Հայ միգրատներին կթույլատրվի Ռուսաստանում 90-ի փոխարեն 150 օր մնալ

Հայ միգրատներին կթույլատրվի Ռուսաստանում 90-ի փոխարեն 150 օր մնալ

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են առանց մուտքի արտոնագրերի մասին 2000 թվականի երկկողմ համաձայնագիրը։ Ինչպես գրում է ռուսական REX գործակալությունը, մասնավորապես, որոշում է կայացվել փոփոխություններ կատարել համաձայնագրի 4-րդ հոդվածում՝ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրելով ժամանակավորապես գտնվել տվյալ երկրների սահմաններում 180 օրից 150 օրվա ընթացքում։

Նման արձանագրությունը փաստացի դադարեցնում է Ռուսաստանում միգրանտների բնակության վերաբերյալ 2014-ի հունվարի 1-ից գործող նոր կարգը։

Ըստ այդ կարգի, հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ էին մտել միգրանտների մասին օրենքի ուղղումները: Համաձայն դրանց, մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կկարողանան ՌԴ տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, նրանք կարող են կրկին երկիր այցելել 180 օրից: Մինչ այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք, և մի քանի օրից կրկին մուտք գործել ՌԴ: Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ այս քայլը թույլ կտա կրճատել ապօրինի միգրանտների հոսքը երկիր, որոնց քանակն արդեն հասնում է 3,5 մլն:

Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ էր հղել իր ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևին, որտեղ հույս էր հայտնում, թե Ռուսաստանը կվերանայի Հայաստանի համար վիզային ռեժիմը: Այսօրվա դրությամբ Երևանը ոչ մի արգելք չի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար:

«Հայաստանն ըմբռնումով է մոտենում ՌԴ ձեռնարկած միջոցներին ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու համատեքստում, սակայն հաշվի չեն առնված Մոսկվայի ու Երևանի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության կարևոր նրբությունները»,- ասվում էր Բաղդասարյանի նամակում:

Համաձայնագրում փոփոխությունները ենթադրում են, որ մուտք գործելուց 5 ամիս անց լքելով Ռուսաստանը, վերադառնալ կթույլատրվի արդեն մեկ ամսից։ Այդ փոփոխությունները կատարելու մասին արձանագրությունն այժմ հաստատվում է ՀՀ ու ՌԴ համապատասխան մարմիններում։

2014-ի փետրվարի 10-ի դրությամբ Հայաստանի 31,5 հազար քաղաքացու համար մուտքը Ռուսաստան արգելված է, օրերս տեղեկացրել էր Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակից Սվետլանա Ստեպանովան՝ հավելելով, որ վերջին 1,5 ամսվա ընթացքում ևս 8100 մարդու մուտք է արգելվել: Կան նաև «ռիսկային խմբեր», որտեղ 170 հազար քաղաքացի է ներառված:

Իմիջիայլոց, ավելի վաղ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունն օրինագիծ էին մշակել, որով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել այն օտարերկրացիներին, որոնք մինչև 10 մլն ռուբլի են ներդրել ՌԴ էկոնոմիկայի մեջ, ինչպես նաև ՌԴ քոլեջներն ու բուհերն ավարտած օտարերկրացի շրջանավարտներին, որոնք առնվազն 3 տարի աշխատել են Ռուսաստանում։ Այժմ պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու համար հիմնականում կարող են դիմել կամ այն օտարերկրացիները, որոնց ամուսինը ՌԴ քաղաքացի է, կամ նրանք, ովքեր ծնվել են նախկին ԽՍՀՄ տարածքում ու քաղաքացիություն չունեցող անձինք են: ՌԴ քաղաքացիության համար, օրինակ, կարող են հավակնել այն գործարարները, որոնք առնվազն 3 տարի աշխատել են ՌԴ-ում, եթե նրանց ամսական հասույթը 10 մլն ռուբլուց պակաս չի եղել:

Բացի այդ, քաղաքացիություն կկարողանան ստանալ այն ներդրողները, որոնց բաժնեմասը ՌԴ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս է: Ընդ որում կանոնադրական կապիտալը պետք է կազմի առնվազն 100 մլն ռուբլի:

Մեկ այլ նորամուծությունը վերաբերում է օտարերկրացի ուսանողներին, որոնք 2002-ի հուլիսի 1-ից մասնագիտական կրթություն են ստացել և քաղաքացիության համար դիմելու պահին արդեն առնվազն 3 տարի աշխատել են ՌԴ-ում:

2013-ին Հայաստանի 670 հազար քաղաքացի էր մտել Ռուսաստան: Դա 20%-ով ավելի էր 2012-ի ցուցանիշից՝ 540 հազարից: Ըստ նախորդ տարվա տվյալների, ՌԴ-ում պաշտոնապես աշխատել է մոտ 130 հազար Հայաստանի քաղաքացի, ինչը 4%-ով ավելի է 2012-ի թվերից: Նույն ժամանակահատվածում ՌԴ-ում աշխատելու համար հայաստանցիները 37,2 հազար աշխատանքի թույլտվություն ու 92,5 հազար պատենտ են ձևակերպել։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---