ANCA-ն բաց նամակով դիմել է ամերիկացի օրենսդիրներին

ANCA-ն բաց նամակով դիմել է ամերիկացի օրենսդիրներին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը բաց նամակով դիմել է ամերիկացի օրենսդիրներին Ադրբեջանում կոռուպցիայի և Իլհամ Ալիևի կողմից ժողովրդավարության ճնշման վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասվում է, որ Իլհամ Ալիևը ճնշում է գործադրում ԱՄՆ նահանգների օրենսդիր մարմինների վրա հայերին առնչվող հարցերում վերջիններիս դիրքորոշման պատճառով: «Ադրբեջանն Ալիևների ընտանիքի կառավարման տակ է գտնվում: Գործող նախագահը, որը ՊԱԿ գեներալի որդի է, միլիարդատեր է դարձել պետական պաշտոնում և հաճախ հիշատակվում է որպես աշխարհի ամենաանժողովրդավարական առաջնորդ: Նրա անձնական կարողությունն ու կառավարության կոռուպցիան ցուցադրվել են CNBC-ի «Ալիևների ընտանիքն Ադրբեջանում» հաղորդման մեջ:

Արամ Համբարյանը հիշեցնում է, որ Իլհամ Ալիևի հետ է կապված աշխարհի ամենաաղմկահարույց սկանդալը, երբ նա ներում շնորհեց հայ սպային կացնահարած մարդասպանին, որը ցմահ բանտարկության էր դատապարտված: Մարդասպանը կացնահարել է հայ սպային քնած ժամանակ և ժամանակին այդ խայտառակ ոճրագործությունը դատապարտվեց նախագահ Օբամայի կողմից: «Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում վատագույններից է աշխարհում, ինչ ամեն տարի նշվում է Պետքարտուղարության մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում: ԱՄՆ ժողովրդավարությունը թույլ է տալիս Ալիևի ռեժիմին ազատ գործել մեր բաց հանրության շրջանակներում, սակայն, դա չի նշանակում, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է լռեն, երբ օտարերկրացի ղեկավարները միջամտում են մեր գործերին, չեն հարգում մեր իրավունքները, չեն կիսում մեր արժեքները, հատկապես, երբ փորձում են արտահանել իրենց անհանդուրժողականությունը մեր երկիր: Նահանգների ցանկացած օրենսդիր ժողովի համար ռիսկային կլիներ կոռումպացված առաջնորդների շահերի սպասարկումը: The Washington Post-ն ու մյուս ԶԼՄ-ները հայտնել են ամերիկացի քաղաքական գործիչների հասցեին սկանդալային մեղադրանքների մասին, որոնք հայտնվել են Ադրբեջանի ազդեցության տակ:

Սակայն միևնույն ժամանակ նախորդ թեկնածուն Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար արգելափակվեց ԱՄՆ Սենատում, քանի որ մտավախություն էին առաջացնում նրա անհարիր հարաբերությունները պաշտոնական Ադրբեջանի հետ»,-գրում է Համբարյանը:

ANCA գործադիր տնօրենը կոչ է անում օրենսդիրներին չենթարկվել բռնատերին ու զերծ մնալ նրա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ուղղված ատելության արշավանքից:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ամենախոշոր և ազդեցիկ ամերիկահայ կազմակերպությունն է ԱՄՆ-ում, որն իրականացնում է հասարակական գործունեություն և կապ է պաշտպանում կառավարության հետ: Կազմակերպությունը հայ ժողովրդի շահերի արտահայտողն ու պաշտպանն է ԱՄՆ-նում, կազմակերպությունը ներկայացված է տեղական, տարածաշրջանային և դաշնային մակարդակներով: ANCA-ն հիմնվել է 1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վահան Քարդաշյանի կողմից, որը եղել է Օսմանյան կայսրության նախկին հյուպատոսը Վաշինգտոնում: Սկզբում կազմակերպությունը կոչվում էր «Հայաստանի անկախությանն աջակցող ամերիկյան կոմիտե»: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, կենտրոնական գրասենյակներ կան նաև Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Կազմակերպությունն ունի շուրջ 50 ներկայացուցիչներ տեղերում և հազարավոր ակտիվիստներ, որոնք համագործակցում են աշխահի տարբեր երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքում, Կանադայում և Ավստրալիայում գործող ցանցի ներկայացուցիչների հետ: Կազմակերպության նախագահն է Քեն Խաչիկյանը:

2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարեց Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության առանց ներման հնարավորության 30 տարվա ընթացքում: 2007թ. փետրվարին Վերաքննիչ դատարանը վճիռն ուժի մեջ թողեց: 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, հաջորդ օրը նա ներում ստացավ նախագահի հրամանագրով՝ ստանալով մայորի կոչում, բնակարան և աշխատավարձ բանտում անցկացրած 8 տարիների համար: Ի պատասխան Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ըստ որոշ տվյալների, Սաֆարովն արտահանձնվեց հունգարական 2-3 մլրդ եվրո արժողությամբ եվրոպարտատոմսերը գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը հերքում է դա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---