23  Հայկական բնապատկերներ. Ազատի ջրամբար, Արարատի մարզ

Չնայած Ազատի ջրամբարը հազվադեպ է սառցակալում, այս տարի այն ամենահաստ շերտով էր սառել

Չնայած Ազատի ջրամբարը հազվադեպ է սառցակալում, այս տարի այն ամենահաստ շերտով էր սառել

PanARMENIAN.Net - Ձմռանը` արևամուտին Ազատի ջրամբարի ջրերը, զառիթափ, բուսազուրկ ափերը, դրանք շրջապատող բլուրներն ու կիրճերը ֆանտաստիկ գույներով են դիմավորում այցելուին:Ազատի ջրամբարը Երանոսի լեռնաշղթայի ներքո է: Քանի որ ջրամբարի դիրքը բավական ցածր է, ի տարբերություն Հայաստանի մյուս արհեստական ջրային ռեսուրսների, այն հազվադեպ է սառցակալում` երբ օդի ջերմաստիճանն իջնում է -15-ից: Մասնագետներն ասում են` այս ձմռանը ջրամբարն ամենահաստ շերտով է սառցակալել: Մինչև այդ այն սառել էր 2008-ին:

Ազատի ջրամբարը 24,5 մետր խորություն ունի, կարող է 70 մլն խորանարդ մետր ջուր տեղավորել, որից օգտակարը սովորաբար լինում է 60 մլն խորանարդ մետր, մակերեսը 2,85 քկմ է: Երկնքից այն մեծ փշերով ու երկար պոչով ձկան տեսք ունի` գտնվում է 55 կմ երկարություն ունեցող Ազատ (Գառնի) գետի միջին հոսանքում:

Արդեն 37 տարի` 1976 թվականից, ջրամբարը զարդարում է Արարատյան դաշտավայրը` որտեղից էլ` 1000 մետր բարձրությունից սնում է Արարատի մարզի բազմաթիվ` տարին մի քանի անգամ բերք տվող գյուղերը, որոնց բնակիչներն այն նաև լիճ են համարում` Զովաշեն անվանելով: Ջրերն օգտագործվում են նաև ձկնաբուծության ու էլեկտրաէներգիա ստանալու համար` պատճառ դառնալով ջրամբարի ցամաքելու մասին բնապահպանների ահազանգերի համար:

Նրանք, օրինակ, նշում են, որ ջրամբարում ջրի պակասի պատճառով էր 2012-ի ամռանը Սևանից աննախադեպ քանակությամբ` 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողվել: Ոլորտի պատասխանատու` տարածքային կառավարման նախարարությունից ասում են` վերահսկում են ջրամբարների, այդ թվում և Ազատի ջրամբարի ջրի ծավալները` ընդունելով, որ վերջին 2 տարիներին այն ամբողջությամբ չի լցվում:

Ջրային տնտեսության պետական կոմիտեից բացատրում են, որ վերջին տարիներին եղանակային պայմանները թույլ չեն տալիս ջրամբարը լցնել ամբողջությամբ: Պատճառն այն է, որ նախ սարերում շատ ձյուն չի լինում, եղածն էլ ջերմաստիճանի կտրուկ տաքանալուց միանգամից հալվում է ու ներծծվում հողի մեջ: Միևնույն ժամանակ, քանի որ ձնհալքն անձրևներով չի ուղեկցվում ու սելավաջրերի հոսք չի լինում, ջրամբարը մինչև վերջ չի լցվում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---