Ներկայացվեց առաջին հայկական պլանշետը. Made in Armenia-ն որակի նշան կդառնա ԱրմԹաբի շնորհիվ

Ներկայացվեց առաջին հայկական պլանշետը. Made in Armenia-ն որակի նշան կդառնա ԱրմԹաբի շնորհիվ

PanARMENIAN.Net - Հայկական առաջին պլանշետը ոչ միայն կարող է աշխարհին Հայաստանի տեղեկատվական տոխնոլոգիաների ոլորտի մասին պատմել, այլև կրթական հեղափոխություն անել հայաստանյան դպրոցներում:

2015-ի սեպտեմբերի 1-ից Հայաստանի բոլոր առաջին դասարանցիները հայկական օպերացիոն համակարգով գործող ԱրմԹաբ պլանշետ այսուհետ կստանան նոր ձևով սկսելով դասապրոցեսը` հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` հայկական պլանշետի` փետրվարի 4-ին կայացած առաջին պաշտոնական ցուցադրության ժամանակ:

Մտադրությունը կնքվեց Աշոտյանի ու ԱրմԹաբի արտադրությունը ձեռնարկած «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրով:

Ընկերությունը ԱրմԹաբի արտադրությունը Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտում դեռ չի սկսել, հիմա կառուցում են գործարանը, իսկ մինչ այդ հանրությանը ներկայացնում են իրենց առաջիկա արտադրանքի մոդելները:

Ընկերությունը նախատեսում է 6,5 մլն դոլար ներդնել արտադրությունում` առաջին փուլում 50 հազար պլանշետի թողարկմամբ:

«Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որ 2014-ի արդեն երկրորդ եռամսյակում զարկ տանք արտադրության բուն գործընթացին՝ նպատակ դնելով մոտ ապագայում Հայաստանում սկսել պլանշետների հիմքը հանդիսացող PCB պլատաների նախագծումը և մշակումը»,- նշեց Վահան Չակարյանը:

ԱրմԹաբերն աշխատելու են Հայաստանում ստեղծված «Արաքս» օպերացիոն համակարգով և «Ոստայն» օգտագործողի միջավայրով, որոնց հեղնիակը «Ինստիգեյթ Դիզայն» ընկերությունն է: Պլանշետներում ներդրվելու են «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների և Mlab ECA Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները:

«Որակը ճիշտ ապահովելու այն մշակույթը, որ ունի հայ ժողովուրդը, թույլ է տալիս մեզ վստահ ասել, որ հայ արտադրության որակը ոչնչով չի զիջի աշխարհում հայտնի նմանատիպ արտադրություններին»,- ասաց Չակարյանը:

Հայկական տեխնոլոգիական մտքով ու արտադրության որակով հիացած ԱրմԹաբի արտադրության համահիմնադիր Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենն իրենց արտադրությունը հենց Հայաստանում սկսելու հանգամանքը պայմանավորեց ներգրավված աշխատակազմի և գործընկերների թվով, Կառավարության ցուցաբերած աջակցությամբ: Նա նշեց, որ Minno Tablet ընկերությունը կապահովի նախագծի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

«Խոնարհվում եմ հայ տեխնոլոգիական մտքի և ներուժի առաջ և համոզված եմ, որ շատ շուտով նաև մեր աջակցությամբ, Հայաստանն իր լայն ճանաչումը կստանա ամբողջ աշխարհում` որպես բարձր տեխնոլոգիական երկիր»,- նշեց Ռայենը` կարևորելով հանգամանքը, որ բարձր արդյունավետության մատչելի պլանշետներն ավելի մեծ թվով կրթական հաստատությունների համար հասանելի կլինեն:

«Made in Armenia պիտակը ԱրմԹաբի շնորհիվ որակի նշան կդառնա»,- հավելեց նա:

Հայաստանում պլանշետների արտադրությունը լրջագույն հաջողություն գնահատեց նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Կարծես թե Հայաստանի Հանրապետությունը երկրաժամկետ առումով գտնում է նաև իր տնտեսության մասնագիտացման կարևորագույն ոլորտը»:

«Մենք ունենք հարաբերական առավելություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և պարտավոր ենք այդ հարաբերությունից օգտվել: Եթե կարողանանք այս ոլորտի բոլոր պտուղները քաղել, ապա ևս տասը տարի հետո մեր տնտեսությունը կլինի արդյունավետ ու մրցունակ»,- հավելեց վարչապետը:

Ներկայացնելով 2013-ի ցուցանիշները, վարչապետը հայտնեց, որ տեղեկատվական տոխնոլոգիաների ոլորտում տնտեսական աճն ունի շարունակական բնույթ ու 2013-ին այն կազմել է 20 տոկոս, 2012-ի հատեմետ, որից 12 տոկոսը բաժին է ընկել արտահանմանը:

ՏՏ դարաշրջանում, ըստ Սարգսյանի, փոխվել է մտածողությունը, ինչը պարտադրում է առաջին հերթին կրթական համակարգում օգտագործել բարձր տեխնոլոգիաները, որպեսզի այդ մտածողության փոփոխությունը ներդրվի կրթությունում:

Հավելելով վարչապետին` նախարար Աշոտյանը նշեց, որ աշխարհում մի տասնյակ երկիր կարող է իրեն թույլ տալ կրթական համակարգը փոխելու նման փորձ անել:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի գնահատմամբ` ԱրմԹաբի արտադությունը լավ օրինակ է, որ ցույց է տալիս ՏՏ ոլորտը զարգացնելու հնարավորությունը, ինչն էլ նպաստելու է ճարտարագիտության զարգացմանը:

«Ընկերությունն ունի կարևորագույն առաքելություն: Այն առաջին շահագործողն է լինելու ազատ տնտեսական գոտում, որն իրական գործիք է նորարական ընկերության համար` հավելյալ արժեքով աշխատատեղեր ապահովելու համար»,- ասաց Ավանեսյանը:

«Մենք ունենք մրցունակության հավակնություններ ու շատ բան կախված է առաջնեկներից»,- ընդգծեց Ավանեսյանը:

ԱրմԹաբում կիրառվելիք հայկական կրթական ծրագրերը ներառում են ինչպես Այբուբենի, այնպես էլ Ազգային պարի, Գրաբարի, Բարբառների ուսուցման և այլ հավելվածներ:

Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռնարկությունների 80 տոկոսը հայկական են: 2013-ին ոլորտում զբաղվածությունն աճել է:

9  04.02.14 - ՀՀ կառավարություն. ԱրմԹաբ հայկական առաջին պլանշետի շնորհանդեսը
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---