Բաքուն զինտեխնիկա է կուտակում ԼՂՀ շփման գծում՝ չգիտակցելով, որ նոր պատերազմն իր համար վերջինը կլինի

Բաքուն զինտեխնիկա է կուտակում ԼՂՀ շփման գծում՝ չգիտակցելով, որ նոր պատերազմն իր համար վերջինը կլինի

PanARMENIAN.Net - Վերջին օրերին, սահմանագծին առկա լարվածությունը համեմատաբար նվազել է, սակայն կողմերը շարունակում են կորուստներ կրել: Ավելին, ԼՂՀ ՊՆ-ն հաստատել է տեղեկությունները, որ շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, ԵԿՄ ներկայացուցիչ Կարեն Սարիբեկյանի խոսքով, Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը մեկ բառով կանվանի՝ շանտաժ: «Չեմ կարծում, թե Ադրբեջանում այսքան շուտ մոռացած լինեն այն ամենը, ինչը տեղի ունեցավ 90-ականների սկզբին ռազմաճակատում և առավել փորձառուները լավ գիտեն, թե ինչ կլինի իրենց հետ` պատերազմի վերսկսման դեպքում: Պատերազմը ենթադրում է երկուստեք կորուստներ, սակայն եթե Ադրբեջանը կրկին պատերազմ սկսի, ապա այս անգամ հետևանքները նրա համար անդառնալի կլինեն»,- նշել է Սարիբեկյանը, գրում է Panorama.am-ը:

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, մեկնաբանելով իրավիճակի սրումը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային վերլուծական հետազոտական կենտրոնի տնօրեն, Մարշալի հիմնադրամի (Գերմանիա) գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Անդրեյ Կազանցևը հայտարարել է, որ հիմա չի կարող պատերազմ սկսվել: «Նոր պատերազմն արմատապես կտարբերվի 90-ականների պատերազմից: Առաջին հերթին այն պատճառով, որ այն ժամանակ քաղաքական ու տնտեսական իրավիճակը միանգամայն այլ էր: Նոր էր փլուզվել ԽՍՀՄ-ը: Երկրների կառավարությունները թույլ էին: Ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում ուժեղ առաջնորդ չկար: Չկար մեկը, որի հետ կարելի էր համաձայնության հասնել: Սակայն, այժմ իրավիճակը փոխվել է: Հակամարտության կարգավորման հնարավորություն, թեև ոչ մոտ ապագայում, դեռ կա»:

Կազանցևը նշել է, որ ճակատային գծում ոչ ոք չի հսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: «Իրականում հրադադարի ռեժիմի պահպանումը պետք է երրորդ կողմը վերահսկի: Բայց ոչ ոք դա չի անում, ուստի կողմերը մշտապես դիվերսիաների են դիմում: Պատասխանատվությունը կրում է միջազգային հանրությունը, որը չի վերահսկում հրադադարի ռեժիմը, չի հետաքննում միջադեպերը, ինչը սխալ է: Այդ տարածքում կարող է ահաբեկչություն տեղի ունենալ կամ այլ միջադեպ, որի արդյունքում կարող են բազմաթիվ զոհեր լինել: Մի խոսքով, իրավիճակի սրման պատասխանատվությունը կրում է միջազգային հանրությունը»: Ըստ քաղաքական փորձագետի, մեծ պետությունները, մասնավորապես, արևմտյան երկրները, շահագրգռված չեն, որ պատերազմը Ղարաբաղում վերսկսվի»:

Ինչպես գրել է ադրբեջանական Haqqin.az-ը, չգիտես ինչու թուրքական «Yeni Safag» թերթի վրա հղումով, ադրբեջանական բանակը մեծ քանակի տանկեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի ԶՈւ հետ շփման գծում: Ըստ տեղեկատվության, վերջին երկու օրերին տանկերը կուտակվում են այն տարածքներում, որտեղ վերջին օրերին զինված բախումներ են եղել հայկական ու ադրբեջանական զորքերի միջև:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են, վիճակը կայուն է:

Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---