5  12.02.14 - Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի մամուլի ասուլիսը

Երևանի գլխավոր ճարտարապետը «Զվարթնոցի» հին շենքի, «Հին Երևանի» ու կրկեսի մասին

Երևանի գլխավոր ճարտարապետը «Զվարթնոցի» հին շենքի, «Հին Երևանի» ու կրկեսի մասին

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը, «Հին Երևան» նախագիծը, Համազգային թատրոնի շենքի կառուցումն ու ապագայի անելիքները։ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի մամուլի ասուլիսի հիմնական թեմաներն էին։

«Զվարթնոցի» կլոր շենքի քանդմանը Երևանի քաղաքապետարանը բացասական եզրակացություն է տվել, հավաստիացրել է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը․«Կառավարության նիստում ներկայացվեց քաղաքապետարանի կարծիքը՝ բացասական, որպեսզի հնարավորինս չկայանա քանդման գործընթացը, մինչև բազմակողմանի չվերլուծվեն այլընտրանքային տարբերակների հնարավորությունները: Ներկայացված հիմնավորումները բավարար չէին քանդման համար»,- ասել է Բարսեղյանը՝ հավելելով, որ կասկած էին հայտնել, «համառել», որ ավելի խորն ուսումնասիրություններ արվեն, փորձեն նոր գործառույթներ ներառել, որ շենքը չքանդվի, ինչին հիմա էլ են կողմ:

Ճարտարապետի խոսքով, օդանավակայանի կլոր շենքին կարելի է հասարակական նոր գործառույթներ տալ, օրինակ՝ ցուցահանդեսային, առևտրական, գրում է Panorama.am-ը։

«Այդ շենքը խորհրդային ճարտարապետության մոդեռնիստական ոճով արված լավագույն նմուշներից է: Մեզ համար շատ թանկ է, ինչի պատճառով էլ համառում ենք, որ այն չպետք է քանդվի»,- ասել է Տիգրան Բարսեղյանը:

2013-ի նոյեմբերի 11-ին Հանրային խորհուրդը (ՀԽ) քննարկման էր դրել «Զվարթնոցի» հին մասնաշենքի հետագա ճակատագրի հարցը: Հին շենքը քանդելուն դեմ էր քվեարկել խորհրդի 20 անդամ, 2-ը՝ կողմ: Առաջարկվում էր դիմել շահագործողին` խնդրելով հաշվարկներով ներկայացնել հետագա գործողությունների ծրագիրը, ուսումնասիրել հին մասնաշենքի շահագործման հնարավորությունը, ինչպես նաև քննարկել շենքը մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը:

Ավելի ուշ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը դիմել էր ՀԽ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոցի» կառավարիչը քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարվա զարգացման խնդիրները, որոնց շրջանակում անհրաժեշտություն կա վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Հանրային խորհուրդը, հաշվի առնելով հանձնաժողովնրում տեղի ունեցած քննարկումներն ու հանրայի կարծիքը, դեմ էր արտահայտվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու առաջարկին:

2014-ի հունվարի վերջին օդանավակայանի կոնցեսիոները տեղեկացրել էր, որ կրկին կուսումնասիրի մասնաշենքի վերաբերյալ հնարավոր լուծումներն ու արդյունքների մասին տեղյակ կպահի ՔԱԳՎ-ին:

Անդրադառնալով արդեն տարիներ շարունակ տեղից «չշարժվող» «Հին Երևան» նախագծին, ճարտարապետը տեղեկացրել է, որ այն փոքր-ինչ առաջ է գնացել: Տիգրան Բարսեղյանի խոսքով, ճարտարապետներով հավաքվել են, մեկ անգամ ևս քննարկել այդ հարցն ու արդեն փետրվարի վերջին կորոշվի կառուցապատողի հարցը, գրում է «Առավոտը»:

Հին Երևանի մշակութային վերացված շերտի վերականգնման հարցը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի լիազորություններում գտնվող ամենալուրջ խնդիրներից մեկն է, գրում է «Ազատությունը»։

2000-ականներից ի վեր Երևանում ապամոնտաժված նախախորհրդային շրջանի մոտ 30 շենքի վերականգնումը փակուղում հայտնված հարց է։ Քաղաքապետարանը ցանկանում է ավելի քան 15 քանդված շենք վերականգնել Գլխավոր պողոտայում, կա նախագիծ՝ «Հին Երևան», բայց դեռևս չեն գտնվում ներդրողներ այն իրականացնելու համար։

Խոսելով նախագծի իրականացման մասին՝ Տիգրան Բարսեղյանը խորհուրդ է տվել «լինել լավատես և մի քիչ էլ սպասել»։

«Հին Երևան» նախագծի հեղինակ ճարտարապետ Լևոն Վարդանյանն ավելի վաղ ռադիոկայանին ասել էր, որ մոտ 340 մետր երկարությամբ փողոց կառուցելու համար անհրաժեշտ է 120-150 միլիոն դոլար, որը պետք է ներդնեն մի քանի գործարարներ։

Գլխավոր ճարտարապետի խոսքով, պետական ներդրումներով մշակութային արժեքները վերականգնելու տարբերակն անգամ չի քննարկվել։ Մինչդեռ ժամանակին այդ շենքերը քանդվում էին պետության թույլտվությամբ, և չնայած ապամոնտաժելիս շենքերի դիմապատերի քարերը համարակալվում էին, այսօր հայտնի չէ, թե որտեղ են դրանք։

«Պետական միջոցները բիզնես ծրագրերում սովորաբար չեն ներդրվում։ Սա շահավետություն ակնկալող և պետության կողմից գնահատված ու գերակա շահ հայտարարված ծրագիր է», - ասել է Բարսեղյանը։

«Հին Երևանի» անորոշ ճակատագրին չի արժանանա Երևանի կրկեսի շենքը։ Ճարտարապետի խոսքով, այն կկառուցվի մոտակա 3 տարվա ընթացքում։ Արդեն ավարտվել են տարածքում հողային աշխատանքները, ամեն ինչ ընթանում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Վերակառուցված կրկեսը նախկին 700 նստատեղի փոխարեն կտեղավորի միանգամից 2200 հանդիսատեսի: «Նախագծերն անձամբ եմ նայել, անցել են փորձաքննության բոլոր փուլերը, պատրաստ են շինարարության թույլտվության լիազորագրման»,- ասել է Բարսեղյանը։

Ըստ նրա, առաջիկա տարիներին երևանցիները կունենան ոչ թե վերակառուցված կրկես, այլ նորակառույց շենք, որը կվերածվի շուո-հանդիսատեսային բազմաֆունկցիոնալ կառույցի։

Երևանի կրկեսը փակվել էր 2011-ի օգոստոսի 1-ին: Դրա վերականգնման աշխատանքները ֆինանսավորում է «Տաշիր գրուպ» ընկերությունը: Կրկեսի տնօրեն Հովհաննես Գասպարյանը հավաստիացրել էր, որ հիմնանորոգվելուց հետո էլ շենքը կշարունակի ծառայել կրկեսի համար: 2012-ի հուլիսի 21-ին վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով պայթեցվել էր կրկեսի գմբեթը, արդեն սեպտեմբերի 8-ին՝ ամբողջ շենքը։

Բարսեղյանը նաև անդրադարձել է Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող հատվածում Համազգային թատրոնի կառուցմանը՝ նշելով, որ այն ձգձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով: Ըստ գլխավոր ճարտարապետի, խոսքը 10 միլիոն դոլարի մասին է: «Պատվիրատուի առկայության դեպքում, նույնիսկ եթե այդ գումարի կեսը լինի, նպատակային կլինի սկսել շինարարությունը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է նախագծին, Բարսեղյանն այն բարձր է գնահատում, «կազմակերպված լուծում է ստացվել, լանդշաֆտային ճարտարապետության սինթեզ»:

Ներկայումս Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը 2012-ին սեպտեմբերի 13-ից Համազգային թատրոնի շենքի ճարտարապետական էսքիզային նախագծի մրցույթ էր հայտարարվել: Ներկայացվել էր 7 նախագիծ, որոնցից երեքը հաղթող էին ճանաչվել։ Դրանցից էլ Քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովն ընտրություն էր կատարել․ հաղթել էր ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցի ներկայացրած նախագիծը:

Որպես մայրաքաղաքի նոր ճարտարապետ Բարսեղյանն արմատական փոփոխություններ չի նախատեսում: Առաջիկա անելիքների մասին ասել է, որ քաղաքաշինական ծրագրերում հատուկ ուշադրություն է դարձվելու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հասանելիություն ապահովող ծրագրերի մշակմանը:

Անդրադառնալով վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով նոր բազմաբնակարանների կառուցմանը՝ Բարսեղյանը տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսված է նոր շենքերի կառուցում, որոնք ամբողջությամբ կլուծեն 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---