Արտաքին պարտքն աճում է. ԱՄՀ-ն նախնական հաստատել է Հայաստանի` 125 մլն դոլար վարկը

Արտաքին պարտքն աճում է. ԱՄՀ-ն նախնական հաստատել է Հայաստանի` 125 մլն դոլար վարկը

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմը նախնական հավանություն է տվել Հայաստանին 125 մլն դոլարի ևս մեկ վարկ տրամադրելու ծրագրին 3 տարի 2 ամիս ժամկետով` որպես աջակցություն Կառավարության ու Կենտրոնական բանկի` 2014-2017 թվականների տնտեսական ու ֆինանսական քաղաքականությանը` հայտնել է միջազգային ֆինանսական կառույցը տարածած մամուլի հաղորդագրությունում:

«Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի հայտի վերաբերյալ ԱՄՀ ներկայացուցիչները Հայաստանի իշխանություններին հետ համաձայնության են եկել փետրվարի 5-ին` հիմնվելով նախորդ տարվա սեպտեմբերին և դեկտեմբերին քաղաքականության մասին Երևանում կայացած քննարկումների վրա: Ծրագիրը` ԱՄՀ-ի ղեկավարության կողմից հաստատվելու դեպքում, գործադիր խորհրդի քննարկմանը կներկայացվի մարտի սկզբին:

Հաստատվելու դեպքում 125 մլն դոլարը կտրամադրվի վեց մասով` կես տարին մեկ անգամ ստուգում անցկացնելուց հետո: Անցած երեք տարում «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» համաձայնագրերով ԱՄՀ-ն Հայաստանին տրամադրել էր 410 մլն դոլար:

Ըստ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի այդ ծրագրերով նախանշված նպատակները հիմնականում իրագործվել են, սակայն առաջիկա ծրագրի հետ կապված ռիսկեր կան:

«Գնաճն ու տնտեսական աճը շարունակում են մնալ տատանողական. 2013-ի տնտեսական աճը զգալիորեն դանդաղեց, արտաքին հաշվի պակասուրդի ու դոլարայնության բարձր մակարդակը պահպանվում են, ըստ այդմ՝ Հայաստանը խոցելի է ցնցումների նկատմամբ: Պահպանվում են նաև աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշները և անհրաժեշտ է խորացնել բարեփոխումները`տնտեսական աճը սատարելու և ամրապնդելու, ինչպես նաև շարունակելու Հայաստանի վերափոխումը դինամիկ և զարգացող շուկայական տնտեսության ուղղությամբ»,- շեշտադրել է Հորթոնը:

Այդուհանդերձ, ռիսկերը, ըստ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցչի, կառավարելի են. «Արդյունքների նվազման ուղղությամբ ռիսկերի թվում են աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ իրադարձությունները և արտաքին ցնցումները, այդ թվում՝ Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղ տեմպը շարունակվելու համատեքստում, ներհոսքերի թուլացումը»:

Կենտրոնական բանկի տվյալներով` 2013-ին ոչ առևտրային նպատակով Հայաստան փոխանցված գումարների 86 տոկոսը` 1,6 մլրդ դոլարը, եղել է Ռուսաստանից, որը 11 տոկոսով ավելի է 2012-ի ցուցանիշից:

Անցած տարիներին հիմնական ձեռքբերումների շարքում Հորթոնը նշել է հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնումը, ֆինանսական կայունության պահպանումը, տնտեսական աճի վերականգնումը և աղքատության կրճատումը, 2009-ի 14 տոկոս անկումից հետո տնտեսական աճի վերահաստատումը, բյուջեի և արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդների զգալի կոնսոլիդացման ապահովումը և այլն:

ԱՄՀ գնահատմամբ` Հայաստանում շինարարությամբ առաջնորդվող աճի մոդելից ինտեգրված և մրցունակ զարգացող շուկա ձևավորելու համար անհրաժեշտ են վճռական կառուցվածքային բարեփոխումներ, որոնց թվում առանձնացրել են կառավարության նախանշած գործարար միջավայրի բարելավումը, հաստատությունների ամրապնդումը, կապակցվածության և մրցակցության ամրապնդումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար ավելի ամուր հիմքով միջավայրի ստեղծումը և հիմնական ռիսկերի դիմագրավումը՝ հատկապես էներգետիկայի ոլորտում:

«Նշված ջանքերն ակնկալվում է, որ կհանգեցնեն ավելի բարձր ներդրումների և արտահանման ու կնպաստեն արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդի հետագա ճշգրտմանը՝ 2017-ին մինչև ՀՆԱ-ի 6,5 տոկոսը՝ այդպիսով կրճատելով խոցելիությունը»,- Վաշինգթոնում հայտարարել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը:

Մինչև այդ, պաշտոնական տվյալներով, վերջին 5 տարիներին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է` ՀՆԱ-ում դրանց մասնաբաժինը 2008-ի 41 տոկոսից` 2012-ի վերջին դարձել է 23 տոկոսից մի քիչ ավելի, 2013-ի համար վերլուծաբանները նշում են 20 տոկոսի սահմանը:

Եթե ԱՄՀ-ն հաստատի Հայաստանի վարկը` երկրի արտաքին պարտքը կանցնի 4 մլրդ դոլարի սահմանը: Ֆինանսների նախարարության տվյալներով` անցած տարի Հայաստանի արտաքին պարտքը` աճելով 4,4 տոկոսով, կազմել է 3,9 մլրդ դոլար, որն ընդհանուր պետական պարտքի 85 տոկոսն է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---