ՊՆ. ՀԱՊԿ անդամ երկրները պարտավոր են աջակցել Հայաստանին, թե իրականում ինչպես կստացվի՝ ընթացքում կերևա

ՊՆ. ՀԱՊԿ անդամ երկրները պարտավոր են աջակցել Հայաստանին, թե իրականում ինչպես կստացվի՝ ընթացքում կերևա

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով աշխատանքային այցով ժամանել էր Երևան: Երեկոյան նա արդեն հասցրել էր հանդիպել ՀՀ նախագահին ու պաշտպանության նախարարին:

Նախարար Սեյրան Օհանյանի ու Բորդյուժայի հանդիպմանը մասնակցել էր նաև ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Բանակցությունների ընթացքում քննարկվել էին ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային հարցերը, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Ավելի ուշ Նիկոլայ Բորդյուժային ու Ալեքսանդր Ստուդենիկինին ընդունել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել էին ՀԱՊԿ շրջանակում գործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, 2013-ի սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական գործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության կատարելագործման, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Այսօր՝ փետրվարի 5-ին, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակիցներից մեկի խնդրանքով պաշտպանության գերատեսչության ղեկավարն անդրադարձել է հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ պատերազմ հայտարարելու դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները կօգնեն մեր երկրին՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ անդամների շարքում կան նաև թուրքալեզու երկրներ:

Նախարարը նշել է, որ Հայաստանը հիմնադիր պետություններից մեկն է ու այսօր լուրջ աշխատանքներ են տարվում ՀԱՊԿ ռազմաքաղաքական զարգացման, հատկապես՝ ռազմական բաղադրիչի կատարելագործման ուղղությամբ, գրում է Tert.am-ը:

«Տարբեր միջոցառումներին մեր մասնակցությամբ համապատասխան պարտադրման դաշտ ենք ստեղծում, որ եթե վաղը Հայաստանին աջակցելու անհրաժեշտություն լինի, ապա ՀԱՊԿ մյուս պետությունները գոյություն ունեցող կանոնադրությամբ պետք է գան և աջակցեն Հայաստանին: Նրանք պարտավոր են անել դա: Իրականում ինչպես կստացվի, ինչ դերակատարություն կունենան, հատկապես՝ միջինասիական պետությունները, դա արդեն ընթացքում կերևա»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ այսօրվա կանոնադրությունն ու միջոցառումները, հատկապես՝ զորավարժությունների մասնակցությունը, որոշակի վստահություն է ներշնչում, որ նրանք պարտավոր են այդ ամենն իրականացնել:

Վերջերս տարբեր շրջանակներում խոսվում էր, որ ՀԱՊԿ-ը ոչ մի կերպ չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանականշփման գծում հակառակորդի կողմից ակտիվությանը, այն դեպքում, երբ Հայաստանը կազմակերպության անդամ է:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Հունվարի 27-ին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հարցին, թե ի՞նչ են մտածում կազմակերպության անդամ Հայաստանի ու կազմակերպության մաս չկազմող Ադրբեջանի միջև շարունակվող զինված ընդհարումների մասին, որոնց արդյունքում հայկական կողմից կան կորուստներ, ասել էր, որ զինված ընդհարումների մասին առաջին անգամ է տեղեկանում, հետևաբար որևէ կարծիք հայտնել չի կարող, ինչպես նաև չի կարող փոխանցել, թե այդ կապակցությամբ ինչ են մտածում ՀԱՊԿ-ում:

Փետրվարի 1–ին մամուլի ասուլիսում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանն և ՀԱՊԿ արձագանքի բացակայությանը, չէր համաձայնել, թե ՀԱՊԿ-ը լռում է: Կազմակերպության քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս արձագանքել է այդ սադրանքներին, նշել էր Բաղդասարյանը.

«Չենք կարող ակնկալել, որ ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի յուրաքաչյուր դեպքին, ինչքան էլ ողբերգական ու դատապարտելի դրանք չլինեն: Դա նրանց իրավունքն է»,- նշել էր Բաղդասարյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս արձագանքել է սադրանքներին:

Նա նաև ասել խոստացել էր Բորդյուժայի Հայաստան այցի ընթացքում մեկ անգամ ևս խոսել լարվածության մասին. «Ադրբեջանը նախահարձակ է լինում ու օգտագործում իր դիպուկահարներին, բայց հաջորդ օրը պաշտոնական հաղորդագրություն է տարածում, թե հայկական կողմից եղել է դիվերսիոն հարձակում, ինչն էլ հերքվում է մեր կողմից: Այսինքն` նախահարձակ է լինում ու գցում դիմացինի վրա»,- ասել էր նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---