Էլցանցերը մոլորեցնում են սպառողներին. Ինչո՞ւ են ոմանք հունվարին նախատեսածից շատ էլէներգիա սպառել

Էլցանցերը մոլորեցնում են սպառողներին. Ինչո՞ւ են ոմանք հունվարին նախատեսածից շատ էլէներգիա սպառել

PanARMENIAN.Net - 2013-2014-ի համեմատաբար ցուրտ ձմեռը ոչ միայն տները տաքացնելու, այլև տաք անցկացրած օրերի համար վճարելու խնդիր ստեղծեց: Եթե հունվարին մարդիկ իրենց վաստակածի գերակշիռ մասը վճարեցին սովորականից ավելի շատ սպառված գազի վարձի դիմաց, ապա փետրվարին շատերի համար անսպասելիորեն մեծ էր սպառված էլեկտրաէներգիայի չափը:

Սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում բողոքներն իրար հերթ չէին տալիս` մարդիկ շտապում էին բոլորին մասնակից դարձնել վարձավճարների իրենց ոդիսականին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, սակայն, բացատրություն ուներ հունվարի վարձավճարների` սովորականից ավելի բարձր լինելու համար:

Ընկերության հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի վարչության պետ Նատալյա Սարջանյանը PanARMENIAN.Net ին ասաց, թե ավելի շատ էլեկտրաէներգիա սպառելու պատճառն այն է, որ հունվարին օգտագործված էլեկտրականությանը գումարվել էր նաև դեկտեմբերի վերջին երեք օրերինը:

«Դեկտեմբերի գույքագրումը կատարվել էր 28-ին, այդ ամսվա 29-ին, 30-ին ու 31-ին օգտագործված էներգիան գույքագրվել է հունվարին, եթե հաշվի առնենք նաև այն, որ հունվարը 31 օր էր, վարձերն ավելի շատ են եղել, ընդ որում՝ այդ ընթացքում 3 օրն եղել է ինտենսիվ սպառման օր»,- նշեց Սարջանյանը:

Այս բացատրությունը, սակայն, այնքան էլ չի բավարարում Երևանի բնակիչ Աննա Մարտինյանին (տվյալները փոփոխված են), քանի որ նրա վարձակալած բնակարանում սպառված հունվարի վարձը 11 հազար դրամով ավելի էր, քան դեկտեմբերինը, իսկ նոր տարվա նախօրեին նա տանը չի եղել ու էլեկտրականություն ինտենսիվորեն չի սպառել:

«Դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 2-ը տանը մարդ չի եղել, ընդամենը մի տաքացուցիչ էինք վառ թողել: Հունվարին էլ, քանի որ համեմատաբար տաք էր, երկրորդ տաքացուցիչը չէինք միացնում, վերջում պարզվեց` ավելի շատ պիտի վճարեմ»,- PanARMENIAN.Net ին ասաց Մարտինյանը:

Զարմացած, նա դիմել է էլէներգիայի գույքագրման պատասխանատուին, ով ասել է, որ եթե կասկածում է, կարող է տրամադրել սպառված էներգիայի քաղվածքը:

«Բնակարանը վարձով է, մենք փաստաթղթեր չունենք, ու չկարողացանք վերցնել այն, ու հիմա ստիպված եմ վճարել, թեպետ չեմ հավատում, որ այդքան վառել եմ»,- դժգոհեց Մարտինյանը:

Նատալյա Սարջանյանն ասաց, որ իրենց դիմում-բողոքներից մի քանիսի հետքերով ստուգումներ արել են, ու պարզել, որ որևէ խախտում չի եղել.

«Կոնկրետ դեպքեր ենք ուսումնասիրել, բողոքներից ոչ մեկը չի հաստատվել, հասկացել ենք, որ որևէ խնդիր չկար»:

Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, այնդուհանդերձ, դեկտեմբերի 3 օրվա սպառված էլէներգիայի ծավալը հունվարինի հետհաշվարկելն անընդունելի է համարում:

«Դա մոլորության ձև է: Այդ բացատրությամբ նրանք շեղում են մարդկանց ուշադրությունը: Հասկանելի է, որ կոմերցիոն ձեռնարկությունն ունի իր շահերը, բայց իր հաշվարկներն այն ի վնաս քաղաքացու շահերի է արել, - PanARMENIAN.Net ին ասաց Պողոսյանը: - Երբ ժամանակ է անցնում, ամեն ինչն էլ կարելի է բացատրել, անգամ թե ինչու է ավելի շատ էլեկտրականություն սպառվել: Բայց սա անհարգալից վերաբերմունք է»:

«Վճարունակ քաղաքացու համար խնդիր չէ, բայց անվճարունակ քաղաքացին, երբ անսպասելի ստանում է հաշիվ, որ ինքն ավելի շատ գումար է սպառել ու հետո իմանում, որ այդ հաշիվն անցած ամսվանն էլ է ներառում, ծանր հարված է: Իսկ անվճարունակ մարդիկ ներկայում Հայաստանում բնակչության 80 տոկոսից ավելին են»,- հավելեց Սպառողների միության նախագահը:

Նա անդրադարձավ նաև ձմռան ամիսներին ստացվող մեքենայությունների վերաբերյալ հարյուրավոր բողոքներին, որոնք իրականացնում են էլէներգիայի գույքագրման պատասխանատուները:

«Դա մեքենայություն է և պատժելի արարք, երբ տարբեր հաշվիչների լարերը փոխում են: Դիմումներ ունենք, երբ մարդիկ կասկածում են, որ իրենք վճարում են այլ մարդկանց փոխարեն, ովքեր փող են տալիս էլեկտրիկներին: Բայց դա ապացուցելն է դժվար»,- նշեց Պողոսյանը` հավելելով, որ խնդիրը լայն տարածում ունի, չի լուծվելու, քանի դեռ կարգավորված չէ Երևանի բնակարանների շքամուտքերի բարեկարգման հարցը:

Այն քաղաքացիներին, ովքեր կարծում են, որ իրենց սպառած էլէներգիան այնքան չէ, որքան գույքագրվում է, Սպառողների միության նախագահը խորհուրդ է տալիս անջատել բոլոր էլեկտրական սարքերն ու ստուգել հաշվիչը, որը պետք է հասանելի ու տեսանելի լինի (ընդ որում, եթե հաշվիչի տվյալը տեսանելի չի, արդեն խախտում է):

«Եթե էլեկտրական սարքերն անջատված հաշվիչը պտտվում է, անմիջապես պետք է զանգել Էլցանցեր: Եթե այնտեղից չգան, պետք է հարևանների հաստատմամբ դիմում կազմել, ու արդեն հրավիրել գույքագրողին, որ ստորագրի այն: Այդ դիմումի առկայության դեպքում մեր կազմակերպությունը կարող է զբաղվել ու պատժել մեղավորներին»,- եզրափակեց Պողոսյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---