկայացնել հետագա գործողությունների ծրագիրը, ուսումնասիրել հին մասնաշենքի շահագործման հնարավորությունը, ինչպես նաև քննարկել շենքը մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Հանրային խորհուրդը, հաշվի առնելով հանձնաժողովնրում տեղի ունեցած քննարկումներն ու հանրայի կարծիքը, դեմ էր արտահայտվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու առաջարկին:

Քննարկմանը օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հայտարարել էր, որ ընկերության պատճառաբանությունը, թե շենքը վթարային է, իրականությանը չի համապատասխանում:

Ճարտարապետի համար անհասկանալի պատճառներով շենքը ժամանակին հուշարձանների ցանկից հանվել էր, իսկ այն վարձակալած «Կորպորացիոն Ամերիկան» խախտել էր պայմանագիրը, որը կնքվել էր 2001-ին, ուստի դրա իրական սեփականատերը՝ ՀՀ կառավարությունը, պետք է կազմակերպության ձեռքից վերցնի այն և տա այնպիսի ընկերության, որն ընդունակ է շահագործելու՝ պահպանելով այն: Շահագործողը հայտարարություն էր արել, թե հին համալիրի պահպանումն որպես խնդիր իրենց առջև դրված չի եղել և այժմ, երբ առաջացել է օդանավակայանի ընդլայնման հարցը, կոնցեսիոները նպատակահարմար է գտնում ընդլայնել այն հենց դրա հաշվին:

Շահագործողը որպես հիմնավորում նշել էր նաև այն, որ հին համալիրը հնարավոր չէ օգտագործել ներկայիս ավիացիոն պահանջների համար: Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Սեպտեմբերի 26-ին կայացած քննարկմանը Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչը Հանրային խորհրդին խոստացել էր, որ հաշվի կառնեն խորհրդի կարծիքը:

1961-ին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980-ին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---