Լիբիայում ոչնչացվել է առավել վտանգավոր քիմզենքի պաշարը

Լիբիայում ոչնչացվել է առավել վտանգավոր քիմզենքի պաշարը

PanARMENIAN.Net - Լիբիայի ԱԳ նախարար Մոհամմեդ Աբդել Ազիզը հայտարարել է, որ իր երկիրն ավարտել է առավել մեծ վտանգ ներկայացնող քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործընթացը: «Լիբիան ամբողջովին ձերբազատվեց քիմիական զենքի պաշարներից, որոնք դեռ պիտանի էին կիրառման համար և սպառնալիք էին տեղաբնակների, շրջակա միջավայրի ու մերձակա շրջանների համար»,-ասել է Մոհամմեդ Աբդել Ազիզը, հայտնում է ВВС-ին: Ըստ նրա, այսպիսի արդյունքը հնարավոր չէր լինի առանց միջազգային հանրության աջակցության: Քիմիական արսենալների ոչնչացման գործում Լիբիային օգնել են Գերմանիան, Կանադան ու ԱՄՆ-ն: Ամբողջությամբ գործընթացը ավարտին կհասցվի մինչև 2016 թվականը:

«Այդ զինամթերքի ոչնչացումը մեծ գործ էր դժվարին, խնդրահարույց պայմաններում, որոնց ականատեսը մենք այսօր դարձանք քիմզենքի ոչնչացման Ռուվագի օբյեկտում: Սկզբից մինչև վերջ այդ խնդիրների լուծումը Լիբիայի, ՔԶԱԿ և այլ երկրների սերտ համագործակցության արդյունք է»,-հայտարարել է ՔԶԱԿ ղեկավար Ահմեդ Ուզյումջյուն:

Ըստ կազմակերպության, հանգուցյալ Մուամմար Քադդաֆիի կառավարման օրոք Լիբիայի տարածքում ստեղծվել էին քիմիական զենքի մի քանի պահեստներ:

Դեռ 2004 թվականին Լիբիան միացավ Քիմիական զենքի արգելման կոնվենցիային, հայտարարեց իր արսենալների չափերի մասին ու համաձայնվեց ոչնչացնել այն:

Ըստ նախկին իշխանությունների, Լիբիայում 25 մետրիկ տոննա իպրիտ կար և 1,4 հազար տոննա հումք քիմիական զենքի պատրաստման համար: Լիբիական իպրիտի ոչնչացման ծրագիրը կասեցվեց 2011 թվականին ՆԱՏՕ-ի ռազմական գործողության մեկնարկի հետ:

Սիրիայում նույնպես քիմիական զենքի դուրս բերման գործընթաց է ըստ Սիրիայի կառավարության ու ՔԶԱԿ միջև պայմանավորվածության՝ Ռուսաստանի ու ԱՄՆ միջնորդությամբ:

2013 թվականի օգոստոսի 28-ին թուրքական Vatan թերթի կայքում զետեղվեց «Քիմիական զենքը սիրիացի իսլամիստների համար արտադրվում է Թուրքիայում» տեսանյութը: Թերթը գրում է, որ այն ժամանակ, երբ Արևմուտքը պատրատվում է հարված հասցնել Սիրիային պատժելու համար նախագահ Ասադին խաղաղ բնակիչների դեմ քիմզենքի օգտագործման համար, այս տեսանյութը պետք է գրավի բոլոր նրանց ուշադրությունը, ով մտադիր է ռմբակոծել Սիրիան: Ռեակտիվներով տարաների վրա տեսանելի են թուրքերեն գրությունները: ԱՄՆ-ն Ասադին էր մեղադրում օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ:

Մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, համամիտ չեն, որ Ասադը քիմիական զենք է օգտագործել: ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինն ասել է, որ Ասադի հասցեին հնչող մեղադրանքերը «աներևակայելի հիմարություն են»:

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է:

Հոկտեմբերի 6-ին սիրիացիները ոչնչացրել են քիմիական զենքի պաշարների մեծ մասը Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների ղեկավարությամբ: Ըստ ՔԶԱԿ հաստատած ծրագրի ամբողջ քիմզենքը պետք է դուրս բերվի Սիրիայից ոչ ուշ, քան 2014 թվականի փետրվարի 5-ին և ոչնչացվի մինչև 2014 թ. հունիսի 30-ը:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Photo: AFP
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---