Գերմանիայի կանցլերը թերահավատ է ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք անդամության հարցում

Գերմանիայի կանցլերը թերահավատ է ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք անդամության հարցում

PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը մի գործընթաց է, որի վերջնական արդյունքը դեռ պարզ չէ: Այսպես է բնութագրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2005 թվականից ի վեր ընթացող Անկարայի ու Բրյուսելի երկխոսությունը: Բեռլինում նա բանակցել է թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ֆինանսական ճգնաժամն եվրոյի գոտում ու Թուրքիայի ակտիվ մասնակցությունը միջազգային խնդիրների լուծմանը, մասնավորապես, Սիրիայում և Եգիպտոսում, թույլ տվեցին Էրդողանին ի պատասխան հայտարարել. «Թուրքիային Եվրամիությունն այնքան անհրաժեշտ չէ, որքան Թուրքիան պետք է միավորված Եվրոպային: Մենք հուսով ենք, որ Գերմանիան լիովին կսատարի մեզ ԵՄ ճանապարհին և անդամակցության ժամանակ: Մենք կցանկանայինք, որ Գերմանիան ավելին անի այդ ուղղությամբ, քան նախկինում: Մինչ օրս դա բավարար չէր»:

Գերմանիայի կանցլերը, որտեղ այժմ մոտ 3 մլն թուրք է բնակվում, ընդգծեց իր հոռետեսությունն այս հարցում. «Գաղտնիք չէ, և իմ դիրքորոշումը չի փոխվել, որ ես բավականին հոռետեսորեն եմ վերաբերվում Եվրամիությանը Թուրքիայի լիարժեք անդամակցության հարցին: Սակայն հիմա դա մեզ չի մտահոգում, քանի որ մենք մի գործընթացի մեջ ենք, որի արդյունքը դեռ պարզ չէ: Բայց մենք ցանկանում ենք առաջ մղել այդ գործընթացը»: Էրդողանը հավաստիացրել է Մերկելին, որ երկիրը կշարունակի բարեփոխումները: Սակայն, վերջին շրջանում հենց այդ բարեփոխումներն են քննադատության ենթարկվում միջազգային հանրության կողմից իրավապահ մարմիններում զտումների համար, մամուլի ազատության սահմանափակման ու անցած ամռանը ցույցերը դաժան միջոցներով ցրելու համար:

Բրանդենբուրգյան դարպասների մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել Էրդողանի այցի դեմ: Նրա մասնակիցները, որոնք գերմանաբնակ թուրքերի տարբեր քաղաքական ու էթնիկ խմբեր են ներկայացնում, դեմ էին չափավոր իսլամիստների այս կառավարության քաղաքականությանը, հայտնում է euronews-ը:

Հունվարի 27-ին Թուրքիա պաշտոնական այցի առաջին օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ Թուրքիայի իշխանություններն այլևս չպիտի շարունակեն հերքել 1915-ին Օսմանյանն կայսրությունում հայերի մասսայական սպանդը: «Նման իրադարձությունները հիշելը միշտ էլ ցավալի է, բայց անհրաժեշտ է»,- ասել է նա Անկարայում մամուլի ասուլիսում, գրում է «Գազետա. ռու»-ն` հղում անելով Agence France-Presse-ին: Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման մասին, Օլանդը նշել է, որ «շարժվելու են միայն ճիշտ ուղղությամբ», նշելով, որ ինչպես ցեղասպանության փաստը, այնպես էլ դրա ժխտումը քրեօրեն պատժելի է։ Ֆրանսիան 2001-ին Ցեղասպանություն էր որակել Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական սպանդը։ Վերջին 22 տարվա ընթացքում սա Ֆրանսիայի նախագահի Թուրքիա առաջին այցն է: Դրա ընթացքում Ֆրանսիայի նախագահը նաև այցելել է Հրանտ Դինքի կնոջը։ Մինչդեռ Թուրքիայում լուրջ սկանդալ է արդեն ոչ միայն իշխանության բարձրագույն էշելոններում կոռուպցիայի պատճառով, այլ նաև Էրդողանի կողմնակիցների ու հակառակորդների միջև: Այս ամենը տեղի է ունենեում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ, որոնք կայանալու են մարտին և որտեղ իշխող ԱԶԿ-ն կարող է պարտվել:

Photo:dpa
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---