Ի՞նչ արժե օլիմպիական ոսկին

Ի՞նչ արժե օլիմպիական ոսկին

PanARMENIAN.Net - Հավանաբար, Ադրբեջանն ամենաքիչն է հավատում Սոչիում իր մարզիկների հաղթանակին, քանի որ ոսկու համար անհավանական՝ 510 հազար ԱՄՆ դոլար պարգև է խոստացել: Անգամ արծաթի համար ադրբեջանցիներն ավելի շատ կստանան, քան մյուս երկրներների մասնակիցները՝ ոսկու: Արծաթ նվաճած ադրբեջանցի մարզիկը կստանա 255 հազար, իսկ բրոնզ՝ 130 հազար դոլար:

Առատաձեռնությամբ երկրորդ տեղում Ղազախստանն է: Ոսկու համար երկրի Օլիմպիական կոմիտեն խոստացել է 250, արծաթի համար` 150, բրոնզի` 75 հազար ԱՄՆ դոլար:

Լատվիացի մարզիկները «ոսկե» հաջողության դեպքում կհարստանան 192,8 հազարով, արծաթե՝ 96.4, իսկ բրոնզե՝ 67.5 հազար դոլարով, իտալացիները, համապատասխանաբար, 189.8, 101,7 և 67.8 հազար դոլարով, իսկ բելառուսները՝ 150, 75 ու 50 հազար դոլարով: Էստոնացիները հաղթանակի համար կպարգևատրվեն 138.5, 92.3 կամ 60.6 հազար դոլարով, իսկ մայդանի պայքարին հարգելի պատճառներով չհետևող ուկրաինացիները՝ 125, 80 ու 55 հազար ԱՄՆ դոլարով:

Ռուսաստանի հավաքականի մարզիկներին ոսկու համար 4 մլն ռուբլի կամ 113.2 հազար ԱՄՆ դոլար են խոստացել, արծաթի համար՝ 2.5 մլն ռուբլի (70.8 հազար դոլար), բրոնզի՝ 1.7 մլն ռուբլի (48 հազար դոլար): Ի դեպ, առաջին ու դեռևս միակ ոսկին փետրվարի 8-ին տանտերերին բերեց գեղասահքի օլիմպիական հավաքականը: Շվեյցարիայի ազգային օլիմպիական կոմիտեն ոսկու համար 88.6 հազար է սահմանել, արծաթի 77.5, իսկ բրոնզի՝ 66.45 հազար դոլար:

Ֆրանսիացի մարզիկները կստանան համապատասխանաբար 67.8 հազար, 27.1 հազար ու 17.6 հազար ԱՄՆ դոլար:

Հարավային Կորեան գումարից բացի, այսպես ասած, «այլընտրանք» է առաջարկում: Մարզիկները կարող են ընտրել՝ կամ հաղթանակի դեպքում միանգամից ստանում են համապատասխանաբար 62 հազար, 51.67 հազար և 36.17 հազար ԱՄՆ դոլար, կամ էլ այդ նույն գումարը բաշվում է ցմահ թոշակի: Երկրորդ տարբերակն ընտրելիս մարզիկներն ամսական համապատասխանաբար կստանան 923, 692 կամ 484 ԱՄՆ դոլար: Իմիջիայլոց, հարավկորեացի մարզիկների մեծամասնությունը նախընտրում է հենց այս տարբերակը:

Հոլանդացիները, որոնք այսօրվա՝ փետրվարի 10-ի դրությամբ, արդեն երկու ոսկի ու մեկական արծաթ ու բրոնզ ունեն, յուրաքանչյուրի համար համապատասխանաբար կստանան 40.6, 30.5 հազար և 20.3 հազար ԱՄՆ դոլար, իսկ ֆինները՝ 40.6, 20.3 կամ 13.5 հազար ԱՄԴ դոլար:

Հայաստանը ոսկի նվաճած մարզիկներին կտա 30, արծաթ՝ 20, բրոնզ՝ 10 հազար դոլար, գրում է RIA Novosti-ն: Ի դեպ, հայ մարզիկներից երկուսն արդեն ելույթ ունեցել են: Երե՝ փետրվարի 9-ին, մեր հավաքականից Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը մեկնարկել էին սկիաթլոնի 30 կմ դահուկավազքում: Արդյունքում, ոսկե մեդալը հասել էր Շվեյցարիային, արծաթը՝ Շվեդիային, բրոնզը՝ Նորվեգիային: 68 մասնակցի մեջ Սերգեյ Միքայելյանը 46-րդն էր, իսկ Արթուր Եղոյանը՝ 63-րդը:

Շարունակենք. ճապոնացիներին խոստացել են 29.3, 19.6 ու 9.8 հազար ԱՄՆ դոլար, իսկ առայժմ երկու ոսկիով ու երեք բրոնզով աղյուսակում չորրորդ տեղը զբաղեցնող ամերիկացիների համար նախատեսված է 25, 15 ու 10 հազար ԱՄՆ դոլար: Իմիջիայլոց, հենց ամերիկացի սնոուբորդիստը ստացավ Սոչիի Ձմեռային Օլիմպիադայի առաջին ոսկին:

Երկու ոսկիով առայժմ հինգերորդ տեղում են գերմանացիները, որոնք հաղթանակի դեպքում կստանան 20.3 հազար, 13.5 հազար ու 10.15 հազար ԱՄՆ դոլար, իսկ առայժմ երկուական ոսկիով ու արծաթով ու մեկ բրոնզով առաջին հորիզոնականում գտնվող Կանադան իր մարզիկներին կտա 17.9 հազար, 13.4 հազար ու 8.9 հազար ԱՄՆ դոլար: Հաջորդը ավստրալացիներն են, ովքեր ոսկու համար կտան 13 հազար, արծաթի՝ 8,7 ու բրոնզի՝ 6,5 հազար ԱՄՆ դոլար:

Իմիջիայլոց, առայժմ մեկ բրոնզ ունեցող Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Օլիմպիադայի մշտական ֆավորիտներից մեկը՝ Նորվեգիան, ով արդեն երկու ոսկի, մեկ արծաթ ու չորս բրոնզ է նվաճել, իրենց մարզիկներին ոչ մի պարգև էլ չեն տա: Նրանց են միացել նաև առայժմ երկու արծաթով 11-րդ հորիզոնականում գտնվող Շվեդիան ու դեռ մեդալ չունեցող Խորվաթիան: Շվեդիայի ԱՕԿ-ը, օրինակ, պարզաբանելով՝ նշել է, որ առանց այդ էլ տարեկան 11 մլն ԱՄՆ դոլար է ծախսում մարզիկների մարզումների վրա, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Չեմպիոնի կոչումը նվաճած մարզիկներին Ավստրիայի կառավարությունը 21.6 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 17 արծաթե դրամ կտա, արծաթի ու բրոնզի համար՝ համապատասխանաբար 13 ու 11 դրամ:

Սոչիում 22-րդ Ձմեռային Օլիմպիադան մեկնարկեց փետրվար 7-ին, փակումը փետրվարի 23-ին է: Խաղերին 7 մարզաձևում (15 դիսցիպլինայում) 88 երկիր է մասնակցում: Սոչի-2014-ին ընդառաջ պատրաստվել է 98 կոմպլեկտ մեդալ, ընդհանուր առմամբ՝ 1300 հատ:

Դրանք ձուլելու համար ծախսվել է 999 հարգի մոտ 3 կգ ոսկի, 960 հարգի 2 տոննա արծաթ ու 700 կգ բրոնզ, որը ստացել են պղնձի, անագի ու ցինկի խառնուրդից: Նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ «ոսկե» մեդալներն իրականում ոսկուց չեն՝ դրանք արծաթից են, ու միայն 6 գրամանոց վերևի շերտն է ոսկյա:

Այսպիսով, մի ոսկե մեդալը գնահատվել է 550 ԱՄՆ դոլար: Մասնագետների խոսքով, եթե այն ամբողջովին ոսկուց լիներ, ապա կարժենար մոտ 21 հազար դոլար: Արծաթե մեդալն արժե 310 դոլար, բրոնզը՝ 3 դոլար, 25 ցենտ: Գնահատման ժամանակ հաշվի են առել մետաղների շուկայական միջին արժեքը:

Վերջին Օլիմպիադան, որի ժամանակ մարզիկներին մաքուր ոսկուց մեդալներ են շնորհվել, Ստոկհոլմում էր՝ 1912-ին: Այդ տարի խաղարկվել էր 109 կոմպլեկտ: Արդեն հաջորդ տարվանից մարզիկներին սկսեցին ոսկեջրած մեդալներ շնորհել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---