Կասպրշիկը չցանկացավ նշել շփման գծում սադրանքների իրական մեղավորին

Կասպրշիկը չցանկացավ նշել շփման գծում սադրանքների իրական մեղավորին

PanARMENIAN.Net - Մտահոգություն են առաջացնում հրադադարի խախտումներն ու կորուստները հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում և սահմանին: Այդ մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Ըստ նրա, յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է, որը կարելի է կանխել՝ պահպանելով հրադադարի ռեժիմը: «Ցավոք, վերջին շաբաթներին իրավիճակն էլ ավելի սրվեց և հետագա սրացման ռիսկը թերագնահատվում է»,-ասել է նա:

Կասպրշիկը նշել է, որ լարվածության աճի վկան է եղել շփման գծում դիտարկման ժամանակ: «Չնայած, որ երկու կողմերի հրամանատարները երաշխավորում էին, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի և խմբի այցելությունն անվտանգ կլինի, կրակ բացվեց»,-ասել է նա: Հրադադարի պահպանման պատասխանատվությունը կրում են «երկու կողմերը», ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փարիզում կոչ են արել կողմերին անվերապահորեն պահպանել հրադադարի պայմանները: Համանախագահները նշեցին, որ վերջին շրջանի իրադարձությունները վնասում են բանակցություններին ու նվազեցնում են խաղաղ կարգավորման հեռանկարները: Վերջերս համանախագահ երկրների ԱԳՆ ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին լիովին պահպանել հրադադարի ռեժիմը: Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են և այդ հարցը քննարկման թեմա կհանդիսանա համանախագահների տարածաշրջանային այցի ժամանակ»,-ասել է Կասպրշիկը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալթերը նույնպես մտահոգություն է հայտնել զինվորականների ու քաղաքացիական անձանց մահվան ու վիրավորվելու կապակցությամբ:

«Բուրկհալթերը կոչ է արել կողմերին օգտագործել արժեքավոր հնարավորությունները, որ ընձեռում են ԵԱՀԿ համանախագահների այցերը սահման ու շփման գիծ, միմյանց հետ անմիջական շփման համար՝ նվազեցնելով լարվածությունը»,-ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների փարիզյան հանդիպմանը՝ Կասպրշիկը նշել է, որ նախարարներն ու համանախագահները քննարկումներ են ունեցել խաղաղ գործընթացն առաջ տանելու շուրջ:

«Նախարարները ևս մեկ անգամ նշեցին, որ ցանկանում են աշխատել խաղաղ կարգավորման հասնելու համար: Համանախագահները կշարունակեն համագործակցությունն այդ ուղղությամբ հաջորդ այցի ժամանակ»,-ասել է նա:

Ինչպես և ակնկալվում էր, Անջեյ Կասպրշիկը այդպես էլ չանվանեց շփման գծում լարվածության իրական մեղավորին:

Արդեն մոտ 10 օր է թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են, վիճակը կայուն է:

Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի հաղորդագրության, ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1700 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 000 կրակոց:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---