Մեկ ամսվա աշխատավարձ վճարելու նախարարի խոստումը նաիրիտցիներին չբավարարեց. Դիմեցին նախագահին

Մեկ ամսվա աշխատավարձ վճարելու նախարարի խոստումը նաիրիտցիներին չբավարարեց. Դիմեցին նախագահին

PanARMENIAN.Net - Չնայած հինգշաբթի չէր ու գործադիրն էլ նիստ չուներ, կառավարության շենքի դիմաց այսօր՝ փետրվարի 12-ին, հերթական բողոքի ցույցն էր: Այստեղ էին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, որոնց պահանջը կրկին նույնն էր՝ վճարել 15 ամիս շարունակ կուտակված աշխատավարձը, ինչպես նաև ներկայացնել գործարանի վերագործարկման և աշխատակիցներին աշխատանքով ապահովելու ժամանակացույցը, գրում է «Սիվիլնեթը»:

Քիմհսկայի աշխատակիցների նման բողոքի ցույցերը պարբերաբար բնույթի են: Աշխատավարձերը գործարանում վճարվում են երկու ամիսը մեկ, գործարանի մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը 1 մլն ԱՄՆ դոլար է: «Նաիրիտը» մոտ 4 տարի պարապուրդի է մատնված, օրական կտրվածքով անգամ չաշխատելու դեպքում 30 մլն դրամի պարտք է կուտակում: Պարբերաբար ցույցերից հետո աշխատակիցներին հիմնականում մեկ ամսվա աշխատավարձ է վճարվում:

Տարեվերջյան ասուլիսին ամփոփելով 2013-ը, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ ռուսական «Ռոսնեֆտը» մտադիր է մոտ 400 մլն դոլար ներդնել Հայաստանում նոր գործարանի կառուցման համար: Ըստ գործադիրի ղեկավարի, բանակցությունները շարունակվում են, քանի որ երկրորդ փուլը վերաբերում է «Նաիրիտին»:Արդեն փետրվարի 11-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը նշել էր, որ «Ռոսնեֆտը» լրջորեն ուսումնասիրում է Հայաստանում կաուչուկի գործարան կառուցելու հարցը:

Գործադիրի դիմաց հավաքված ցուցարարներին էր մոտեցել կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ առաջարկելով միասին գնալ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ու հարցը քննարկել նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Բայց առաջարկը զայրացրել էր նաիրիտցիներին՝ ասել էին, թե նախարարի հետ մի շարք հանդիպումներ են ունեցել, որոնք «կոնկրետ արդյունք չեն տվել»:

Քիմհսկայի աշխատակիցների պահանջն էր հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանին, նրանց խոսքով՝ դրա համար պատրաստ են այստեղ գալ ամեն օր:

Հավաքվածներից ոմանք, ի դեպ, անժամկետ գործադուլով էին սպառնում: Կարճատև բանակցություններից հետո «Նաիրիտի» մի քանի աշխատակիցներ համաձայնել էին հանդիպել նախարարին: Արմեն Մովսիսյանը նրանց խոստացել էր մեկ ամսվա աշխատավարձ վճարել:

Գործարանի հետագա ճակատագրի մասին նա աշխատակիցներին հստակ բան չէր ասել, միայն նշել, որ «Ռոսնեֆտ»-ի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ գործարանի հետագա գործարկման հարցը կախված է հենց այդ ընկերությունից, գրում է Panorama.am-ը։

Այդպիսով, իրենց բավարարող պատասխանը չստանալով, ցուցարարները երթով շարժվել էին դեպի Բաղրամյան 26` իրենց դիմում-բողոքը հանձնելու ՀՀ նախագահին:

2010-ի մայիսի 4-ին հայկական կողմի 40 տոկոս մասնաբաժնով Չինաստանում բացվել էր «Շանսի-Նաիրիտ»-ը, բացմանը ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը: 2013-ի դրությամբ «Շանսի-Նաիրիտ»-ն արտադրում է 40 մլն դոլարի քլորոպրենային կաուչուկ, և դա 9 ամսվա ընթացքում: Ստացվում է՝ հայկական կողմի մասնաբաժինը 16 000 000 մլն դոլար է, ասվում էր նաիրիտցիների ավելի վաղ տարածած գրավոր պահանջում:

Գործարանի աշխատակիցների գրավոր պահանջներին նախագահականում խոստացել էին պատասխանել առավոտյան: Աշխատակիցները որոշել էին առավոտյան հանդիպել գործարանի մոտ, գրում է «Հետքը»:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: 2010 թվականի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---