9  21.02.14 - ՀՀ կառավարություն. Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողով

Վարչապետ. Կուտակայինը պատասխանատու քաղաքացի ձևավորելու ռեֆորմ է

Վարչապետ. Կուտակայինը պատասխանատու քաղաքացի ձևավորելու ռեֆորմ է

PanARMENIAN.Net - Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ քաղաքացիների ու կառավարության միջև պայքարը աստիճանաբար թեժանում է:

Փետրվարի 21-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկն անգամ հաջողել է խանգարել «Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի» ընթացքը: Երիտասարդը ելույթներից մեկի ժամանակ ասել է, որ հասարակությունը դեմ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին, սակայն ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվում, տեղեկացնում է «Այսօր»-ը:

Ըստ պարբերականի, չթողնելով ավարտել խոսքը` տեղեկատվական համակարգի մասնագետ ներկայացած Անդրանիկը քաղաքացուն բռնությամբ դուրս է հանել դահլիճից` միջանցքում հայտարարելով, որ ակտիվիստներն ու լրագրողներն իրենց պահվածքով խանգարում են համաժողովի ընթացքը:

Համաժողովին, որին ներկա էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, այնուհետև դրոշներով միացել էին «Դեմ եմ»-ի անդամները` խնդրելով պատասխանել իրենց մտահոգող մի շարք հարցերի: Սակայն, կազմակերպիչները նրանց ևս դուրս են հանել դահլիճից, այդպես էլ չթույլատրելով ներս մտնել:

Մինչ ակտիիստները բողոքում էին, համաժողովը շարունակում էր ընթացքը` փորձելով բացատրել Կուտակային համակարգի կարևորությունը:

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Հայաստանում գործող կենսաթոշակային արդեն հին համակարգի հիմնական և լրջագույն թերությունն այն էր, որ քաղաքացին չի կարող հստակ իմանալ, թե պետությունն իր թոշակի անցնելու ժամանակ ֆինանսական ինչ վիճակում կլինի:

«Մեր համակարգի տրամաբանությունը հետևյալն է՝ ցանկացած աշխատող քաղաքացի կրում է պատասխանատվություն իր ծերության համար»,- ասել է նա՝ հավելելով, որ չկա աշխարհում որևէ երկիր, որտեղ նման համակարգի ներդրումը բողոքի պատճառ չդառնա:

Վարչապետը նշել է, որ կուտակայինը պատասխանատու քաղաքացի ձևավորելու ռեֆորմ է, որը հեշտ չէ. «Հասկանալի է, որ սա աշխարհի ամենաբարդ ռեֆորմն է: Այո՛, երկրում կան խնդիրներ, բայց շտկելու ճանապարհը ռեֆորմներն են»:

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցել է պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5% այդ աշխատողների անհատական հաշվին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի վճարի:

Համաժողովին կենսաթոշակային նոր համակարգը դրական է գնահատել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` չհերքելով, որ «թոշակային բարեփոխումը խնդրահարույց է»:

Ըստ դեսպանի, փոփոխությունը դժվար է ընդունվում, քանի որ Խորհրդային Միության փլուզման հետևանքով շատ հայաստանցիներ կորցրել են իրենց խնայողությունն ու հիշողությունները դեռ թարմ են:

«Դեռ ավելին, գոյություն ունի վստահության պակաս կառավարության, հայաստանյան հաստատությունների և քաղաքացիների միջև,- հավելել է Հեֆերնը: - Կառավարությունը պետք է աշխատի այս բացը լրացնելու ուղղությամբ՝ լրջորեն ներգրավելով քաղաքացիներին, շտկելով բոլոր թյուրըմբռնումներն ու լսելով և արձագանքելով վերջիններս մտահոգություններին»:

«Հավատացած ենք, որ նոր կենսաթոշակային համակարգը մշակված է՝ պաշտպանելու ապագա կենսաթոշակառուների շահերը»,- ասել է դեսպանը` կարևորելով նաև, որ կենսաթոշակային հիմնադրամները կառավարելու են ակտիվների կառավարման մասնավոր ընկերություններ, որոնք միջազգային համբավ և հաջող գործունեության երկար պատմություն ունեն. մեկը՝ ֆրանսիական, մյուսը՝ գերմանական / ավստրիական:

Փետրվարի 21-ին կուտակայինի հետ կապված անհանգստություններից մեկն էլ փորձել է փարատել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը` պատասխանելով, թե ի՞նչ տեղի կունենա կուտակված գումարների հետ, եթե Հայաստանում արժույթը փոխվի:

«Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով փոխի դառնա, օրինակ՝ եվրո, դոլար, ռուբլի, որևէ բան տեղի չի ունենա, ինչպես տեղի չունեցավ Էստոնական ֆոնդերի հետ, երբ կրոնը փոխվեց եվրոյով»,- ըստ Panorama.am-ի` ասել է Մինասյանը:

Համաժողովից մի քանի օր առաջ` փետրվարի 18-ին, ֆինանսների նախարարությունն ու Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել էին, որ ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն»: Ըստ հաղորդագրության` հունվար ամսվա վճարման վերջնաժամկետը փետրվարի 19-ն էր։

Ֆինանսների նախարարը նաև պարզաբանել էր, որ օրենքի 8-րդ հոդվածն ու ևս մի քանիսը կասեցված չեն ու որ «գործատուների գրեթե 99 տոկոսն արդեն հաշվարկել է գումարները և պահումներ կատարել իրենց աշխատակիցներից»` զգուշացնելով, որ եթե այդ գումարները չփոխանցեն կենսաթոշակային ֆոնդեր` գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության:

ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողության կասեցման որոշում էր կայացրել հունվարի 24-ի իր նիստում: Օրենքի մյուս` 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի քննության ավարտը նախատեսվում է մարտի 28-ին:

Փետրվարի 15-ին Կենսաթոշակային կուտակային համակարգին էր անդրադարձել նաև նախագահ Սերժ Սարգսյանը` այն «հասարակության համար կենսական», «կարևորագույն բարեփոխում» անվանելով ու ընգծելով, որ դրա նպատակը «ռազմավարական անորոշությունները» կրճատելն է: Նախագահը իր ելույթում նաև նշել էր, որ բարեփոխմանը չի վստահում բնակչության 80 տոկոսը:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք դիմել էին ՍԴ՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել օրենքի մի շարք դրույթներ:

Փետրվարի 10-19-ը աշխատավարձից կատարված պահումների դեմ բողոքի ակցիաներ էին կազմակերպել «Հարավկովկոսսյան երկաթուղու», «Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի», «Երևանի մետրոպոլիտենի», «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Հայաստանի ատոմային էլկտրակայանի» աշխատակիցները:

Պարտադիր կուտակայինի դեմ պայքարի ակտիվ մասնակից «Դեմ եմ» նախաձեռնությունը հերթական` այս անգամ «Լուսավորման երթը», անցկացնելու է փետրվարի 21-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---