8  05.02.14 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին
10  05.02.14 - ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ցույց անցկացրին հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերաբերմունքի դեմ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Երևանում կիսվել են Բաքու այցի տպավորություններով

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Երևանում կիսվել են Բաքու այցի տպավորություններով

PanARMENIAN.Net - Այսօր՝ փետրվարի 5-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորն ու Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքվից ժամանել էին Երևան: Նրանք արդեն հանդիպել են ՀՀ նախագահին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները Բաքու էին ժամանել փետրվարի 2-ին: Հաջորդ օրը նրանց էին միացել նաև Իգոր Պոպովն ու Անջեյ Կասպրշիկը: Միջնորդները հանդիպել էին Ադրբեջանի նախագահին ու ԱԳ նախարարին:

Բաքվում Կասպրշիկն անդրադարձել էր վերջերս հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը, որի արդյունքում կորուստներ էին եղել: Նա նշել էր, որ հրադադարի խախտումներն ու կորուստները հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում և սահմանին մտահոգություն են առաջացնում: Ըստ նրա, յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է, որը կարելի է կանխել՝ պահպանելով հրադադարի ռեժիմը: Կասպրշիկը նշել էր նաև, որ շփման գծում դիտարկման ժամանակ լարվածության աճի վկան է եղել:

Արդեն Երևանում ԱԳՆ շենքի մուտքի մոտ համանախագահներին ու Կասպրշիկին բողոքի ակցիայով դիմավորել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական խորհրդի և երիտթևի անդամները:

Նրանք վանկարկում էին «Ո՛չ երկակի ստանդարտներին», «Դեմ ենք Մինսկի խմբի համանախագահների վարած քաղաքականությանը», երբ համանախագահները ժամանեցին, ներս մտան՝ հրաժարվելով պատասխանել ինչ-որ հարցերի, գրում է Tert.am-ը:

«Այստեղ ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հիշեցնենք իրենց առաքելության մասին»,- լրագրողներին ասել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, երիտմիության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը՝ հավելելով, թե առաքելությունը նրանում է, որ նպաստեն խաղաղության պահպանմանը, բայց իրենց գործողություններով նրանք ուղղակիորեն նպաստում են պատերազմի վերսկսմանը: Վարդանյանը նաև նշել է, որ հավասարություն դնել հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունների միջև նշանակում է նպաստել, խրախուսել Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական, ագրեսիվ քաղաքականությանը և նրան թույլ տալ շարունակել այն։

«Համանախագահներից պահանջում ենք համապատասխան վերաբերմունք և կեցվածք դրսևորել, իրերը կոչել իրենց անուններով»,- նշել է երիտասարդը:

Հասնելով նախարարություն, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Համանախագահներն Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: Նախարար Նալբանդյանը կարևորել է ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների կանխարգելման անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքը, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում էր հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Այդ համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը համակարծիք է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ պետք է լիարժեք իրագործել 1994-ի մայիսին հաստատված զինադադարի և 1995-ի փետրվարին զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնությունները և կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունները, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Իմիջիայլոց, այս անգամ համանախագահներն Ստեփանակերտ չեն մեկնի, պատճառը վերջիններիս տարածաշրջանային այցի օրակարգն է, ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, գրում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ համանախագահների օրակարգում` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների մակարդակով նոր հանդիպումների կազմակերպումն է:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները և նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետագա քայլերին վերաբերող հարցեր, տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

ՀՀ նախագահն ու համանախագահներն անդրադարձել են նաև Հայաստանի հետ սահմանին և Ադրբեջանի ու Ղարաբաղի շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերին՝ նման միջադեպերը մտահոգիչ համարելով բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը ու դրանից բխող հետևանքները: Անդրադառնալով հունվարին ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին` նախարար Օհանյանը նշել է, որ դրանք հակասում են անցած տարվա նոյեմբերին և մինչև այդ հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին և կարևորել նման դեպքերի հասցեագրված գնահատումը: Այդ առումով նախարարը համանախագահներին կոչ է արել ակտիվացնել աշխատանքները և համապատասխան միջոցներ ու մասնագետներ ներգրավել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար:

Սեյրան Օհանյանը տեղեկացրել է նաև, որ հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի կողմից արձանագրված դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ու հետաքննություն է ընթանում:

Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու Անջեյ Կասպրշիկի տրածաշրջան այցի մասին համաձայնությունը ձեռք էր բերվել Փարիզում, որտեղ նրանք հունվարի 24-ին մասնակցել էին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Երկու երկրի ԱԳՆ ղեկավարները նախ առանձնազրույց էին ունեցել ԵԱՀԿ ՄԽ համախագահների հետ, ապա բանակցությունները շարունակել ընդլայնված ձևաչափով։

Հիմնվելով 2013-ի նոյեմբերի 19–ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, որոնց շարունակությունը դեկտեմբերի 5–ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպումն էր` քննարկվել էին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---