Zurich Chess Challenge 2014-ի արդյունքները. Լևոն Արոնյանը երկրորդն է

Zurich Chess Challenge 2014-ի արդյունքները. Լևոն Արոնյանը երկրորդն է

PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին Ցյուրիխում մեկնարկած Zurich Chess Challenge 2014 շախմատային սուպերմրցաշարը փետրվարի 4-ի երեկոյան ավարտվել է: Ընդհանուր հաշվարկում (կայծակնային խաղ (բլից), դասական խաղ, արագ խաղ) առաջին տեղը 10 միավորով գրավել է աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ տեղում է Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, երրոդն իտալացի Ֆաբիանո Կարուանան է:

Նշենք, որ սուպերմրցաշարի նախավերջին տուրում Արոնյանին երկրպագելու համար Ցյուրիխ էր եկել նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Ամերիկացի Հիկարու Նակամուրայի դեմ պարտիայում այդ օրվա հաղթանակը գրոսմայստերը նվիրել էր շանսոնյեին:

«Այսօրվա խաղս նվիրվում եմ մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այդքան սիրալիր գտնվեց ու այցելեց ինձ այստեղ՝ Ցյուրիխում»,- Twitter-ի իր էջում հաղթանակից հետո գրել էր Արոնյանը՝ տեղադրելով Ազնավուրի հետ լուսանկարը:

Zurich Chess Challenge-ը հիմնական կրկնվող միջազգային շախմատային մրցաշարներից է, այս տարվանն արդեն Ցյուրիխի թվով երրորդ սուպերմրցաշարն էր: Zurich Chess Challenge 2012-ը 6 խաղանոց մրցաշար էր ռուս Վլադիմիր Կրամնիկի ու Լևոն Արոնյանի միջև, որն ավարտվեց 3-3 հաշվով՝ մասնակիցներից ամեն մեկը հաղթեց մեկական խաղ, մնացած չորսն ավարտվեցին ոչ ոքիով: Նախորդ տարի մրցաշարում Հայաստանը մասնակից չի ունեցել:

Լևոն Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարն է, 2005-ին աշխարհի գավաթակիրը, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի հաղթող, Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ հաղթել է շախմատի համաշխարհային օլիմպիադաներում, 2011-ին՝ աշխարհի թիմային առաջնությունում։ 2014-ի հունվարի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է (2812)։

Photo: Zurich Chess Challenge
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---