Ժամականավոր հանձնաժողովը կստեղծվի ու կուսումնասիրի «գազային» բացերը

Ժամականավոր հանձնաժողովը կստեղծվի ու կուսումնասիրի «գազային» բացերը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. այսօր՝ փետրվարի 26-ին, պատգամավորները ձայների 75 կողմ, 3 դեմ ու 30 ձեռնպահ հարաբերակցությամբ կողմ քվեարկեցին կոալիցիոն ուժերի (ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի) առաջարկին:

Քվեարկությունից առաջ վարման կարգով ձայն խնդրելով, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը նշել է, որ քննարկումից հետո խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել նախագծին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարել է, որ չնայած ԲՀԿ-ն կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, բայց քվեարկությանը ձեռնպահ կմնա: Նա նաև նշել էր, որ խմբակցությունն իրեն իրավունք կվերապահի հանդես գալ հանձաժողովի աշխատանքի հրապարակային գնահատականներով:

«Ժառանգությունը» դեմ էր քվեարկել: Ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու գազի հարցով հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ հիմա քաղաքական լուրջ գործընթացներ են ընթանում, իսկ քաղաքական մեծամասնությունը «ժամանակ ձգելու» մտադրություն ունի,

«Այսպես հանրության ուշադրությունը կկենտրոնանա այս հանձնժողովի վրա, հետո էլ կշահարկվի, թե ինչ ինքնանպատակ ընդդիմություն ունենք, տեսեք` ինչ են անում»,- նշել էր Հակոբյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, նախագիծն ընդունվելու դեպքում խմբակցությունը դեռ կքննարկի` մասնակցելու է հանձնաժողովի աշխատանքներին, թե՝ ոչ: Ներկայացնելով ՀՅԴ տեսակետը հանձնաժողովի մասին, խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել էր, թե հասարակության մեջ ընկալում կա, որ հանձնաժողովները ստեղծվում են այս կամ այն հարցը փակելու, «ծածկադմփոց» անելու նպատակով, բայց այս դեպքում իրենք այդպես չեն մտածում ու կմասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին: Պատգամավորի խոսքով՝ ՀՅԴ-ն ամբողջությամբ է ներգրավվելու է այդ աշխատանքներին, միաժամանակ շարունակելով խորքային վերլուծություններ անել։

Փետրվարի 17-ին Ազգային ժողովում խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր, որը գլխավորում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Դրան կոալիցիոն ուժերը ներկայացրել էին գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Ոչ իշխանական չորս ուժերը խոստացել էին կքննարկել ու կպատասխանել դրան:

Նախորդ քառօրյային նույն չորս ուժերը գազի գնի քննարկման հարցով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ էին ներկայացրել, որին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը դեմ էին քվեարկել: Նախագծով առաջարկվում էր հանձնաժողովի շրջանակում ուսումնասիրել, թե երբ է գազի գնի դիմաց կուտակվել $300 մլն պարտքն ու որոնք են գազի մեծածախ և փոքրածախ գների զգալի տարբերության պատճառները: Այնուամենայնիվ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր հետագայում անդրադառնալ հարցին, քանի որ այն հուզում է նաև կոալիցիոն ուժերին, ու նրանք մտադիր են ստանալ հարցերի պատասխանները:

Փետրվարի 24-ին նախագծի քննարկմանը հարցով հարակից զեկուցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ նախագծով առաջարկվում է նոր ստեղծվելիք հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնփակ, ինչը ընդդիմության շարքում դժգոհություն էր առաջացրել: Ինչ վերաբերում է հանձնաժողովի կազմին, ապա այն պետք է լինի հավասարակշռված` և իշխանական, և ընդդիմադիր ուժերը պետ է ներկայացված լինեն հավասարաչափ, գրում է Panorama.am-ը:

Ըստ Հարությունյանի, հարցը քաղաքական առումով զգայուն է, և եթե հանձնաժողովի նպատակը զուտ քաղաքական դեբատները չեն, այլ սպառողի շահերի լավագույն պաշտպանությունը, ուրեմն պետք է նիստերը դռնփակ անցկացնել, գրում է Tert.am-ը:

Լևոն Զուրաբյանն ի պատասխան հայտարարել էր, որ ԱԺ մեծամասնությունը վստահությունը վերականգնելու համար ընդամենը մեկ շանս ունի, և դա հարցերին օնլայն ռեժիմով, հրապարակայնորեն պատասխանելն է:

«Հանրությունը ձեզ չի վստահում, և ուզում ենք այնպիսի հանձնաժողով, որը թույլ տա, որ հրապարակայնորեն ձեր տեսակետները երևան, և ժողովուրդը դատի՝ ով է ճիշտը, ով՝ սխալ»,- նշել էր պատգամավորը։

Փետրվարի 25-ին ավարտվելով հանձնաժողովը ստեղծելու հարցի քննարկումը, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն արտահերթ ելույթում նշել էր, որ կոալիցիոն ուժերը որևէ մտադրություն չունեն ստեղծելիք հանձնաժողովում «կոծկել» գազի պարտքի ու գնի շուրջ ծագած հարցերի մանրամասները: «ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում քննարկել ենք. նախագահը ասել է, որ եթե կան մարդիկ, որոնք չարաշահել են իրենց դիրքը, պետք է պատասխան տան»,- ասել էր ԱԺ նախագահը, գրում է «Սիվիլնեթ»-ը:

ԱԺ նախագահի խոսքով` հանձնաժողովն իր աշխատանքները կարող է ավարտել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, չնայած դրանից որպես վերջնաժամկետ նշված էր աշունը: «Համաձայն ենք, որ հունիսին լինի, չենք ուզում ձախողել»,- ասել էր Աբրահամյանը:

Խոսելով հանձնաժողովի դռնփակ աշխատանքի մասին, Աբրահամյանն ասել էր, որ որպես ԱԺ նախագահ դեմ է դրան, քանի որ դեմ է, «որ որոշ պատգամավորներ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ դեմագոգիայով զբաղվեն», գրում է «Այսօր»-ը:

Փետրվարի 24-ին ներկայացնելով նախագիծը, Դավիթ Հարությունյանը նշել էր, որ հանձնաժողովը կուսումնասիրի բնական գազի ջերմատվությունը, հարց, որ գրեթե միշտ քննարկվում է, հաշվիչների ստուգման գործընթացը, կորուստների հիմնավորվածությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը։

Հաջորդ կարևոր հարցը, ըստ նրա, գազի դիմաց կուտակված պարտքն է. «Հանձնաժողովի նպատակը ոչ թե զուտ պարտքի հիմնավորվածությունը ստուգելն է, այլ շատ ավելի լուրջ է՝ պարտքի ձևավորման օրինականության հարցը, ինչպես նաև չափի հիմնավորվածությունը»:

«Քննարկման կդրվի նաև «ՀայՌուսգազարդ» ընկերությանն օտարված բաժնեմասի գնահատման գործընթացը, ընդհանրապես բնական գազի այլընտրանքային ներկրման հարցը՝ լինի դա ռուսական կամ այլ երկրի արտադրության՝ ինչպիսին են կանխատեսումները, ինչ հնարավորություններ կան և ինչ սահմանափակումներ»,- ավելացրել էր պատգամավորը:

Ըստ Հարությունյանի՝ հանձնաժողովում ուսումնասիրման կդրվեն նաև ոչ թե միայն Հայաստան մատակարարվող գազի խնդիրը, այլև Հայաստանի հնարավորությունները՝ իբրև տարանցիկ երկիր օգտագործվելու՝ ինչպիսի իրավիճակում ենք, ինչ հնարավորություններ կան, որոնք են այդ հնարավորություններից սկզբունքորեն տեսանելի ապագայում հետագայում իրագործելի, ինչ արգելքներ կան, որ խանգարում են դրա իրականացմանը:

Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել էին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսի առուվաճառքի մասին պայմանագիրը, ելնելով ՌԴ և ՀՀ միջև կնքված միջկառավարական համաձայնագրից: Գործարքի արդյունքում «Գազպրոմն» իր բաժնեմասային մասնակցությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալին հասցրել էր 100 տոկոսի:

Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրել էր բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների մատակարարման, գազի գնագոյացման, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու մասին հայ-ռուսական համաձայնագրերը։ Այն ստորագրվել էր դեկտեմբերի 2–ին Երևանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի արդյունքում։ Համաձայն դրա` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը:

Փետրվարի 3-ին ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը ստորագրահավաք էին կազմակերպել՝ առաջարկելով խորհրդարանում գազային հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողով ստեղծել, որտեղ կներգրավվեն տարբեր ուժերի ներկայացուցիչներն ու կուսումնասիրվի 300 մլն ԱՄՆ դոլարի պարտքը, ինչպես նաև կպարզի գազի մեծածախ ու մանրածախ սակագնի տարբերության պատճառը: Ավելի ուշ ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ մերժել էր այդ առաջարկը:

2013-ի հուլիսի 7–ից Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ են գործում, որոնք հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար սակագինը կազմում է 156 հազար դրամ ամեն 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ–ն) նախկին 132 հազար դրամի փոխարեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---