Ֆրանսիայում աշխատում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վրա

Ֆրանսիայում աշխատում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վրա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստեն Տոբիրան Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ճաշկերույթին հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունն աշխատում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վրա: Ինչպես PanARMENIAN.Net ին փոխանցեց ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, ամենամյա հավաքը հունվարի 29-ին էր՝ 2001-ին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը: Միջոցառմանը, որն անցել է Շառլ Ազնավուրի հովանու ներքո, ներկայացվել է պաշտոնական լոգոտիպը, որն օգտագործվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներում:

CCAF-ը ներկայացրել է «Առաքելություն 2015» ակցիան, որի շրջանակում 2015-ի ապրիլի 24-ին կղողանջեն Ֆրանսիայի բոլոր եկեղեցիների զանգերը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը շուտով կրկին կընդգրկվի Ֆրանսիայի քաղաքական օրակարգում, քանի որ, ինչպես հայտարարեց նախագահ Օլանդը, «իրենք չեն հրաժարվել օրենքից, որով նախատեսվում է քրեականացնել 1915-ի. իրադարձությունների ժխտումը»: Դա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն է:

Ակնկալվում է, որ օրինագծի մասին պաշտոնապես կհայտարարվի Օլանդի Հայաստան այցելության ժամանակ, որը տեղի կունենա 2014-ի մայիսին:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---