Թուրքիայի ճարտարապետության վիրտուալ թանգարանն այցելուներին ծանոթացնում է հայկական ժառանգության հետ

Թուրքիայի ճարտարապետության վիրտուալ թանգարանն այցելուներին ծանոթացնում է հայկական ժառանգության հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ճարտարապետության վիրտուալ թանգարանն այցելուներին սկսել է ծանոթացնել հայկական ժառանգության հետ: Այն ներկայացնում է առկա փաստաթղթերը, որոնք առնչվում են Թուրքիայի, ինչպես նաև համաշխարհային ճարտարապետության ժառանգությանը, որոնք մինչ այս պահվում էին արխիվներում: Բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը թվայնացված են: Վիրտուալ թանգարանը ներկայացնում է այցելուներին նաև հայկական ժառանգությունը:

Հայ ճարտարապետներն Օսմանյան կայսրության օրոք մեծ ավանդ են ունեցել պալատական համալիրների ու պաշտոնական շինությունների կառուցման գործում: Ստամբուլն այժմ անհնար է պատկերացնել առանց Սինանի, Բալյանների ընտանիքի ներկայացուցիչների հեղինակած կառույցների:

Առանձնակի տեղ են գրավում կայսրության հայ ճարտարապետների շարքում Բալյանները, որոնք 5 դար շարունակ՝ XVIII- XIX դդ., եղել են Օսմանյան կայսրության արքունական ճարտարապետները: Այդ ընթացքում նրանք բազում պալատներ, մզկիթներ ու եկեղեցիներ են կառուցել Ստամբուլում: Այդ տոհմի բոլոր ներկայացուցիչները վարպետորեն զուգակցել են եվրոպական ու օսմանյան ճարտարապետական ավանդույթները, ինչը թույլ է տվել նրանց այդքան երկար մնալ առաջատար դիրքերում:

Տոհմի հիմնադիր է համարվում ոմն Բալյանը, որին թուրքերը անվանում էին Մերեմեթչի Բալի Ղալֆա, Անատոլիայի Բելեն գյուղակից: Շուտով նա տեղափոխվեց Ստամբուլ, որտեղ և մեծ հաջողությունների հասավ արքունիքում որպես ճարտարապետ: 1725-ին նրա մահից հետո արքունական ճարտարապետի տեղը գրավեց նրա որդի Մաղարը: Նա շուտով դժգոհության առիթ տվեց ու արտաքսվեց Բայբուրտ, սակայն հետագայում ներում ստացավ և նրա որդիներ Գրիգորն ու Սենեքերիմ Բալյանները կարողացան նույնպես դառնալ արքունիքի ճարտարապետները:

19-րդ դարում Օսմանյան կայսրությունը կտրուկ շրջադարձ կատարեց դեպի Արևմուտք՝ հռչակելով Թանզիմաթ (Վերակազմավորում) 1839-ին և Իսլահաթ (Բարեփոխում) 1856-ին: Արևմտյան փոփոխությունների քամին զգացվեց նաև ճարտարապետությունում:

1883-ին հիմնվեց գեղեցիկ արվեստների կայսերական դպրոցը՝ մինչ այդ Թուրքիայում հատուկ ճարտարապետական կրթություն գոյություն չուներ:

Եվրոպացիները մի քանի նոր շենքեր նախագծեցին ու կառուցեցին, նրանք Ստամբուլ էին ժամանել կառուցելու համար իրենց երկրների դեսպանատները, իսկ հետո արդեն սկսեցին աշխատել նաև այլ նախագծերի վրա: Բալյանների ընտանիքի ճարտարապետները մասնակցեցին գրեթե բոլոր շենքերի կառուցմանը:

19-րդ դարի սկզբում արևմտյան այդ հովերի ժամանակաշրջանում Բալյանները մեծ դեր ունեցան Ստամբուլի արտաքին տեսքի վերափոխման մեջ: Նրանցից ամենահայտնին Կարապետ Բալյանն էր, որը կառուցել է մզկիթներ, քրիստոնեական եկեղեցիներ ու պաշտոնական հաստատությունների շենքեր:

Հնարավոր չէ չհիշատակել մեծն Սինանին, որը ծնվել է 1489-ին Աղրնաս գյուղում Կայսերիից ոչ հեռու հայ քրիստոնյաների ընտանիքում: Ծնվելուց նրան անվանակոչել են քրիստոնեական Հովսեփ անունով: Նրա հայրը քարտաշ էր ու հյուսն, ուստի Սինանը տակավին պատանի տարիքում լավ հմտություններ ձեռք բերեց այդ արհեստներում, ինչն էլ հետագայում ազդեց նրա կարիերայի վրա: Թոփկապի պալատի գրադարանում երեք ոչ ծավալուն ձեռագիր կա, որոնք Սինանը թելադրել է իր կենսագիր Մուստաֆա Չելեբի Սային: Այդ ձեռագրերում Սինանը բացահայտում է իր պատանեկության ու զինվորական ծառայության որոշ մանրամասներ: Նշենք, որ Թուրքիայում չեն ողջունում Սինանի հայկական ծագման մասին հիշատակությունները:

Իր կյանքի ընթացքում Սինանը մոտ 300 շենք է կառուցել՝ մզկիթներ, դպրոցներ, բարեգործական ճաշարաններ, հիվանդանոցներ, կամուրջներ, քարավան-սարայներ, պալատներ, բաղնիքներ, դամբարաններ ու շատրվաններ, հիմնական մասը՝ Ստամբուլում: Նրա ամենահայտնի շինությունների թվին են պատկանում Շեխզադեի մզկիթը, Սուլեյմանիե մզկիթը և Սելիմիե մզկիթն Էդիրներում: Նրա ոճում զգացվում է Սուրբ Սոֆիայի տաճարի ճարտարապետության ազդեցությունը: Սինանին հաջողվեց կյանքի կոչել իր երազանքը՝ վերականգնել Սբ Սոֆիայի տաճարի գմբեթը:

Սինանը մահացել է 1588-ի փետրվարի 7-ին, հուղարկավորվել է իր իսկ հեղինակած դամբարանում Սուլեյմանիե մզկիթի մոտ: Բալյանների ընտանիքից բացի, թանգարանի նյութերը պատմում են նաև Հովհաննես և Հարություն Սերվերյանների, Արամ Թաթարջյանի, Սարգիս Թաշչյանի, Երվանդ Թերզյանի ու շատ ուրիշների մասին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Խորհրդաժողովի ժամանակ կքննարկվի Թուրքիայի միակ փակ սահմանը, որն այդ կարգավիճակում է դեռևս 1993-ից
Ըստ նրա, Թուրքիան երբեք Ադրբեջանի շահերին վնասող քայլեր չի ձեռնարկի
Գլխավոր քարտուղարը կոչ է արել հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը