Ամանորը Հայաստանում. 2013-ի վերջին 80 հազար ՀՀ քաղաքացի՞ է վերադարձել ընտանիք

Ամանորը Հայաստանում. 2013-ի վերջին 80 հազար ՀՀ քաղաքացի՞ է վերադարձել ընտանիք

PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013-ի դեկտմբերի 31-ի դրությամբ Հայաստանը լքած ՀՀ քաղաքացիների թիվը` 42 հազար 1 մարդ:

Առաջին հայացքից ոչ այնքան դրական թվացող այս թիվն իրականում պատմում է, որ անցած տարվա հոկտեմբեր-դեկտեմբերի ամիսներին Հայաստան է վերադարձել 80 հազար 190 Հայաստանի քաղաքացի, քանի որ նույն վիճակագրական ծառայության տվյալներով` 2013-ի հունվար-սեպտեմբերին երկրից դուրս եկած ու չվերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը 122 հազար 191 էր:

Կարելի է ենթադրել, որ այդ 80 հազար 190 ՀՀ քաղաքացիները, այն տղամարդիկ (արդեն նաև կանայք) են, որոնք ժամանակավոր աշխատանքի էին մեկնել այլ երկիր` հիմնականում Ռուսաստան, ու վերադարձել են Հայաստան` ընտանիքի հետ նոր տարին դիմավորելու: Նրանք, ըստ ամենայնի, կրկին մեկնելու են:

Կա մեկ այլ` վիճակագրական ավելի մեղմ թիվ` 2013-ին Հայաստանի սահմանահատումների սալդոն` 31 հազար 188 մարդ, որն ավելի փոքր է 42 հազար 1 մարդուց, որովհետև, տվյալներից հետևում է, որ ավելի մեծ թվով ոչ ՀՀ քաղաքացիներ են անցած տարի եկել և մնացել են Հայաստանում, քան ՀՀ քաղաքացիներ:

Փաստորեն, 2013-ին էլ Հայաստանի մշտական բնակչության թիվը կրճատվել է` 3 մլն 26 հազարից դառնալով 3 մլն 17 հազար, մինչդեռ, դեռևս 2011-ի հոկտեմբերին, երբ անցկացվում էր Մարդահամար 2011-ը, երկրի առկա բնակչությունը 2,8 մլն էր:

Այսպիսով, 2013-ն էլ համալրում է Միգրացիոն պետական ծառայության` սահմանահատումների բացասական սալդո արձանագրած տարիների ցանկը: Ու, ըստ այդմ` 2007-2013 թվականներին, այսինքն` վերջին 7 տարիներին Հայաստանից մեկնած ու չվերադարձածների թիվը հասել է 270 հազար 300 մարդու:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---