Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը. Այս շաբաթ` մոտ 1700 անգամ

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը. Այս շաբաթ` մոտ 1700 անգամ

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանահատվածում արձանագրված դիվերսիոն գործողություններով մեկնարկած նախորդ շաբաթվա լարվածությունը պահպանվեց նաև անցնող 7 օրվա ընթացքում:

Բացի ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառումից, հակառակորդը առաջնագծի մի շարք հատվածներ էր դուրս բերել նաև որոշակի քանակությամբ ծանր զրահատեխնիկա, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ հակաօդայինները առաջնային գծից մոտ 30-35 կմ հեռավորությամբ՝ Ադրբեջանի օդային տարածքում հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրեջք:

Ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1700 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 000 կրակոց:

Հունվարի 20-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված երկու հետախուզադիվերսիոն գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտման մոտ 3000 դեպքի արդյունքում ՊԲ-ն երկու կորուստ է կրել:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Նույն ժամանակահատվածում իր իսկ կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 8 զոհ, երկու տասնյակից ավելի վիրավոր և որոշ քանակությամբ հատուկ նշանակության սպառազինություն:

Չնայած առաջնային գծում լարվածության պահպանմանն ուղղված ադրբեջանական կողմի փորձերին, այդուհանդերձ արձանագրված փաստերից կարելի է եզրակացնել, որ ՊԲ առաջապահ ուժերը շարունակում են իրենք թելադրել և հարկ եղած դեպքում նաև իրենց կամքը պարտադրել հակառակորդին:

Վերջերս թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել էին նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատարի դուստրը վիրավորվել էր Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել էին Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել էին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---