Քոչարյանը ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցության հարցում հայ պաշտոնյաների չափ լավատես չէ

Քոչարյանը ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցության հարցում հայ պաշտոնյաների չափ լավատես չէ

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կիսում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հայ պաշտոնյաների լավատեսությունը: Նրա համոզմամբ, տնտեսությունն իներցիոն բնույթ ունի, և կտրուկ շրջադարձերն այստեղ հակացուցված են: Ինչպես նա նշել է 2rd.am-ին տված հարցազրույցում, մարդիկ իրենց բիզնեսը կառուցում ենգործող կանոնների տրամաբանությամբ, և այն վերահարմարեցնելու համար ժամանակ է հարկավոր:

«Ակնհայտ է, որ բիզնեսի որոշ տեսակներ կբարելավեն իրենց դիրքերը, որոշները կտուժեն, իսկ որոշներն ուղղակի կմեռնեն: Անհրաժեշտ է խորը և բիզնեսի համար բաց վերլուծություն ՄՄ երկրների շուկաների բոլոր ապրանքային խմբերի գծով՝ բոլոր հնարավոր հետևանքները կանխատեսելու համար: Գործարարներն ու ֆերմերները պետք է իմանան, թե որ ճյուղերում են իրենց դժվարություններ սպասում, և հակառակը՝ որում իրենք կարող են ավելացնել իրենց հնարավորությունները: Դա կօգնի նաև բանկերին ու վարկային կազմակերպություններին՝ ավելի արդյունավետ և փոքր ռիսկայնությամբ տնօրինել ֆինանսական ռեսուրսները»,- նշել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահի համոզմամբ, Եվրամիությունը կվերանայի Հայաստանի հետ առևտրում արտոնությունների համակարգը (GSP+), ինչի մասին արդեն ակնարկում են ԵՄ երկրների դեսպանները: Հարցեր կառաջանան նաև ԱՀԿ շրջանակում արդեն պայմանավորված մաքսատուրքերի փոփոխության վերաբերյալ, ինչից դժվար թե հաջողվի խուսափել: Դա կբերի հայկական ապրանքների նկատմամբ պատասխան միջոցների կիրառմանը: Իսկ թե ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության ու երկրի երկարաժամկետ ներդրումային գրավչության վրա, այնուամենայնիվ, Քոչարյանը դժվարացել է գնահատել:

Նախկին նախագահը նաև անդրադարձել է ՄՄ շրջանակից դուրս գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների գների բարձրացմանը, ինչի մասին վերջերս հաճախ է խոսվում:

Փետրվարի 14-ին քաղշիննախարարություն այցից ընթացքում պատասխանելով աշխատակիցների հարցերին, մասնավորապես՝ թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում ՄՄ-ին Հայաստանի միանալուց հետո անխուսափելի կտրուկ գնաճի մասին տարածվող տեղեկությունները, որոնք հասարակության մեջ անհանգստություն են առաջացնում, նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, որ կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ նրանից Հայաստանը միանալու է ՄՄ-ին, թե՝ ոչ:

Նախագահ Սարգսյանի խոսքով, որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է: Կտրուկ գնաճի մասին և նմանատիպ ոչ հավաստի տարբեր տեղեկությունների տարածումը Հանրապետության նախագահն անթույլատրելի էր համարել և նշել, որ պատկան մարմիններն ակտիվորեն պետք է հրապարակային մեկնաբանություններ տան ցանկացած նմանօրինակ ապատեղեկատվության տարածման դեպքում և հանրությանն առավելագույնս ներկայացնեն իրականությունն ու ճշմարտությունը:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, հաշվի առնելով սպառողական շուկայում ներմուծվող ապրանքների գերակայությունն ու Հայաստանի առևտրային բալանսի դեֆիցիտի մակարդակը՝ խոսք բավականին էական ծավալների մասին է. «Այստեղ բանաձևը շատ պարզ է. բարձրացնում ես մաքսատուրքերը՝ բարձանում է նաև խանութում ապրանքի գինը: Կամ էլ այդ ապրանքները փոխարինվում են համանման ապրանքներով՝ ՄՄ անդամ երկրներից, եթե այդպիսիք այնտեղ արտադրվում են: Օրինակ, ասենք, Բելառուսի մսամթերքն ու կաթնամթերքը Հայաստանում կարող է էժանանալ, իսկ մեր գինին ու կոնյակը՝ Բելառուսում:

Ինչպես կդիմանա այս մրցակցությանը մեր անասնապահությունը՝ ցույց կտա ժամանակը: Այլ երկրներից ներմուծվող կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի ու մեքենաների զգալի մասը կթանկանա, եթե չլինեն համապատասխան բացառություններ: Այստեղ ամեն ինչ հնարավոր է հաշվարկել և կանխատեսել, և այդ հաշվարկները պետք է հասարակությանը մատչելի լինեն»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ գների էական ավելացումը կարելի է զսպել միայն ներդնելով բացառությունների ծավալուն ցուցակ, ներդաշնակելով այն ԱՀԿ առջև Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում մաքսային գանձումների աստիճանական նվազեցմանը:

Դա, ըստ ՀՀ երկրորդ նախագահի, կախված է ՄՄ երկրների հետ անցկացվելիք աշխատանքային բանակցությունների արդյունքներից, որոնք էլ իրենց հերթին փոխադարձ պահանջներ կներկայացնեն: Դա շահերի համաձայնեցման աշխատատար գործընթաց է, և շտապողականությունը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել:

Փետրվարի 19-ին ներկայացնելով Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության ուղղությամբ էկոնոմիկայի նախարարության մասով տարվող աշխատանքները, փոխնախարար Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել էր, որ նախարարությունն արդեն կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են ՄՄ-ին անդամակցելուց հետո։ Ըստ նրա՝ բացառություն կազմող ապրանքներ ևս կլինեն:

Ցանկում մոտ 900 ապրանք կա, որոնք ավելի ցածր մաքսային դրույքաչափերով են ներմուծվում Հայաստան, քան ՄՄ համար գործող դրույքաչափերն են, բայց այն դեռևս ճշգրտվում է: Փոխնախարարի խոսքով, ՄՄ-ին անդամակցելուց հետո հնարավոր գնաճը կարող է կազմել 1.4%․ որոշ ապրանքների մասով մաքսատուրքերի դրույքաչափերի տարբերություն կա:

Առանց մանրամասն անդրադառնալու հարցին, թե Հայաստանի համար ինչ «վարկանիշային կորուստներով սկսվեց ՄՄ-ին միացումը», Քոչարյանը նշել է միայն, որ «դա այլևս չես շտկի». «Չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ ակտիվ քարոզչությամբ: Դա գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց: Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր»:

«Այսպես թե այնպես՝ ունենք այն, ինչ ունենք: Ցանկալի է, որ Մաքսային Միությանն անդամակցությունը հանգիստ ընթանա, լինի նվազագույնս քաղաքականացված և առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար»,- եզրափակել է Քոչարյանը` հետ գրությամբ ընդգծելով, որ «նրանց, ովքեր չեն կարող տեղի-անտեղի չարտահայտվել, առաջարկում է ուշադիր կարդալ, որպեսզի չստացվի այնպես, ինչպես միշտ»:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանն են անդրադարձել նաև աշխատանքային այցով Սոչի մեկնած վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը: Երկու երկրի գործադիրների ղեկավարներն խոսել են ռուս-հայկական գործակցությունից, դիտարկել, թե ինչպես են ընթանում Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ռուսական ընկերությունները կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսությունում: «Հայաստանում գործում են հազարից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ: Ներդրումների ծավալով Ռուսաստանը մեր երկրում զբաղեցնում է առաջին տեղը: Հույս ունենք, որ առաջիկայում ևս դրանք կշարունակվեն մեր երկրի տարբեր ոլորտներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալների մակարդակից՝ նշելով, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալուց հետո:

Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը բարձր են գնահատել նաև Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը: ՌԴ վարչապետը նշել է, որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանն ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, որոնք վերաբերվում են արդյունաբերական և հումանիտար գործակցությանը:

Երկու վարչապետի հանդիպմանը քննարկվել են նաև հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ գործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածնքների բնագավառների համատեղ ծրագրերը:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---